Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունն այսօր հայտարարություն է տարածել հունիսի 9-ին Բաքվում Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ հայ Մարատ Ուելդանովի ձերբակալության մասին: Դեսպանատան հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ հունիսի 23-ին Ադրբեջանի ԱԳՆ-ից նոտա է ստացվել, որտեղ հաղորդվում է հունիսի 9-ին անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանովին ձերբակալելու մասին, որը կասկածվում է անօրինական ճանապարհով ու վաճառքի մտադրությամբ մեծ քանակությամբ թմրանյութ ձեռք բերելու կամ պահելու մեջ։
Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ մի քանի օր անց դեսպանատուն է դիմել քաղաքացուհի Մարիաննա Միրզոյանը, որը հայտարարել է, որ ձերբակալվածը նրա եղբայրն է, ու նրա իրական ազգանունը Գալուստյան է: Կինը նաեւ հայտնել է, որ եղաբյրը իրականում ձերբակալվել է ոչ թե թմրանյութերի անօրինական շրջանառության համար, այլ լրտեսության մեջ կասկածանքով:
Դեսպանատունն անմիջապես աշխատանքային կարգով դիմել է Ադրբեջանի իրավասու մարմիններ՝ խնդրելով համապատասխան պարզաբանումներ տրամադրել եւ թույլ տալ, որ հյուպատոսական բաժնի աշխատակիցներն այցելելեն Ռուսաստանի քաղաքացուն:
Ռուսաստանյան մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Ուելդինովը հանդիսանում է ավստրիական Do/Co ընկերության ներկայացուցիչը, որը զբաղվում էր «Formula 1 մրցաշարի ժամանակ մասնակիցների սննդի մատակարարմամբ: Ավելի վաղ՝ 2015 թվականին, Ուելդինովը Բաքվում է եղել Եվրոպական առաջին խաղերի կապակցությամբ, սակայն խնդիրների չի հանդիպել: Ուելդինովի քույրը պարզաբանել է, որ եղբայրը 1982 թվականին ծնվել է Բաքվում եւ ամուսնանալուց հետո վերցրել է կնոջ ազգանունը: Այդ իսկ պատճառով խնդիրներ չի ունեցել Ադրբեջանում:
Մարիաննա Միրզոյանի համոզմամբ, նկատի առնելով, որ եղբայրը ծնվել է Բաքվում, հավանաբար, մարդիկ են եղել, ովքեր ճանաչել են Մարատին եւ նրա հայկական ծագման մասին հայտնել Ազգային անվտանգության մարմիններին: Վերջիններս էլ ազգությամբ հայի նկատմամբ խտրական վերաբերմունքի համար հերթական անգամ աշխարհի առաջ չխայտառակվելու համար, հավանաբար, որոշել են թմրանյութերի իրացման շինծու մեղադրանք ներկայացնել նրան: