armtimes.com-ը գրում է. Այսօր Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել են Առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը: Քննչական կոմիտեի տեղեկացմամբ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Սույն կեղծիքը հավանաբար տեղի է ունեցել վերը նշված պաշտոնյաների գիտությամբ կամ միգուցե՝ նախաձեռնությամբ:
Մեր տեղեկություններով, այս քրեական գործը հարուցվել է դեռեւս ամիսներ առաջ: Նույն այդ տեղեկությունների համաձայն՝ կեղծ ուղեգրերի միջոցով բյուջեից մեծ գումարներ են կորզվել:
Նշենք նաև, որ 2012-2014թթ. առողջապահության նախարարը Դերենիկ Դումանյանն էր: Ընդ որում, Սարո Ծատուրյանին այդ պաշտոնին է նշանակել հենց Դերենիկ Դումանյանը 2012թ. սեպտեմբերին: Ի դեպ Դումանյանը Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ է: Վերոնշյալ ձերբակալությունների կապակցությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Դերենիկ Դումանյանից:
- Պարոն Դումանյան, Առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել, և հարուցված քրեական գործի շրջանակներում քննվում են հենց ձեր պաշտոնավարման ժամանակ տեղի ունեցած չարաշահումները:
- Ես տեղյակ չեմ եղել:
- Խոսքը հենց ձեր պաշտոնավարման ժամանակ տեղի ունեցած լայնածավալ չարաշահումների մասին է:
- Սպասենք, տեսնենք, թե ինչի մասին է խոսքը, այդ ժամանակ էլ մեկնաբանություն կանենք:
- Այդ գործով ձեզ հարցաքննության կամ փորձաքննության չե՞ն հրավիրել:
- Իհարկե, ոչ:
- Պարոն Դումանյան, փաստորեն դուք այդքան անուշադի՞ր եք եղել, որ ձեր ղեկավարման ներքո նման չարաշահումներ են տեղի ունեցել:
- Ես չգիտեմ: Դուք էլ չգիտեք, թե ինչ է տեղի ունեցել: Ինչո՞ւ եք հիմա եզրակացություններ անում: Երբ ամեն ինչ կավարտվի, նոր դուք էլ կիմանաք, մենք էլ:
- Այո, բայց քրգործ է հարուցված, որը լուրջ հիմքեր է ունեցել: Հակառակ պարագայում այդ պաշտոնյաները չէին ձերբակալվի:
- Անմեղության կանխավարկած կա, սպասենք, տեսնենք, թե ինչ տեղի կունենա: Ես նոր եմ կայքերից տեղեկացել, որ նման բան է տեղի ունեցել:
- Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ գործով ձեզ էլ հրավիրեն հարցաքննության, մեղադրանք ներկայացնեն:
- Իհարկե՝ ոչ: Բացառվում է:
- Բայց ինչպե՞ս է հնարավոր, ոլորտում նման լայնամաշտաբ չարաշահումներ տեղի ունենան, ու նախարարն այդ մասին տեղյակ չլինի:
- Բացառվում է նման բան: Ես դեռ չգիտեմ, թե խոսքը ինչին է վերաբերում:
- Խոսքը առողջարանային կեղծ ուղեգրերի վաճառքին է վերաբերում:
- Ես չեմ պատկերացնում, թե դա ինչպես կարող է տեղի ունենալ:
- Իսկ Ծատուրյանն ինչպիսի՞ պաշտոնյա էր, նրա մոտ նման վարքագիծ չե՞ք նկատել: Ինչպե՞ս կարող էր նման լայնածավալ չարաշահումն աննկատ մնալ նախարարի աչքից:
- Բավականին բարեխիղճ, պարտաճանաչ պաշտոնյա էր:
- Ձեր մտքով չի անցե՞լ, որ նա ու մյուս աշխատակիցները կարող են նման քայլի գնալ:
- Երբեք:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում