▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր օրգազմի համաշխարհային օրն է

Այսօր նշվում է օրգազմի համաշխարհային օրը։

Այս տոնի սիրահարները կոչ են անում այն նշել զուգընկերոջ հետ անկողնում։ Նրանք հավատում են, որ շատ մարդկանց սեռական էներգիայի դրական ժայթքումն օգտակար կլինի Երկիր մոլորակին՝ կփրկելով բնական աղետներից, պատերազմներից ու մի շարք հիվանդություններից։

Ամենևին էլ ոչ բոլոր սեռական հարաբերություններն են կանանց համար օրգազմով ավարտվում: Սակայն չբավարարվելու մասին զուգընկերոջն ազնվորեն խոստովանելու փոխարեն թույլ սեռի ներկայացուցիչները դիմում են օրգազմի իմիտացիայի, այսինքն՝ նմանակման, կեղծման: Եվ այնքան վարպետորեն են դա անում, որ տղամարդիկ նույնիսկ չեն կռահում:

Ո՞րոնք են դրա պատճառները: Սեքսի ժամանակ կանանց կողմից օրգազմի իմիտացիան հանդիպում է բավականին հաճախ: Պատճառները մի քանիսն են:

1. Դա արվում է նրա համար, որպեսզի սեքսն արագ ավարտվի: Սա ամենից տարածված պատճառն է: Գաղտնիք չէ, որ կանացի սեքսուալությունն ավելի խոցելի է, քան տղամարդունը. կնոջ սեռական ցանկության վրա ուժեղ ազդեցություն են թողնում հոգեբանական գործոնները, որոնք կապված են աշխատանքային, երեխաների հիվանդության եւ այլ խնդիրների հետ: Նման իրավիճակում նա կարող է օրգազմի իմիտացիա անել, քանի որ դա ամենապարզ միջոցն է արագ ավարտելու սեռական ակտը, որը ջանքեր է պահանջում եւ հաճույք չի պատճառում:

2. Դա անում են հանուն տղամարդու: Հաճախ է պատահում, որ կինը հաճույք է ցուցադրում, քանի որ վախենում է տղամարդուն վիրավորել խոստովանությամբ, որ սեքսի ժամանակ ոչինչ չի զգում: Կամ էլ մյուս կողմը. կինը դա անում է՝ որպես պարգև զուգընկերոջ ջանքերին: Նման վերաբերմունքն օգուտ չի բերում, սակայն կարող է խնդիրներ ստեղծել միջանձնային հարաբերություններում: Չէ՞ որ մի օր խաբեությունը կբացահայտվի: Բացի այդ, իրական վիճակը մշտապես թաքցնելը հենց կնոջը կարող է հանգեցնել հոգեբանական խնդիրների, նույնիսկ սթրեսի:

3. Ֆրիգիդ, այսինքն՝ սեռապես սառը չթվալու համար: Այս տարածված պատճառը դեպքերի մեծամասնությամբ ավելի շատ հոգեբանական խնդիրներն են, որոնք մասամբ ֆիզիկական հիմքեր չունեն. ամբողջությամբ սեռապես սառը կանայք չափազանց հազվադեպ են հանդիպում:

Դա տեղի է ունենում այն դեպքում, եթե նախկինում կնոջը սառնության մասին դիտողություն են արել, որն իր հերթին բերել է սեփական «անլիարժեքության» համար մեղքի զգացողության եւ, միջոցներ եւ ուղիներ փնտրելու փոխարեն, որոնք կօգնեին «ցնցել» զգայունությունը, նրանք օրգազմի իմիտացիայի են դիմում, որպեսզի զուգընկերն այդ մասին չիմանա:

Ամեն դեպքում, հարկավոր է ժամանակին դիմել սեքսոպաթոլոգի օգնությանը: Եվ դրա համար ամենալավ ժամանակն այն պահն է, երբ հասկանում եք, որ այդ օգնությունը ձեզ անհրաժեշտ է, եւ պատրաստ եք այն ընդունել: Նույնիսկ եթե նյարդայնանում եք այդ առիթով: Ժամանակին մասնագետին դիմելը թույլ կտա կանխարգելել հնարավոր բարդությունները»:

Անօրգազմիան կնոջ օրգազմի մշտական կամ պարբերական բնույթ ունեցող խանգարումն է: Տարբերում են օրգազմի առաջնային և երկրորդային խանգարումներ: Առաջնային անօրգազմիա ունեցող կինը երբևէ օրգազմ չի ապրել, իսկ երկրորդային անօրգազմիա ունեցողը նախկինում առանց որևէ դժվարության հասնում էր օրգազմի, բայց ժամանակի ընթացքում ինչ-որ պատճառով կորցրել է այդ ունակությունը: Անօրգազմիայով տառապող կանայք ունեն սեռական ցանկություն, հետաքրքրված են տղամարդկանցով և սեռական կյանքով, ընդունակ են էրոտիկ հաճույք զգալու, սիրախաղի ժամանակ նրանք ի վիճակի են գրգռվելու, նրանց հեշտոցը խոնավանում է՝ իբրև սեռական գրգռմանը տրվող պատասխան ռեակցիա:

Օրգազմի տևական բացակայությունը կարող է բասական ազդեցություն է ունենալ կնոջ նյարդային համակարգի և ողջ օրգանիզմի վրա, կարող է նևրոզների, սեռական ցանկության, ինչպես նաև բազմաթիվ այլ հիվանդությունների պատճառ դառնալ: Կանանց օրգազմի խանգարումները երբեմն լինում են որոշ հիվանդությունների (ծլիկի բնածին արատների, հորմոնային խանգարումների, շաքարային դիաբետի և այլն) կամ դեղերի (օրինակ՝ ճնշման դեղերի) կողմնակի ազդեցության հետևանք: Շատ են նաև հոգեբանական արմատները:

Անօրգազմիայի պատճառներից են սեռական դաստիարակության կոպիտ սխալները, ընտանեկան հակասեքսուալ մթնոլորտը:

Կանանց անօրգազմիայի պատճառ կարող է լինել նաև այն, որ շատ տղամարդիկ հոգում են միայն իրենց հաճույքի մասին և նույնիսկ չեն էլ աշխատում բավարարել կանանց:

Կնոջ օրգազմին կարող է խանգարել նաև տղամարդու կոպիտ վերաբերմունքը: Կինը մեքենա չէ, նա պիտի հոգեբանորեն և ֆիզիկապես պատրաստ լինի սեռական հարաբերությանը, հակառակ դեպքում սեռական ակտը նրա համար կլինի տհաճ եւ ցավոտ:

Տղամարդը պետք է անպայման նախապատրաստի կնոջը, հատկապես եթե դա կնոջ առաջին փորձն է: Նա չպետք է շտապի, շարժումները պետք է բավական դանդաղ, բայց վստահ լինեն: Ցանկացած կնոջը հաճելի է իմանալ, որ իր տղամարդու համար նա սիրելի ու ցանկալի է, այդ պատճառով տղամարդու կողմից փաղաքշանքներն ու հաճոյախոսությունները երբեք ավելորդ չեն լինի:

Անօրգազմիայի առաջացման մեջ մեծ դեր կարող են խաղալ նաև կենցաղային պայմանները, օրինակ՝ փոքր տան մեջ ապրելը, անհարմարավետությունը, վախը, որ ինչ-որ մեկը կարող է տեսնել, լսել… Եթե կինը չի կարողանում լիցքաթափվել, կենտրոնանալ ու վստահել իր տղամարդուն, ապա նա մեծ հավանականությամբ չի կարողանա օրգազմ ապրել:

Բազմաթիվ կանայք այստեղ իրենց խնդիրները գաղտնի են պահում, քանի որ ընդունված չէ սեռական խնդիրների մասին խոսել: Ոմանք էլ բժշկին դիմելու փոխարեն դիմում են կախարդներին ու բախտագուշակներին, զբաղվում են «հարևանաբուժմամբ»:

Կանայք, որոնք երկար ժամանակ սեռական կյանքով չեն ապրել, նաև օրգազմ «ճաշակելու» հնարավորությունից են զրկվել: Նման դեպքերում կարող են առաջանալ նևրոտիկ տարատեսակ խանգարումներ:

Իսկ այն կանայք, ովքեր ունեն կայուն սեռական կյանք և պարբերաբար օրգազմ են ապրում, սովորաբար, նման խնդիրներ չեն ունենում: Ընդհակառակը` նրանք գերազանց ինքնազգացողություն ունեն և հոյակապ տեսք ունեն: Այսպիսի կնոջ երջանկությունը ներսից է ճառագում:

Անօրգազմիայի դեպքում սեքսուալ խթանումը առաջացնում է գրգռվածություն, բայց օրգազմ լինում է կամ հազվադեպ, կամ բացակայում է ընդհանրապես: Երբեմն կանանց սեռական հարաբերությունը պարզապես հաճելի է և նրանք ունենում են որոշակի հոգեկան հանգստություն՝ առանց օրգազմի: Հաճախ կանանց մոտ անօրգազմիան անհանգստության, անքնության, ներքին լարվածության, գլխացավերի, որովայնի ստորին հատվածի շրջանում ցավի, զուգընկերոջ հետ գերդրդվածության առաջացման պատճառ է դառնում:

Սկզբնական շրջանում նման ախտանիշները ի հայտ են գալիս միայն անմիջապես սեռական ակտից հետո, իսկ հետագայում կարող է առաջացնել նևրոտիկ խանգարումներ կայուն ախտանիշներով: Ի հայտ է գալիս զուգընկերոջ հանդեպ սառնություն, հաճախ են լինում կոնֆլիկտային իրավիճակներ, մինչև անգամ փախուստ սեռական մերձեցումից: Տևական անօրգազմային վիճակը հետագայում կարող է առաջացնել փոքր կոնքում կանգային երևույթներ, որն էլ հիմք է հանդիսանում բորբոքային երևույթների համար:

Այդ պատճառով անհրաժեշտ է նշված երևույթներից խուսափելու համար ճիշտ ժամանակին դիմել սեքսոպաթոլոգի:

Երբեմն կանայք դիմում են ոչ կոմպետենտ բժիշկների, որոնց մասնագիտությունը սեռական ոլորտը չէ, և չբուժվելով` կորցնում են հավատը բժիշկների նկատմամբ: Կանանց օրգազմի խանգարումները բուժվում են մեծ արդյունավետությամբ, նույնիսկ երբ խանգարման հիմքում ընկած են խորը հոգեբանական խնդիրներ:

 

Վրեժ Շահրամանյան

Աղբյուր` ԲլոգՆյուզ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее