▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսուհետև ամեն տարի Հայաստանը կունենա իր գեղեցկուհուն. մեկնարկում է «Միսս Հայաստան 2020»-ը

Սեպտեմբեր ամսին կկայանա «Միսս Հայաստան 2020» գեղեցկության մրցույթը, որը կազմակերպում է Միսս Հայաստան ազգային գործակալությունը: 

/filemanager/uploads/2020/06/week-3/Miss_Armenia.jpg

Asekose.am-ը զրուցել է ազգային գեղեցկության մրցույթի կազմկոմիտեի նախագահ Մամիկոն Դանիելյանի հետ՝ մրցույթի մանրամասների, կազմակերպչական աշխատանքների, հաղթող մասնակցին տրվող մրցանակի մասին և ոչ միայն:

«Առաջին հերթին ցանկանում եմ նշել, որ մեր առաջնային նպատակը մրցույթն ամենամյա դարձնելն է: Գաղտնիք չէ, որ մինչ այս եղել են տարիներ, երբ տարբեր պատճառներով այն չի անցկացվել, իսկ այս պարագայում մեր ցանկությունն այն է, որ Հայաստանն ամեն տարի ունենա իր գեղեցկուհուն, ով կներկայացնի մեր երկիրը միջազգային մի շարք մրցույթներում, կայցելի հասարակական տարբեր վայրեր, կմասնակցի բարեգործական միջոցառումների և այլն»,- նշեց Մամիկոնը և ավելացրեց.

«Արդեն իսկ սկսվել է աղջիկների հայտերի ընդունումը, որը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի մոտ 1,5 ամիս: Ասեմ ավելին, կան հիսունից ավել աղջիկներ, ովքեր արդեն ցանկություն են հայտնել մասնակցելու գեղեցկության մրցույթին: Նշեմ նաև, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, մեծ ուշադրություն ենք դարձնում և դարձնելու ենք շրջաններում ապրող աղջիկներին: Հերթով այցելելու ենք մարզեր՝ քասթինգներ անցկացնելու: Ավելացնեմ, որ մեզ հետ լինելու են նաև մասնագետներ, ովքեր հատուկ ուշադրություն կդարձնեն աղջիկների դեմքի վրա արված պլաստիկ միջամտություններին: Նրանցից մեկը, օրինակ՝ բժիշկ-կոսմետոլոգ Միշել Տոնոյանն է»,- պատմեց Մամիկոն Դանիելյանը:

Մամիկոն Դանիելյանը շեշտեց, որ տարիների ընթացքում այլ կազմակերպիչների կողմից կազմակերպված գեղեցկության ցածրակարգ մրցույթների պատճառով շատ աղջիկների մոտ հիասթափություն և անլուրջ վերաբերմունք է ստեղծվել: Սակայն 2019թ.-ից հետո, երբ Միսս Հայաստան ազգային գործակալությունը կրկին անցկացրեց մրցույթ, շատերի վերաբերմունքը միանգամից փոխվեց, ինչի արդյունքն էլ ներկայիս ակտիվությունն է:

Մամիկոն Դանիելյանը մանրամասնեց, որ նախատեսվում է, որ մրցույթին մասնակցեն 24 աղջիկ, ովքեր համապատասխան կլինեն գեղեցկության միջազգային ստանդարտներին: Ի դեպ՝ մինչ բուն մրցույթը ընտրված մասնակիցների հետ հատուկ ծրագրով աշխատելու է հայտնի մոդել Աննա Դեմիրխանյանը:

Իսկ հարցին՝  հաշվի առնելով երկրում տիրող համաճարակը և դրա հետևանքները՝ ինչպե՞ս են կազմակերպիչները պատկերացնում մրցույթի անցկացումը, Մամիկոն Դանիելյանը պատասխանեց, որ իրենք միանգամից մի քանի տարբերակ են մշակել.

«Մրցույթի անցկացման համար մտածել ենք 4 տարբերակ. առաջինը ընդունված տարբերակն է, երբ հանդիսատեսը ներկա է գտնվում և դիտում մրցույթը: Երկրորդ տարբերակը, եթե համաճարակը չնահանջի, առանց հանդիսատես անցկացնելն է, երրորդ տարբերակը բացօթյա անցկացումն է, ի դեպ՝ նման պրակտիկա արդեն եղել է, իսկ վերջին տարբերակը, որը մեզ համար վատագույնն է, օնլայն անցկացումն է»,- մանրամասնեց Մամիկոն Դանիելյանը:

На изображении может находиться: 1 человек

Ինչ վերաբերում է գործընկերներին և միջազգային կազմակերպությունների հետ պայմանավորվածություններին, Մամիկոն Դանիելյանը նշեց.

«Արդեն սկսել ենք նամակագրությունները գեղեցկության միջազգային մրցույթների՝ «Միսս Տիեզերք»-ի, «Միսս Աշխարհ»-ի կազմակերպիչների հետ: Գուցե հնարավորություն լինի անձամբ մեկնելու և հանդիպելու նրանց բոլորի հետ: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ աշխարհում ստեղծված իրավիճակի պատճառով հնարավոր է՝ այս մրցույթներից և ոչ մեկը չանցկացվի, դեռ հստակ որոշում չկա»:

Անդրադառնալով «Միսս Հայաստան 2020» մրցույթի ժյուրիի անդմաներին, Մամիկոն Դանիելյանը հստակեցրեց, որ կոնկրետ հովանավորների հետ իրենք դեռ նախնական պայմանավորվածություններ ունեն, իսկ ինչ վերաբերում է ժյուրիի անդամներին, ապա նրանց հետ ևս Միսս Հայաստան ազգային գործակալությունը ձեռք է բերել պայմանավորվածություն.

«Եթե կան կազմակերպություններ, որոնք կցանկանան դառնալ մրցույթի աջակիցներից, ապա կարող են դիմել մեզ, մենք բաց ենք աշխատելու բոլորի հետ: Իսկ ժյուրիի անդամները շատ հայտնի հայեր են, ովքեր ապրում են թե դրսում, թե Հայաստանում: Դեռ չեմ ցանկանում անուններ նշել, քանի դեռ հստակություն չկա այս հարցում»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց  Մամիկոն Դանիելյանը:

Հիշեցնենք, որ տարբեր տարիներին տվյալ մրցույթում հաղթող են դարձել Անգելինա Բաբաջանյանը, Գոհար Հարությունյանը, Իրինա և Լուսինե Թովմասյանները, Հայկուհի Մաթևոսյանը:

Նշենք, որ բոլոր այն աղջիկները, ում 17 տարեկանը լրացել է և ով մեծ չէ 27-ից, ով ունի 1.68 և ավել հասակ,  ով մոտ է ընդունված՝ 90/60/90 չափանիշներին, կարող են իրենց մասնակցության հայտը ներկայացնել https://miss-armenia.com/ կայքում:

 

Հեղինակ՝ Ս. Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее