hraparak.am-ը գրում է. Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախկին նախագահ, այժմ Արգենտինայում ու Չիլիում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանը օրերս 4-րդ որդին է ունեցել: Մեր տեղեկություններով՝ դեսպանի կինը՝ հայտնի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի դուստրը՝ Նանան, հղիության վերջին ամիսներին ժամանել էր Երեւան, իսկ Ալեքսան Հարությունյանի Հայաստան գալու հաջորդ օրն էլ ծնվել է նրանց 4-րդ որդին: Ալեքսան Հարությունյանը հայտնեց, որ որդիներին անվանել է աստվածաշնչյան անուններով՝ Դանիել, Դավիթ, Ռուբեն ու ահա նորածնին էլ անվանել են Մարկոս: Կնոջ ու որդու առողջական վիճակը լավ է, արդեն դուրս են գրվել, նրանք կտեղափոխվեն արտերկիր բալիկի մի քիչ մեծանալուց հետո: Թե որն է 4 որդի ունենալու «գաղտնիքը», դեսպանը չգիտի, բայց խոստացավ իմանալուն պես այն հայտնել «որդիամոլ» հայ տղամարդկանց: Ալեքսան Հարությունյանն ասաց, որ իր համար ընդհանրապես էական չէ երեխայի սեռը, երբեք չի էլ մտածել, թե ինչ երեխա կունենան: Այսքանով բազամազավակ ծնողները չեն սահմանափակվի, դեռ պատրաստվում են էլի երեխաներ ունենալ, աղջիկ, թե տղա՝ տարբերություն չկա, թեեւ երջանիկ կլիներ դուստր ունենալ:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում