▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամեի և Արտյոմ Հակոբյանի վեճի հետքերով. ինչպե՞ս է արձագանքում Արամեն

Վերջերս  Արամեն իր հարցազրույցներից մեկում խոսել է իր և Արտյոմ Հակոբյանի համագործակցության դադարեցման մասին` նշելով, որ վերջինս իր պրոդյուսերը չի եղել, այլ պարզապես զբաղվել է ադմինիստրատիվ աշխատանքով: Երգչի այս հայտարարությունը առաջացրել էր Արտյոմ Հակոբյանի դժգոհությունը: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որում էլ մանրամասն ներկայացրել էր այն աշխատանքը, որը կատարել է երգչի հետ համագործակցության արդյունքում:

«Անշնորհակալ դրսևորում եմ համարում Արամեի կողմից նման արտահայտությունը իմ աշխատանքի վերաբերյալ՝ նա ընդամենը ադմինիստրատիվ աշխատանքով էր զբաղված: Այո՛, դա վիրավորական է ինձ համար, քանի որ 4 տարիների ընթացքում ես արել եմ այն ամենը, ինչ մտնում էր իմ պարտականությունների մեջ (ըստ մեր սկզբնական պայմանավորվածության) և դեռ շատ ավելին (մեր պայմանավորվածությունից դուրս), քանի որ համարել եմ,որ մեկ ընդանուր գործ ենք անում, և կապ չունի, թե ունեմ նման պարտավորություն թե ոչ: Չեմ կարծում, որ ադմինիստրատորի պարտականություն է՝ երգչի համար անվճար տեսահոլովակներ նկարահանելը, բոլոր տեսակի բանակցություններ վարելը, երգչի զրոյական վիճակում գտնվող սոցցանցերի կայացումը, Youtube-յան պաշտոնական ալիք ստեղծելը (որն այսօր հայ երգիչներից շատերի ալիքներից ուժեղ է), բոլոր լրատվամիջոցների հետ կապեր պահելը և հարցազրույցներ տալը, պատշաճ կերպով բոլոր համերգների բանակցությունները երաժշտական խմբերի հետ բանակցությունները և փորցերի կազմակերպումը, ֆոտոշարքերը, երգեր գտնելը, ձայնագրությունների կազմակերպումը, բոլոր հյուրախաղերի պատշաճ կազմակերպումը և երգչի պատշաճ ներկայությունը, ձայնասկավառակների թողարկումը և պրեզենտացիաների կազմակերպումը, հոնորարների բանակցությունները և էլի շատ բան, որոնք ուղղակի արվել է այս տարիների ընթացքում, հաշվի չառնելով, որ գոյություն ունեն որոշակի նախնական պայմանավորվածություններ, քանի որ, կրկնում եմ, ինձ համար կարևոր էր մեր աշխատանքի արդյունքը, որն, ի դեպ, դրական եմ համարում»։ 

Արտյոմ Հակոբյանն անդրադաձել էր նաև այն հանգամանքին, որ Արամեի հետ համագործակցության տարիներին իր կողքին է եղել «Positive Production» ընկերության տնօրենը, որը այդ տարիների ընթացքում մի քանի տասնյակ համերգային շրջագայություններ է կազմակերպել Ռուսաստանի և Եվրոպայի շատ քաղաքներում, և Արամեն եղել է այդ բոլոր համերգների առաջին մասնակիցը»:

Asekose.am-ը կապ հաստատեց ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանի հետ՝ այս հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով: Մեզ հետ զրույցի ընթացքում Սյոմա Կոդաբաշյանը նշեց. «Ես Արամեի պրոդյուսերը կամ մենեջերը չեմ, ինձ ոչ մի նման պիտակավորում պետք չէ, ես նրա ընկերն եմ, ով օգնում է աշխատանքային հարցերով:

Մեր այն հարցին՝ արդյո՞ք Արամեն տեղյակ է Արտյոմ Հակոբյանի հայտարությանը և ինչպես է մեկնաբանում այն, Սյոման նշեց.

«Արամեն այլեւս ոչ մի մեկնաբանություն չի ուզում տալ այդ թեմաների շուրջ, նա իր խոսքն է ասել, Արտյոմ Հակոբյանն էլ՝ իր, էլ ի՞նչ իմաստ ունի կրկին խոսել այդ մասին»:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее