«Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրել է.
«Ես անկեղծորեն կարեկցում եմ այն մարդկանց, ովքեր ստիպված են պաշտպանել իշխանություններին, արդարացնել նրանց քայլերը, դրական փոփոխություններ տեսնել մեր կյանքում: Այդ մարդիկ 2 կատեգորիայի են բաժանվում` նրանք, ովքեր շատ լավ հասկանում են, թե ինչ ավերածություններ են տեղի ունեցել 6 տարում, բայց ի պաշտոնե, իրենց կարգավիճակից կամ ինչ-ինչ արտոնություններ չկորցնելու համար են դա անում եւ նրանք, ովքեր դեռ շարունակում են սիրել-հավատալ-վստահել-հույս կապել ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մարդիկ ստիպված են աչք փակել, օրինակ, Արցախը հանձնելու փաստի վրա եւ կենտրոնանալ տեղական նշանակության մի փաստի վրա:
Օրինակ, մեկն ասում էր` տես, նախկինները վարչապետի անվան մրցաշարեր չէին կազմակերպում, Փաշինյանը կազմակերպում է` խրախուսում է առողջ ապրելակերպը: Մի ուրիշը, որ Տավուշից հող հանձնելու մասին ձկան պես լուռ էր, ոգեւորված էր այն փաստով, որ իրենց բակում 70-ականներին կառուցված ինչ-որ գարաժներ են քանդել` տեղը խաղահրապարակ սարքեն:
Մի երրորդն ասում էր` ճիշտ է, ամեն օր սպանությունների, ծեծուջարդի մասին լուրեր ենք կարդում, բայց մեր հարեւան Սերոժը ժամանակին ավտոն ճռռացնելով էր բակ մտնում, հիմա ավտոյի ու իր ձայնը չենք լսում: Գուցե այս մարդկանց մեջ կան նաեւ այնպիսիք, որոնց համար 5 հազար տղա զոհվելն ու հարյուր հատ ծառ տնկելը համարժեք իրադարձություններ են` մեկը մյուսին չեզոքացնող։ Բայց վստահ եմ, որ նման կերպ մտածողների մեծ մասն ըմբռնում է իր համեմատությունների աբսուրդայնությունն ու գիտակցում, որ մենք այսօր շատ վատ իշխանություն ունենք, որի ժամանակ համակարգեր են քանդվել, արժեքներ են կործանվել, մարդիկ են զոհվել, եթե անգամ չխոսենք հող հանձնելու մասին»: