Դալմայի այգիներով անցնող ճանապարհի գաղափարը առաջացել էր 70-ական թվականներին, այն ժամանակվանից սկսած երեք-չորս գլխավոր հատակագծերում այդ միտքը կար, սակայն այն ժամանակ ստրատեգիան, ճանապարհի նշանակությունն այլ էր, հիմա այլ է: galatv.am-ն է գրում այս մասին, որի հետ զրույցում ճարտարագետ, ինժեներ-նախագծող Արամայիս Ասլանյանը, մասնավորապես, ասել է.
«Այսինքն՝ այս ճանապարհը իր նպատակով ոչ մի հատակագծի չի հակասում, այսինքն սա օրինական է, համապատասխանում է Երևանի գլխավոր հատակագծին: Այն ժամանակ դրա նպատակն էր բեռնաթափել Երևանի ավտոճանապարհները, որովհետև այն ժամանակ արդեն պարզ էր, թե ինչ է կատարվելու՝ չվնասելով Դալմայի այգիները: Դալմայի այգիները Երևանի հարավ-արևմտյան մասի գլխավոր թոքերն էին, այնտեղ հիմնականում պտղատու այգիներ էին՝ խաղող, դեղձ բալ, այդ այգիները իրենց տեսակի մեջ պետք է պահպանվեին: Հիմա այդ հարավ-արևմտյան թոքը վերանում է: Հիմա այսօր դրված է ուրիշ բան՝ ճանապարհը կառուցել, որպեսզի Դալմայի այգիները կառուցապատվեն: Կառուցապատել, բնականաբար, էլիտար շենքերով, այլ ոչ թե սոցիալական բնակարանաշինությամբ խեղճ ու կրակ մարդկանց համար, կամ փախստականների համար, նույնիսկ Սիրիայից եկած մարդկանց համար, իսկ եթե այդ ճանապարհը կառուցվեց, այն իր հետ բերում է բոլոր կոմունիկացիոն հնարավորությունները, բերում է էլեկտրականություն, բերում է կոյուղի, բերում է խմելու ջուր, ամեն ինչ բերում է: Այսինքն՝ այստեղ կառուցվող շենքի գինը բնականաբար կթռնի շատ բարձր, այ սա է ստացվում»:
Արամայիս Ասլանյանի խոսքով՝ այսօր կառուցվող ճանապարհը կառուցվում է Դալմայի այգիների «հերն անիծելու» նպատակով, կողքից էլ, իմիջիայլոց, Երևանի կենտրոնը բեռնաթափելու նպատակով:
«Այդպես այլասերված խնդիր է լուծում այս 30-40 տարի առաջվա լավագույն միտքը: Եվ դա արվում է այս գլխավոր ճարտարապետի և իհարկե քաղաքապետի միջոցով: Իզուր չի, երբ որ ավագանու ընտրությունների ժամանակ ես նայեցի Տարոն Մարգարյանի ծրագրային դրույթները, այնտեղ ասվում էր՝ նոր թաղամաս է կառուցվելու, ու նշված էր Լենինգրադյան փողոցը, Աթենքի փողոցը, Ծիծեռնակաբերդը, բայց չի ասում՝ Դալմայի այգիների տեղը, որ տասից ութը կարող է չիմանալ՝ սա քաղաքի որ մասն է: Եթե պարզ գրեր, որ Դալմայի այգիներն է, իրեն դեմ կքվեարկեին, սա էլ նրա խորամանկությունն էր»,- ասել է Արամայիս Ասլանյանը:
Եվ դա ի նկատի ունենալով՝ ճարտարագետը վրդովված, կես կատակ-կես լուրջ առաջարկում է Երևանի անունը փոխել, դնել Խանքենդի, քանի որ, նրա խոսքով, եթե այդ անունը փոխենք, ամեն ինչ իր տեղն է ընկնում:
Հեղինակ` Լիլիթ Թադևոսյան
Աղբյուր` galatv.am