Nyut.am-ը գրում է.
Բոլորը կարող են վկայել, որ մեր մայրաքաղաքը ողողված է ՀՀ Պաշտպանության նախարարության պետհամարանիշեր կրող ավտոմեքենաներով: Ասում են` դրանք կրկնակի շատ են, քան նախարարության ողջ անձնակազմը` հավաքարարից մինչև նախարար: Բարեկամ, ծանոթ, ընկեր-ընկերուհի այնքան են բաժանել, որ հաշիվը կորցրել են:
Ի դեպ, սա շատ թանկ նվեր է: Որովհետև պետավտոտեսուչը երբեք չի կանգնեցնում` մեկ: Երկրորդ` կարմիր գծերի տարածքում կանգնում ես` տուգանք չի գալիս, երրորդ` խախտումդ նկարում են` չեն տուգանում: Ու նաև` «պրիստիժ» է:
Բայց հունիսի 6-ից քաղաքը մեկեն «դատարկվելու» է այդ պետհամարանիշերից: Որովհետև դա վերջնաժամկետն է: Բոլորից, ում անօրինական է տրվել, հետ են հավաքում: Անխտի´ր բոլորից: Ինչո՞ւ: Շատ չծավալվենք: Մի երկու միջադեպ ներկայացնենք:
Օրերս Սայաթ-Նովա փողոցում ՊՆ խիստ բարձրաստիճան մի պաշտոնյա քաղաքացիական հագուստով զբոսնելիս նկատում է Նիսան–Մարչ մակնիշի մի ավտոմեքենա (սա էն դամսկի փոքրիկ մեքենաներից է)` Պաշտպանության նախարարության պետհամարանիշերով: Մոտենում է ավտոմեքենայի վարորդին, ավելի ճիշտ` վարորդուհուն, սլացիկ, երկարոտն գեղեցկուհուն և հարցնում` Աղջիկ ջան, ոնց անե՞նք, որ ես էլ ՊՆ պետհամարանիշ ունենամ: Օ՜, դա շատ թանկ հաճույք է, հոպար, ասում է աղջիկը: Կես ժամ անց պաշտոնյան պարզում է, որ այդ աղջիկը իրենց համակարգից մեկի սիրուհին է, չէ´, կոպիտ ասեցինք, ընկերուհին է…
Լրատվամիջոցների ներկայացուցիչները նկատել էին, որ 200 հազար դոլար, 100 հազար դոլար արժողությամբ մի քանի ավտոմեքենաներ են շրջում ՊՆ պետհամարանիշերով, և աղմուկ էին բարձրացրել, թե այս ի՞նչ շքեղություն է, դրանցով մի քանի հատ տանկ կարելի է գնել: Նախարարությունում պարզել էին, որ դրանք իրենց մեքենաները չեն, այլ ինչ-որ անհատների… Ինչևէ: Դանակը ոսկորին հասավ: Նախարարությունը որոշում կայացրեց, և արդեն սկսել է բոլոր ՊՆ պետհամարանիշերը հետ վերցնել դրանք անօրինական օգտագործողներից: Վերջին ժամկետը հունիսի 6-ն է: Մեր տվյալներով, համապատասխան մարդիկ զանգահարել են նաև գեներալ Մանվել Գրիգորյանին և գեներալ Սեյրան Սարոյանին ու խնդրել վերադարձնել բոլոր ՊՆ պետհամարանիշերը: Երկուսն էլ ասել են, թե իրենք կխոսեն նախարարի հետ: Սակայն աշխատակիցը պնդել է, թե` հիմա տվեք, երբ նախարարը թույլատրի` կվերադարձնենք:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում