«Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հրադադարը Հայաստանի և Ադրբեջանի միջև խախտվեց, և մեր սահմաններում սկսվեց լարված իրավիճակը: Երկու կողմից էլ սպանվեցին հարյուրավոր զինվորներ և խաղաղ բնակիչներ: Չընդունեք որպես թուլություն իմ խաղաղության կոչը, բայց ես վստահ եմ, որ երկու կողմի ժողովուրդն էլ չեն ուզում պատերազմել: Այս ամենը քաղաքականության հրեշավոր դրսևորումներից է: Պատերազմը շահավետ է միայն այն երկրների համար, ովքեր զբաղվում են զենքի արտադրանքով: Պատերազմը երբեք չի եղել լուծում: Պատերազմը դժոխք է»,-ահա այս կոչով և #peaceNKR հեշթեգով երգիչ և երաժշտական պրոդյուսեր Վահիկ Smokey-ն օրերս ներկայացրել է իր նոր տեսահոլովակը: Երգն անգլերենով է և կոչվում է «Պատերազմը դժոխք է» («War is the hell»): Տեսահոլովակում Վահիկ Smokey-ն միայնակ չէ. նրա հետ միասին ամբողջ աշխարհին խաղաղության կոչով դիմում են նաև այլազգիները: Asekose.am-ի հետ զրույցում Վահիկ Smokey-ն պատմել է տվյալ երգի ստեղծման պատմության և նշանակության մասին:
«2015թ. դեկտեմբերին որոշեցի ստեղծել երաժշտական մի նոր նախագիծ, որը կմիավորի տարբեր երկրների երաժիշտներին: Ցանկանում եմ, որ երգի և երաժշտության միջոցով խոսենք գլոբալ խնդիրների մասին: Առաջին երգը խաղաղության կոչ է: Նման նախագիծ ստեղծելու գաղափարը Լուլուինն է, ով Նիգերիայից է և նույնպես միացել է մեր կոչին: Նա ինձ գտել էր կայքերից մեկի միջոցով և առաջարկել էր համագործակցել: Ավելի ուշ արդեն մտածեցի նախագծի անդամների շրջանակը ընդլայնելու մասին: Պետք է խոստովանեմ, որ մոտ մի 10 հոգու դիմել էին, արդյունքոևմ 6-7 հոգի տվեցին իրենց համաձայնությունը, շատերին էի դիմել, ովքեր հրաժարվել էին: Երգը և տեսահոլովակն ամբողջությամբ պատրաստ էր, սակայն չուզեցի այն ներկայացնել պատերազմական գործողությունների օրերին, թեպետ ի սկզբանե այն ապրիլին թողարկելու մտադրություն ունեինք: Երբ ամեն ինչ հանդարտվեց, այդ ժամանակ էլ ներկայացրինք, որովհետև ես ցանկանում էի, որ այն ազդեցիկ լիներ: Ի վերջո, ինձ պետք էր, որ նախնական տեղեկությունը ճիշտ հղկվեր, որպեսզի լսարանը հստակ հասկանար, թե ով է այս ամենի մեղավորը: Ի դեպ, ես նախագծի բոլոր մասնակիցներին էլ խնդրել եմ տեսահոլովակը համացանցում տարածել հենց #peaceNKR հեշթեգով»:
Վահիկ Smokey-ն միաժամանակ նշեց, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններից որևէ տեսանյութ չեն օգտագործել (այդ օրերին տեսահոլովակն արդեն պատրաստ էր), սակայն կան կադրեր արցախյան պատերազմից.
«Առհասարակ, մեր տեսահոլովակը խաղաղության մասին է և ըստ այդմ՝ մենք ոչինչ չենք մասնավորեցրել: Ես իմ գործընկերների հետ խորհրդակցել էի տեսահոլովակի սկզբում կոչով հանդես գալու մասին և նոր էի գնացել այդ քայլին: Մեր նախագծի գաղափարախոսությունն է խաղաղությունն ամենուր քարոզելը: Գուցե մեր ժողովրդի համար մի փոքր տարօրինակ թվա, սակայն Ադրբեջանի ժողովրդին ինձ թշնամի չեմ համարում, թշնամի կարող եմ համարել այն մարդուն, ով ինձ այնտեղից թշնամի է համարում, իսկ ես չեմ հավատում, որ այնտեղ բոլորը մեզ թշնամի են համարում: Մարդիկ կլինեն, ովքեր ամեն բան էլ կհասկանան: Ինձ համար այս դարաշրջանում աննորմալ մարդու մտածելակերպ է պատերազմով հարցեր լուծելը: Ի վերջո, պետք է գիտակցել, որ եթե լուրջ պատերազմ տեղի ունենա, այն ընդամենը մի քանի օր կտևի, որի հետևանքով էլ երկու երկրները կվերանան: Պարզապես այս թատրոնի մեջ մեծ նվիրումով զոհվում են մեր եղբայրները: Իսկ իմ խնդիրն այս ամենի մասին առանց դատելու բարձրաձայնելն է, իմ սուբյեկտիվ կարծիքը որպես հայ ներկայացնելն այս պարագայում սխալ է»:
Շարունակելով թեման՝ Վահե Smokey-ը հավելեց, որ ինք որպես թշնամի ավելի շատ ընկալում է թուրքերին.
«Ես ռեալ թշնամի ավելի շատ համարում եմ թուրքերին, քան ադրբեջանցիներին: Ցեղասպանությունն եմ ընդունում և հասկանում, որ դա չի եղել արտաքին ուժերի ազդեցության տակ: Իսկ հիմա մեր վերնախավը և հիմար է, և կախման մեջ: Առհասարակ, եթե ավելի գլոբալ նայենք, կհասկանանք, որ մեզ միշտ էլ թելադրում են, թե ինչ պետք է անենք»:
Զրույցի վերջում Վահե Smokey-ն տեղեկացրեց, որ իրենց նախագիծը շարունակական բնույթ է կրելու, և դեռ նոր երգեր են ներկայացնելու:
«Նոր մարդիկ կավելանան մեր նախագծում: Մենք էլ մեր հերթին կբարձրաձայնենք տարբեր խնդիրների մասին, սակայն, իհարկե, պետք է հաշվի առնենք ֆինանսական կողմը, որովհետև ամեն ինչ մեր միջոցներով ենք իրականացնում. Հայաստանում գրեթե ոչինչ չեն ֆինանսավորում: Շատ ուրախ կլինենք, որ նախագիծը գլոբալ PR ունենա երկրից դուրս: Հարկ եմ համարում նաև շնորհակալություն հայտնել «Արձագանք» պրոդաքշնին, որ օգնում են ինձ՝ կյանքի կոչելու իմ գաղափարները: Հավելեմ, որ այս նախագծի շրջանակներում ցանկանում եմ՝ երգ ներկայացնենք նաև Հայոց ցեղասպանության մասին»:
Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան