▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անուղղելիները

Կիրակի օրը ընկերներով փախանք Արցախ։ Արդեն տանն եմ։ Չէինք գնացել կամավորագրվելու։ Չէինք գնացել սելֆիներ անելու ու մեկը ես որ չեմ պատրաստվում նկարներ ու պաթետիկ ճառեր հրապարակել։ Անձամբ ինձ համար այդ կարճ այցը կարևոր էր, որպեսզի իմ աչքերով տեսնեի որոշ բաներ՝ իրավիճակը հասկանալու համար։ Տեսածներս ու լսածներս այնքան շատ էին՝ թե՛ լավ, թե՛ վատ, որ որոշեցի գրառումների շարք սկսել մեր խնդիրների մասին, որոնք կարող են մեզ կործանման տանել։ Ամենամեծ խնդիրը՝ մեղմ մասած, խայտառակ վիճակում գտնվող պետական կառավարման համակարգն ու դրա որոշ կարկառուն ներկայացուցիչներն են։

Պատերազմի 10-րդ օրն է։ Ոմանց համար այս օրերը սառը ցնցուղ էին ու ոմանք՝ իրենց ուժերի ու մտավոր ունակությունների ներածի չափով, փորձում են վերաիմաստավորել իրենց վարքը ու գործունեությունը։ Սակայն կան նաև այնպիսիք, ովքեր կարծես թե ոչ մի բան էլ չեն հասկացել։ Այ հենց իրենց մասին էլ խոսենք։



Սա Գորիս-Վայք ճանապարհի մի հատվածն է միայն։ Այսպիսի վիճակում է ստրատեգիական կարևորագույն նշանակություն ունեցող այս ճանապարհը հիմա։ Տեսեք, բաց եմ թողնում այն կարևորագույն հարցը, թե ինչու պետք է Արցախը սնուցող հիմնական ճանապարհը հասներ այս վիճակին, դրա մասին հետո կխոսենք, բայց․․․ ախր Ձեր ինչն եմ ասել, կրկնում եմ, պատերազմի 10-րդ օրն է, ինչպե՞ս կարող է ճանապարհի վերանորոգումն այս տեմպերով գնա։

Հարգելի պարոն Գագիկ Բեգլարյան, բարեբախտաբար թե՛ Ձեր, թե՛ մեր համար, Ձեր որդին չի գտնվում առաջնագծում ու առանց հեգնանքի նշույլի եմ ասում՝ բարեբախտաբար, նա չի եղել այն վիրավորների թվում, որոնց տեղափոխել են այս ճանապարհով։ Ախր դուք ո՞նց եք կարողանում քնել, եթե պատերազմի 10-րդ օրը, ռազմավարական ճանապարհն այս վիճակում է։ Բա որ վաղը լայնամասշտաբ գործողությունները սկսեցին, ո՞նց է լինելու։ Դուք կապի ու տրանսպորտի նախարար եք։ Եթե ես լինեի կապի ու տրանսպորտի նախարար, հիմա ճանապարհի այդ հատվածում կգիշերեի, որ հետևեի, որ աշխատանքները մի վայրկյան չդադարեն, որովհետև այս պահին, սա ամենակարևոր մայրուղին է, որ կա ու չեմ պատկերացնում ավելի կարևոր գործ, որ կարող էիք ունենալ այս օրերին։ Դուք անուղղելի եք, որովհետև չեք հասկանում ո՛չ անձամբ Ձեր, ո՛չ էլ նախարար ասվածի դերակատարությունը, առավել ևս՝ պատերազմի պայմաններում։ Ապացուցեք որ ես սխալ եմ և ուղղվեք, միայն ուրախ կլինեմ, եթե այդպես լինի։

Հարգելի պարոն Սուրիկ Խաչատրյան։ Տեսեք, անգամ մականունով չեմ դիմում։ Դուք այդքան փափագում էիք նորից մարզպետ լինելու մասին։ Ձեզ նորից նշանակեցին մարզպետ։ Ճանապարհի այս հատվածը Ձեր մարզում է, իսկ ո՞ւր էիք դուք։ Ոմանք ասում էին, որ առաջնագծում էիք, ոմանք էլ ասում էին Ստեփանակերտից այն կողմ չեգ գնացել, բայց հարգելի պարոն մարզպետ, դուք գիտակցո՞ւմ եք, որ դուք մարզպետ եք ու մարզպետի ֆունկցիոնալ դերակատարությունը շատ պատասխանատու ու ծանր բան է։ Գուցե վատ բան եմ ասում, բայց սահմանի վրա, որպես կամավոր, դուք ավելի օգտակար չեք, քան հազարավոր այլ կամավորները, իսկ մարզպետներ մենք ունենք ընդհամենը մեկ տասնյակ ու առանց նրանց ճիշտ կառավարման, այդ հազարավոր կամավորներին ու կանոնավոր բանակին օգնելը շատ ավելի բարդ է։ Պարոն Խաչատրյան, բերեք թարգեք ֆիդայինական փիառ ակցիան, վերադարձեք Սյունիք ու ձեր կյանքում մեկ անգամ ապացուցեք, որ դուք բացի մարդկանց ծեծել-սպանելուց, մեկ էլ լավ քվեներ բերելուց, ինչ որ այլ հարցում էլ կարող եք պիտանի լինել։ Ես կարծում եմ, որ դուք անուղղելի եք, ապացուցեք, որ ես սխալվում եմ։

Հարգելի կապալառու ընկերություն, որը հիմա իրականացնում է այս աշխատանքները ու որը, ըստ օդում կախված խոսակցությունների՝ պատկանում է Հերմինե Նաղդալյանին։ Դուք հո՞գս եք։ Ոնց որ խրամատներ փորած լինեք ու ասենք էս նեղմաջալին ավելի լավ էր սկզբում մի գիծը լրիվ քերեիք ու արագի մեջ ասֆալտ անեիք հետևից, իսկ հետո մյուսը։ Չգիտեմ, ճանապարհային շինարարության գիտակ չեմ, բայց վստահ եմ, որ պատերազմական պայմաններում 10 օր այսպիսի վիճակում ճանապարհ պահելու համար գնդակահարություն ա հասնում։ Դուք անուղղելի եք, բայց ուրախ կլինեմ, եթե ապացուցեք հակառակը։

Սա միայն ճանապարհի մասով․․․

Շարունակելի, միանշանակ շարունակելի, որովհետև սա դեռ ամենափոքր խնդիրն էր ու ամենափոքր օրինակներն էին։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее