▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամո՛թ, հավիտենական ամո՛թ հայերին... Զարուհի Փոստանջյան

Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ԱԺ  մայիսի 21-ի նիստում.

«Հայ մեծանուն գրող Ռաֆայել Պատկանյանի «Վարդապետարան Հայաստանի Ազատության» աշխատությունը, որը լույս է տեսել 1889 թվականին, պատասխանում է այսօր մեզ հուզող մի շարք հարցերի: Մեջբերում եմ'

«Ամո՛թ, հավիտենական ամո՛թ հայերին: Կիսագազան սևամորթ ստրուկը հիմնեց իր անկախ Լիբերիա պետությունը ու դարերով հալածված ջհուդը փողի ուժով իրեն սեփականություն դարձրեց Պաղեստինի 2/5 մասը, իսկ անհոգ հայերն իրենց հարազատ դրախտ Հայաստանի մեջ մեկ թիզ անկախ խորշ չունին...

Հարց. Ի՞նչ պատճառով հայոց անկախությունը 4 անգամ կորսվեց:

Պատասխան. Հայերի անկախության 4 անգամ կորչելու պատճառները միևնույնն էին. Նախ՝ Հայաստանի հողը պատկանում էր 300-400 մեծամեծերի (նախարարների) և ոչ թե իր միլիոնավոր ժողովրդին, և երկրորդ՝ հայերի խելքը չկտրեց ազգային դրական օրենքներ հորինելու: Հայոց ազգը չուներ ոչ սեփական հող և ոչ օրենք:.. Հայ ազգի համար օտարների լուծը ոչնչով ավելի ծանր ու դառը չէր, քան համազգի նախարարների լուծը:

Հարց. Ո՞րն է ավելի շատ արյան և փողի զոհ պահանջում հայերից՝ թշնամու հետ պատերազմը, թե՞ այժմյան խաղաղ ստրկական վիճակը:
Պատասխան. Այն ստոր, արտասվելի, անընդունելի վիճակը, որի մեջ են այժմ հայերը, ավելի շատ արյան և փողի (նյութական) զոհ է պահանջում հայերից, քան դեմ առ դեմ պատերազմը թրքերի, քրդերի ու չերքեզների հետ: Տարեցտարի հազարավոր հայեր են մորթվում և միլիոնների փող և ապրանք են կողոպտվում, հափշտակվում, գողացվում, փչացվում անպաշտպան, փոքրոգի հայերից:

Հարց. Միթե կարող է Հայաստանը երբևիցե հայերի սեփականությունը դառնալ:
Պատասխան. Այո´, կարող է. անշուշտ կդառնա նա հայերի սեփականությունը, եթե բոլոր հայերը՝ այր ու կին, հարուստ ու աղքատ, ծեր ու պատանի այնպես բաղձան ու ձգտեն Հայաստանի ազատության, ինչպես քաղցածը ձգտում է հացին ու ծարավածը՝ ջրին:

Հարց. Ճշմարի՞տ է, որ ասում են, թե ազգը ստրկությունից ազատելու համար պետք է մեծամեծ վտանգների ենթարկվել ու պետք է ահագին փող վատնել:
Պատասխան. Այո´, շատ ճիշտ է: Եթե ազատագրողները 2-3 հոգի լինեն, վտանգը շատ մեծ է ու կորուստն՝ անխուսափելի, զոհերն էլ՝ մարդկային ուժից վեր, բայց եթե ամբողջ ազգը մասնակցի, այն ժամանակ և´ վտանգը, և´ զոհողությունն այն աստիճան կթեթևանան, որ ամեն մի անհատին գրեթե անզգալի կթվան…»-մեջբերման ավարտ:

Այսօր մեր ժողովուրդը քաղցած է և ծարավ, նրան խեղդում է ազատության ծարավը: Նրա գիտակցության մեջ տեղի է ունեցել հեղափոխություն, նա գիտի իրեն հուզող հարցի պատասխանը. «Ինքը՝ հայ ազգը, պիտի ազատէ Հայաստանը օտարների
ձեռքէն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее