Այսօր ՀՀԿ մամուլի նոր սրահի առիթով կազմակերպված ճեպազրույցը մամուլի ասուլիսի վերածած Արմեն Աշոտյանը՝ լրագրողի այն հարցին, թե ինչու է սրահի ամբիոնի վրա գրված ՀՀԿ գրասենյակի հասցեն, մասնավորապես, նշել է. «ՀՀԿ-ն ինքնին քաղաքական լրջագույն բրենդ է, բրենդ է նաև կուսակցության հետ առնչվող հասցեն՝ Մելիք-Ադամյան 2, որը մեզ համար քաղաքական հասցե է, որտեղից իրկանացվում է ոչ միայն կուսակցության գործունեություն, այլև պետական քաղաքականությունը: Հետևելով ժամանականից քաղաքական տենդենցներին, երբ քաղաքական ուժերն օգտագործում են նաև համապատասխան հասցեներ, որոշեցինք, որ սա այն ներկայանալի հասցեն է, որով պետք է շարունակի անցնել քաղաքական լրահոսը»:
Մեկ այլ լրագրողի հարցին, թե որքան գումար է ծախսվել սրահի պատրաստման աշխատանքների վրա՝ հույս հայտնելով, որ սրահի ոսկեգույնը ոսկուց չէ, Աշոտյանը հակադարձել է. «Կարծում եմ, որ դուք ժամանակին եք եկել, եթե ոչ շուտ, տեսել եք, շոշափել եք, ես ձեզ կլքեմ, դուք կշարունակեք փորփրել, ստուգել շինարարական նյութի հաստությունը» և ամեն դեպքում ասել է թիվը՝ «Ծախսվել է 5-6 մլն դրամ»:
Հատկանշական է, որ ՀՀԿ փոխնախագահի «հումորով» պատասխանները բավականին ագրեսիվ են եղել. մասնավորապես լրագրողներից մեկի ռեպլիկին, թե «սրահն է, որ պետք է գեղեցկացնի ՀՀԿ-ին» հակադարձել է «օրինակ, դուք առավոտյան, կարծում եմ, շատ կոկիկ հագնվել, եկել եք, թեպետ ձեր ինտելեկտի հետ դա ընդհանրապես կապ չունի, բայց դուք ձեզ հետևել եք...կարծում եմ այդ օրինակը ամենացայտունն է ձեր պարագայում»:
Հեղինակ՝
Ա.Գրիգորյան