Tert.am-ը գրում է.
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը քիչ առաջ հայտարարեց, որ 2017-ի սկզբից հեռանում է քաղաքականությունից, այն դեպքում, երբ ընդամենը 1,5 ամիս առաջ մամուլում հայտարարել էր, որ 10-15 տարվա ծրագրեր ունի Ղարաբաղի հետ կապված ու այնտեղից որևէ տեղ չի հեռանալու: Մամուլում գրվել է, թե Սերժ Սարգսյանը հրահանգ է իջեցրել Բադասյան-Մանվել Գրիգորյան «դիսկուրսի» մասնակիցներին՝ վերջ տալ լեզվակռվին: Ընդ որում՝ պնդումը, թե Բադասյանը խաղում է ԼՂ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի «պասով», այնքան էլ իրականությանը չի համապատասխանում։ Ճիշտ է` Բադասյանն ու Աղաբեկյանը քավոր-սանիկ են, սակայն Հադրութի երբեմնի քաղաքապետ Վահան Բադասյանը խոր անհամաձայնություններ է ունեցել իր կուսակցի՝ ՀՅԴ-ական փոխվարչապետի հետ, ինչի արդյունքում դիմում է գրել, դուրս եկել ՀՅԴ-ից և հիմա առավելապես հարում է «Նոր Հայաստանին»: Այս առթիվ Tert.am-ը զրուցեց արցախցի հրամանատար, նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հետ:
-Պարոն Բադասյան, Արթուր Աղաբեկյանն այսօր հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից, կարծում եք դա կապ չունի՞ իր, Ձեր ու Մանվել Գրիգորյանի վեճի հետ:
- Չեմ կարծում: Ես իր հետ շփումներ չունեմ, չգիտեմ՝ ինչու է ինքը նման բան հայտարարել: Արթուր Աղաբեկյանի հետ ես միայն բարևում են հանդիպելիս: Ինքը իմ վաղուցվա մարտական ընկերն է, բայց հետագայում, ելնելով երկրի քաղաքական- պետական շահից, ես իր հետ անձնական կապերս խզել եմ:
- Այսինքն՝ բացառո՞ւմ եք, որ Մանվել Գրիգորյանի հետ ձեր միջադեպը լիներ պատճառը:
- Չեմ կարող ասել: Միգուցե դա է, միգուցե դա չէ: Հնարավոր չեմ համարում: Ցավոք սրտի, ինքն անցավ Մանվելի կողմը, սկսեց մեծարել Մանվելին, որ տեղ գտնի, ինչը փաստորեն չանցավ: Լսել եմ, որ ինքը միշտ Մանվելից բամբասում էր, բայց էս վեճի ժամանակ պաշտպանեց Մանվելին, որ իշխանությանը մոտ լինի: Ավետիսյան Վարդանը, որը փուչիկ է իր մարտական ուղիով, ատամներով պաշտպանում էր Մանվելին: Բոլոր փուչիկները սկսել են Մանվելին պաշտպանել: Աղաբեկյանն իհարկե, փուչիկ չի, պատերազմի իրական հերոս է, բայց այսօր փորձում է փուչիկների կողքին կանգնել, քանի որ նրանք իշխանավորներ են: Ավելի լավ, եթե որպես պատերազմի հերոս իր տեղում մնար, բայց չմնաց: Այսօր միայն Մանվելին է թույլատրվում Ղարաբաղում շքախմբով ման գալ: Սա նշանակում է՝ կամ Մանվելն է վախենում ազատ ման գալ, կամ էլ Սերժ Սարգսյանը ցանկանում է Մանվելով վախեցնել ժողովրդին: Բա վախեցած ժողովուրդը ինչպե՞ս պետք է գնա, կռիվ անի: Մանվելը պետք է անձամբ ներողություն խնդրի զինվորներից, ում հայհոյել է: Իմ կոչը Սերժ Սարգսյանին այն էր, որ թե Մանվելին չփչացնի մինչև վերջ, թե ինքը չփչանա: Պետք է Մանվելին դարձնել շարքային գեներալների նման մի մարդ:
- Իսկ Արթուր Աղաբեկյանի գործունեությունը ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնում ինչպե՞ս կգնահատեք:
- Այդ պաշտոնը ստեղծվել է Արթուր Աղաբեկյանի համար, նման պաշտոն նախկինում չի եղել: Ես չգիտեմ՝ իր գործունեության կոնկրետ ոլորտը որն է, իմ համար պարզ չէ: Կարելի է այդ պաշտոնը հանգիստ կրճատել:
- Հայտնի է՝ որ քառօրյա պատերազմից հետո Աղաբեկյանը գումար էր հավաքում զենքի համար, հնարավո՞ր է դա է պատճառը, որ հեռանում է:
- Ես կոնկրետ չեմ հավատում իրեն, չեմ կարող որևէ մեկին հորդորել, որ գումար տա, որովհետև ինքը «Մարտիկ» հիմնադրամ էր ստեղծել, ասում էր՝ մի քանի մլն դոլար գումար կա, բայց այդ գումարները չկան, պարզ չի, թե որտեղ են էդ գումարները: Թող գումար հավաքելը լինի կառավարության մակարդակով, ոչ թե անձի:
- Աղաբեկյանը ընդամենը 2 ամիս առաջ հայտարարում էր, որ 10-15 տարվա ծրագրեր ունի Արցախի հետ կապված:
- Ինքը բացեիբաց հայտարարում էր, որ պետք է լինի վարչապետ, նախագահ, բայց փաստորեն չի կարող լինել թե այն, թե մյուսը: Կարող է տեսավ, որ չի կարող, դրա համար հեռանում է: Ինքը հայտարարում է, որ Մանվելի ընկերն է: Իսկ քանի որ Մանվելի գործունեությունը թե՛ ներկա պահին, թե՛ անցյալում փուչիկ էր, ինքն էլ իրեն դարձրեց փուչիկ:
Առավել մնարամասն՝ սկզբնաղբյուր կայքում