a1plus.am-ը գրում է. Երեք երեխաների հայր, 40-ամյա Օնիկ Սահակյանը ընդամենը երեք օր կռվեց Արցախյան վերջին ազատամարտում՝ որպես կամավոր ճակատ մեկնեց ապրիլի 18-ին, զոհվեց ապրիլի 21-ին.
«Չէր աշխատում ինքը, քանի ամիս էր չէր աշխատում, ասեց գնամ, մինչեւ աշխատանքը կլինի, կգամ կաշխատեմ»,- ասում է զոհվածի այրի Սվետլանա Սահակյանը:
Զոհվածի քեռու կինը Օնիկին հիշեցրել է, որ երեք փոքր երեխա ունի, գուցե նրանց մասին մտածի ղարաբաղա-ադրբեջանական սահման մեկնելուց առաջ.
«Ասեց՝ ոչ, ես պիտի գնամ, իմ Հայրենիքն ասում ա, զինվորի կարիք ունի»:
Քառօրյա պատերազմից երկու օր առաջ Օնիկ Սահակյանը ՎՏԲ բանկից 150 հազար դրամի վարկ է վերցնում.
«Վարկը դրել ենք երեխաների համար, որովհետեւ տունը հացի փող չենք ունեցել: Դրանից հետո դեպքը կատարվել ա, աշխատող չունենք»,- ասում է զոհվածի մայր Հասմիկ Կիրակոսյանը:
Զոհվածի հարազատ Սարգիս Մարտիրոսյանը Օնիկի մահից հետո դիմում է բանկին, որպեսզի ինչ-որ կերպ աջակցեն վարկը չեղյալ համարելու, հաշվի առնելով, որ բոլոր մնացած բանկերը աջակցում են զոհերի ընտանիքներին, բանկը չի աջակցում.
«Ասել ռուսների իրանց բանկն ա՝ նիչիվո լիչնովո, չիստը բիզնես»:
Այսօր այս ընտանիքը մուծել է առաջին 12 հազար դրամը, կինը՝ Սվետլանա Սահակյանը չգիտի, թե ինչպես են վճարելու.
«Մենք իրա հույսով էինք, որ ինքը աշխատելու ա, ամեն ամիս վճարելու ենք: Իրա մահից հետո զանգեցին չգիտեին, որ մահացել ա, զանգեցին կանչեցին աշխատանքի»:
Բանկի աշխատակիցը պարզաբանում է, թե ինչու չեն ընդառաջել՝ Օնիկ Սահակյանը զոհվել է ապրիլի 21-ին, երբ քառօրյա պատերազմն արդեն ավարտվել էր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում