araratnews.am-ը գրում է. Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցությունը հրապարակել է «Պանամական փաստաթղթերի» առցանց տվյալների որոնելի բազա, որը պարունակում է ավելի քան 320,000 անձանց եւ օֆշորային ընկերությունների տվյալներ, ընդհանուր առմամբ՝ 11.5 միլիոն փաստաթուղթ: Նոր հրապարակված տվյալները պարունակում են Հայաստանի Հանրապետության 37 քաղաքացու անուն: Մամուլի հրապարակումների համաձայն քաղաքացիներից մեկը ՀՀ Բնապահպանության նախկին նախարար, Ջրային տնտեսության պետաան կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն է: Մինչդեռ Ջրային տնտեսության պետական կոմիտեից հերքում են լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, որոնց համաձայն՝ պանամական օֆշորային գոտում հրապարակված անունների ցանկում կա նաև Կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի անունը (Aram Aroutiounian): «Ներկայացված ցանկում, իսկապես, կա Արամ Արոությունիան անունը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ Արամ Արոությունիանը ես չեմ: Եթե անգամ այդ ցուցակում Հայաստանի որևէ քաղաքացի կա՝ Արամ Հարությունյան անունով, ապա նրա հետ ես ոչ մի առնչություն չունեմ: Ցուցակում ընդգրկված անձերի ինքնությունը, ինչպես նաև իմ` այս հայտարարության իսկությունը շատ հեշտ է ճշտել: Խնդրում եմ իմ անունը զերծ պահել անհիմն հայտարարություններից և հերյուրանքներից»,- նշված է Ա.Հարությունյանի պարզաբանման մեջ:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում