▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատեցին աշխատանքից, բայց նաև «բացեցին աչքերս»

 

Սպորտային մեկնաբան Մենուա Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ուղիղ մեկ տարի առաջ (2015թ.-ի հունիսի 9-ին) ազատվեցի Հանրային հեռուստատեսության մարզական լրագրող-մեկնաբանի աշխատանքից: Ցավալի է, երբ կորցնում ես քո ամենասիրելի աշխատանքը: Ցավալի է, երբ կորցնում ես այդպիսի սցենարով: Բայց դրա հետ մեկտեղ, գիտակցելով տեղի ունեցածը, սկսում ես նորովի գնահատել ամեն ինչ. վերագնահատել՝ ավելի ճիշտ: Սկսում ես վերագնահատել ոչ միայն կյանքում քեզ տրվածը, այլ նաեւ շրջապատդ, մարդկանց, որոնց հետո ոչ միայն շփվել ես եւ ինքդ քո մեջ պատկերացրել, որ լավագույնն ես ձեռք բերել, այն նաեւ մարդկանց, որոնց հետ հասցրել ես աշխատել:

Հենց այս առումով, որքան էլ տարօրինակ հնչի, մեծ շնորհակալություն եմ հայտնում Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը: Ազատեցին աշխատանքից, բայց նաեւ «բացեցին աչքերս» : Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ ազատվելուց առնվազն մեկ ամիս անց զգացի այն տարբերությունը, որն անձամբ պետք է կիրառեի մարդկանց հետ շփվելիս: Հասկացա նաեւ, որ այս կյանքում քո միակ հույսն ու հենարանը հենց դու ես: Ուղիղ մեկ տարի չանդրադարձա սրան, սպասեցի, ցանկացա տեսնել որոշ մարդկանց վերաբերմունքն ու արձագանքը, բայց, ցավոք, բախվեցի նրան, ինչից վախենում էի: Մեկ տարին մեծ սթրեսների, հսկայական ապրումների տարի դարձավ ինձ համար, որը հաղթահարեցի այն գիտակցությամբ, որ մարդկանց հետ չպետք է լինես այնպիսին, ինչպիսին եղել ես:

Փառք Աստծո, նման գորշ մթնոլորտում պահպանվեցին մարդիկ, գործընկերներ նաեւ, ովքեր մնացին նույն այն մարդը, որոնց ճանաչել եմ: Հիմա հենց այդ մարդկանց կարող եմ լիարժեք համարել ու անվանել իմ ընկերը: Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը եւս մեկ շնորհակալություն. Ազատելով ինձ աշխատանքից՝ ստիպեցին, որպեսզի ինձ համար սահմանեմ ավելի բարձր նշաձող: Միգուցե դանդաղ, բայց միեւնույն է, միշտ հասնում եմ իմ առջեւ դրված նպատակներին: Մեծագույն հաճույք եւ պատիվ է, որ գրեթե մեկ տարի անց, երբ քայլում էի Երեւանի փողոցներով, հասցնում էի վայելել հեռուստադիտողի հարգանքը:

Հիմա փոխվել է իրավիճակը, փոխվել են իրադարձությունները, փոխվել է նպատակը: Մեկ տարի անց կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց, այն հեռուստադիտողներին նաեւ, ովքեր մնացին իմ կողքին, որոնք անտարբեր չմնացին կարիերայիս այս փոքր ձախողմանը: Առանց պարտության երբեք հաղթանակներ չեն լինում: Սա սպորտում աքսիոմա է: Իսկ քանի որ իմ կյանքը երբեք չեմ պատկերացրել առանց սպորտի, առանց ֆուտբոլի՝ մասնավորապես, հետեւաբար այդ աքսիոմային հետեւում եմ նաեւ կյանքում: Պարտվեցի ձեւավորված ռեժիմին, բայց նաեւ բացեցի նոր հաղթանակների հեռանկարը: Շատ շուտով, փաստաթղթային մի քանի մանրամասներ կարգավորելուց հետո, կհայտնվեմ կարիերայի գագաթնակետում: Իսկ մինչեւ այդ, ցանկանում եմ բոլորիս շնորհավորել ֆուտբոլային մեծ տոնի առաջիկա մեկնարկի կապակցությամբ: Գործընկերներիս, ովքեր աշխատելու են Եվրոպայի առաջնության ժամանակ, մաղթում եմ բարի երթ, անխափան եթերներ, համբերություն ու կորով, իսկ մեզ՝ շարքային հեռուստադիտողներիս, բարձր տրամադրություն, սիրելի հավաքականների հաղթանակներ եւ ուրախության բազմաթիվ պահեր:

Սիրե՛ք ֆուտբոլը եւ ապրե՛ք ֆուտբոլով!»:

Կարդացեք նաև` Ստիպված եմ արտագաղթել երկրից, քանզի Հ1-ը ճիշտը խոսելու համար ազատել է ինձ աշխատանքից. Մենուա Մեհրաբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее