Քենիական Standard media պարբերականն անդրադարձել է Հայաստանի պատմությանն ու տեսարժան վայրերին «Հայաստանի հրաշքը» վերնագրով հոդվածում: «Բնությունը շռայլ է գտնվել Հայաստանի հանդեպ՝ նրան շնորհելով գեղեցիկ եւ կուսական բնություն։ Տեղացիների խոսքով՝ Աստված դրախտից հենց այստեղ է իջել». ահա այս տողերով է սկասվում հոդվածը, որի հեղինակը ներկայացրել է Հայաստանի այցեքարտը դարձած տեսարժան վայրերից մի քանիսը։ Հայաստանի մասին պատմական թեթև ակնարկ անելուս հետո լրագրողը անցում է կատարում Երևանին` նշելով, որ այստեղ առաջին հերթին պետք է տեսնել Հանրապետության հրապարակը։
«92-ամյա շքեղ հրապարակն, ասես, Ուոլթ Դիսնեյի պատմվածքներից դուրս եկած լինի, որին հատուկ հմայք են փոխանցում երգող շատրվանները։ Զբոսնելու եւ գիշերային լույսերի ներքո անմոռանալի ակնթարթներ վայելելու հիանալի տեղ՝ հենց քաղաքի սրտում»:
Լրագրողը հայ ճարտարապետների մտքի եւ նրանց աշխատանքների մասին խոսելիս նշել է Կասկադը, որտեղ կարելի է նստել, մեդիտացիա անել՝ վայելելով հոսող ջրերի կարկաչը։
Պարբերականը չի անտեսել նաեւ Վերնիսաժը, որտեղ կարելի է գտնել հայկական կարպետներ, ձեռագործ աշխատանքներ, արծաթյա զարդեր, նկարներ, հուշանվերներ։
Երաժշտասերներին լրագրողը խորհուրդ է տալիս գնալ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն եւ բարձրակարգ բեմադրություններ դիտել։ Իսկ նրանք, ովքեր կգնահատեն լավ խմիչքը, թող փորձեն հայկական կոնյակը։
Քենիական պարբերականի լրագրողի աչքերով՝ Հայաստանի տեսարժան վայրերի թվում են նաեւ Ջերմուկը (հատկապես հանքային ջուրը), Գառնին, Գորիսը, Տաթեւը, ինչպես նաեւ կապուտաչյա Սեւանը.
Լրագրողը վստահ է, որ առաջիկայում ինչպես Երեւանը, այնպես էլ Հայաստանի մյուս քաղաքները զբոսաշրջային ակտիվ կենտրոններ կլինեն: