▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առանձնատուն չէ, պարզապես առանձին տուն է...». Գալուստ Սահակյանի իրական առանձնատան հետքերով...

Լրատվամիջոցները մի փոքր շտապել էին՝ տարածելով իբր Գալուստ Սահակյանին պատկանող առանձնատան լուսանկարները, իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն, իրականում,  չի շտապում ավարտին հասցնել Աջափնյակ համայնքում կառուցվող իր առանձնատունը:  

Երեկ  ԱրմՌուս լրատվական կայքի հրապարակած  լուսանկարներում  պատկերված տունն, ըստ ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի, «ոչ մի առնչություն չունի ԱԺ նախագահի կամ նրա որևէ բարեկամի հետ»:

Asekose.am-ի թղթակիցները, վստահելով ԱԺ-ից պաշտոնյայի  տարածած հաղորդագրությանը, որոշեցին այցելել Աջափնյակ համայնք՝ ամեն դեպքում՝ գտնելու Գալուստ Սահակյանի  կողմից կառուցվող առանձնատունն ու Երևանի այս հատվածում Ազգային Ժողովի նախագահի պատկանող հողատարածքները:

Ըստ ասեկոսեների, Գալուստ Սահակյանի առանձնատունը կառուցվում է ու նրան պատկանող տարածքները գտնվում էին Ջանիբեկյան, Աբելյան և Շինարարներ փողոցների միջնահատվածում:

Այստեղ հասնելով՝  Asekose.am-ի թղթակիցները նկատել են ԱԺ նախագահի թիկնազորի անդամներին ու անձամբ Գալուստ Սահակյանին, ում այնպես էին շրջապատել թիկնապահները, որ վերջինս աննկատ մնա:

ԱԺ նախագահը, թերևս որոշել էր այցելել իր կիսատ թողած շինհրապարակն ու «կալվածքները»՝ երեկ համացանցում հայտնված  սխալ լուսանկարներից «ոգևորված»:   

Ինչպես հայտնեցին ու բողոքեցին Գալուստ Սահակյանի «կալվածքներ»-ի հարևանությամբ ապրող բնակիչները՝ ԱԺ նախագահին է պատկանում Աջափնյակ համայնքի նախկին ՈՒնիվերսամի տարածքը, որը այժմ ցանկապատված է, սակայն կիսով չափ վերածված աղբանոցի: Իսկ նրա առանձնատունը, ինչպես մամուլն էր գրել, իրոք շքեղ է լինելու. այն կառուցվում է Շշերի ընդունման կետի նախկին տարածքում:  

Ի դեպ, չնայած առանձնատան շինարարությունը դեռևս ավարտված չէ, այստեղ, ըստ բնակիչների, հերթապահում է Պարեկային ծառայության մեքենան:   

Իսկ  այսօր ոստիկաններն ու պարեկային ծառայության աշխատակիցները Ջանիբեկյան փողոցում ավելի նկատելի էին, քանի որ, ինչպես արդեն նշեցինք՝ Գալուստ Սահակյանը որոշել էր այստեղով անցնել...

Եվ ինչպես Գալուստ Սահակյանն, իր ոճով  կասեր իր առանձնատանը  վերագրվող  ճիշտ ու սխալ լուսանկարների մասին՝ «Դա առանձնատուն չէ, դա պարզապես առանձին տուն է...»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее