Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով հարավկորեական ԶԼՄ-ներին, տեղեկացնում են, որ պաշտոնական Բաքուն ցանկանում է 3 միլիարդ արժողությամբ սպառազինություն գնել հարավային Կորեայից: Ըստ նույն աղբյուրի` Հարավային Կորեայի ԱԳՆ-ն, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելն ու տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտման հնարավորությունը, իր երկրի պաշտպանական գերատեսչությանը խորհուրդ է տվել համապատասխան որոշում կայացնելիս «հատուկ զգուշավորություն և զսպվածություն ցուցաբերել»: Այս պահի դրությամբ՝ պաշտոնական Սեուլը դեռ չի պատասխանել Ադրբեջանի առաջարկին:
Հարավային Կորեան, կարծես թե, միակ պետությունն է, ում Ադրբեջանը նման արժողությամբ սպառազինության գնման համար դիմել է, սակայն այդ երկիրը փորձում է մանրակրկիտ ուսումնասիրել գործարքը՝ հասկանալու, թե ինչ ազդեցություն կունենա այն տարածաշրջանի վրա: Հատկանշական է, որ լրատվամիջոցների տեղեկացմամբ, Ադրբեջանը, հիմնականում, ցանկանում է ռազմածովային ուժերի համար նախատեսված սպառազինություն գնել:
Հետաքրքիր զուգադիպությամբ՝ այս տեղեկությունը հաջորդեց ավելի վաղ ՌԴ-Ադրբեջան մեկ միլիարդ դոլար արժեղությամբ ռազմական գործարքի մասին տեղեկատվությանը, որի շրջանակներում Ռուսաստանը մի քանի տարվա ընթացքում Ադրբեջանին է վաճառելու ցամաքային զորքերի հզորացման համար նախատեսված ժամանակակից սպառազինություն: Ավելին, վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարած այցի շրջանակներում, Իլհամ Ալիևը նախագահների համատեղ ասուլիսում հայտարարեց, որ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը հասել է 4 միլիարդ դոլարի:
Զուգահեռներ տանելով Ադրբեջանին սպառազինություն վաճառելու վերաբերյալ Հարավային Կորայի ու Ռուսաստանի մոտեցումների միջև տարօրինակ իրավիճակի ենք դեմ առ դեմ հանդիպում: Մեր ռազմավարական դաշնակիցը Ադրբեջանին մեկ միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության գործարքը զուտ «բիզնես» է որակում, իսկ Հարավային Կորեան, ով մեր տարածաշրջանում ընդգծված շահեր չունի, նույնիսկ նման շահավետ գործարքի դեպքում չի շարժվում զուտ «բիզնես» տրամաբանությամբ:
Ավելին, ՌԴ-ն ոչ միայն Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ով տրամաբանորեն պետք է առավել շահագրգռված լինի տարածաշրջանային կայունությամբ ու անվտանգությամբ, մանավանդ, որ նման խոշոր գործարքներով նպաստում է տարածաշրջանում սպառազինության մրցավազքին:
Մյուս կողմից, չի բացառվում, որ Հարավային Կորեան՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության մասին խոսելիս, հաշվի է առնում ոչ միայն Հարավային Կովկասը, այլ տարածաշրջանն առավել լայն իմաստով՝ Կասպից ծովի հետ մեկտեղ: Այնտեղ ևս ռազմականացման պրոցեսն ակնհայտ է՝ հղի անկանխատեսելի հետևանքներով:
Ինչևէ, դեռևս պաշտոնական հաղորդագրություն չկա այն մասին, թե ինչ համագործակցության մասին է խոսք գնում, սակայն առկա տեղեկատվությունը թույլ է տալիս նշելու, որ Հարավային Կորեայի մոտեցումն իսկապես լավ օրինակ է այն երկրների համար, ովքեր առանց հաշվի առնելու տարածաշրջանում ստեղծված իրավիճակի նրբությունները, սպառազինություն են վաճառում Ադրբեջանին:
Տիգրան Աբրահամյանի գրառումը
Ֆեյսբուք