ASEKOSE.am–ի հարցերին պատասխանում է «ArmComedy» հաղորդման հաղորդավար Սերգեյ Սարգսյանը:
-Յուրաքանչյուր հասուն մարդ հաճախ է հիշողություններով հայտնվում մանկության աշխարհում: Իսկ Դուք այնտեղ հայտնվելով` ի՞նչ տպավորիչ դեպք կհիշեք:
-Մանկությունս բավական երկար է տևել` անսպասելիորեն երկար: Մեծ մասը Թբիլիսիում է անցել, ու լավագույն մանկական հիշողություններս այնտեղից են: Դժվար է կոնկրետ դեպք հիշել` կողքի բակ թութ ուտելու գնալը, մանկապարտեզում ազգամիջյան բախումներում ինքնապաշտպանության կազմակերպումը, առաջին պաղպաղակը և այլն:
-Ի՞նչն է որոշիչ եղել Ձեր մասնագիտության ընտրության հարցում:
-Մաթեմատիկայի և ֆիզիկայի վատ իմացությունը:
-Ավելի հեշտ է մարդկանց ստիպել ծիծաղե՞լ, թե լացել:
-Լացել: Տխրելը շատ է ու ցավ ցույց տալը հեշտ է: Իսկ ծիծաղեցնել, մանավանդ դժվար պայմաններում, կարծում եմ` ավելի բարդ է ու ավելի կարևոր:
- Մարդկանց շրջանում այդչափ ծիծաղ առաջացնող մարդը հաճա՞խ է տխրում:
-Ամսական մեկ-երկու անգամ, երբ ինձ հանդիմանում են, որ տանը քիչ եմ ժամանակ անցկացնում:
-Էյնշտեյն. «Ձգտեք ոչ թե հաջողության հասնելուն, այլ նրան, որ ձեր կյանքը իմաստ ունենա»: Ինչպե՞ս եք իմաստավորում Ձեր կյանքը:
-Ստեղծված արժեքով: Փորձում եմ ստեղծել նյութական և հոգևոր ինչ-որ արժեք, որը և ինձ հաճելի կլինի (օրինակ` փառասիրությունս կբավարարի), և հասարակությանը օգուտ կտա (օրինակ` կզվարճացնի):
-Սկզբունքներ, որոնցով առաջնորդվում եք:
-Փորձում եմ ինձ դնել մյուսների տեղը նախքան ինչ-որ բան ասելը կամ քննադատելը: Փորձում եմ ցանկացած ասածիս համար հինգ-վեց րոպեանոց հիմնավորում ունենալ:
-Ի՞նչ ասեկոսեներ եք լսել Ձեր մասին, որոնք զայրացրել և զվարճացրել են Ձեզ:
-Լսել եմ, որ ռուս եմ: Զվարճացրել է:
-Ձեր հաղորդումներում հաճախ եք հանդես գալիս տարբեր կերպարնով: Իսկ ինչպիսի՞ն է Ձեր կերպարը. Ձեր խառնվածքի ո՞ր գիծն է ամբողջովին բնորոշում Ձեզ:
-Ինքնահեգնանքը, երևի: Սիրում եմ ծիծաղել ինքս ինձ վրա:
-Ի՞նչն է Ձեզ առանձնացնում մյուսներից:
-Կոշիկ ընտրելու հարցում անզիջում ցանկությունը` գտնել ոչ սուր մի տարբերակ:
-Ձեր հաղորդումները բավականին համարձակ են. քննադատում եք անխնա: Իսկ եղե՞լ են դեպքեր, որ այդ hամարձակության համար քննադատությունների ճիրանում եք հայտնվել:
-Իհարկե: Հաճախ: Ցավոք քննադատությունը միշտ չէ, որ առողջ կերպով է ընդունվում որոշ քաղաքական գործիչների կամ նրանց աջակիցների կողմից: Բայց կամաց-կամաց այդ մշակույթն էլ է մտնում մեր քաղաքական դաշտ:
-Ու ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին:
-Անհիմն քննադատություններին` վատ, հիմնավորներին` լավ: Ցավոք, քննադատողների մեծ մասը առանց փաստարկների է քննադատում:
-Եթե հնարավոր լիներ ապրել երկրորդ անգամ, ի՞նչը միանշանակ կբացառեիք Ձեր կյանքից:
-Շփումը անխելք մարդկանց հետ:
- ՀՀ-ում տիրող ներկայիս քաղաքական իրավիճակը իսկական «քոմեդի՞ » է , թե՞…
-Քոմեդի է` թաքնված դառը ծածկի տակ, որը պարզապես պետք է քաշել, հանել: