Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է լքի Հայաստանից օկուպացված դիրքերը: «Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը Հայաստանի տարածքում գտնվող գրավյալ դիրքերից»,- ասել է նա՝ նշելով, որ Ֆրանսիան ավելին կանի՝ ի շահ Հայաստանի: «Մեր խնդիրն է՝ օգնել Հայաստանին պաշտպանել իրեն։ Ֆրանսիան կլինի Հայաստանի կողքին»,- հավելել է Աթալը։
Թարմացված․ Կոչ ենք անում Փարիզին՝ չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն՝ անդրադառնալով հայ համայնքի հետ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալի հանդիպմանը։
«Փարիզին կոչ ենք անում դասեր քաղել պատմությունից, այլ ոչ թե միջամտել մեր ներքին գործերին»,- ասել է Հաջիզադեն։
Թարմացված․ Ռուսաստանը ցանկանում է «պատժել» Հայաստանին՝ «ավելորդ անկախության և խաղաղության ցանկության» համար։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը, հաղորդում է ֆրանսիական Le Figaro թերթը։ Ֆրանսիայի կառավարության ղեկավարը պնդում է, որ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի վատթարացման հիմքում ընկած է դժգոհությունը, որ Հայաստանը միացել է Միջազգային քրեական դատարանին և ընտրել է իրավական պետության և ժողովրդավարության ուղին։