«Հայկական Ժամանակ» օրաթերթի կայքը գրում է. Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը Երեւանի ավագանու վերջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում չէր հերքել, որ իր ճկույթն ի նշան հավատարմության կտրել եւ ուղարկել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: «Դա երիտասարդ տարիների ռոմանտիզմ էր։ Հիմա չեմ ուզում դրանից խոսել»,- ասել էր Լիդեր Հովո անվամբ առավել հայտնի նախկին ոստիկանը: Հիշեցնենք, որ Հովհաննես Վարդանյանը թաղապետ նշանակվեց ՀՀԿ-ՀՅԴ Քաղաքական համագործակցության հուշագրի ստորագրումից հետո:
Արաբկիրի թաղապետի ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելուց հետո պարզ է դառնում, որ նրա հրապարակած լուսանկարներում միշտ ձախ ձեռքն ամբողջ բացվածքով չի երեւում: Հավանաբար նա հրահանգել է իր լուսանկարչին, որ խնամքով թաքցնի ձախ ձեռքի ճկույթ: Իր հերթին Հովհաննես Վարդանյանը ձեռքը կիսաբռունց է անում, կամ ավելի հաճախ աջ ձեռքի ափով ծածկում է ձախ ձեռքը:
Որպես ասվածի հավաստիք ներկայացնում ենք Լիդեր Հովոյի լուսանկարներից մի քանիսը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում