Թարմացված․ Սյունիքի մարզի Արավուս բնակավայրի սահմանից գողացած ոչխարներն ադրբեջանցիները վերադարձրել են: Այս մասին 24News-ին հայտնել է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը:
«Քանիսին, որ տարել էին, էդքանին էլ հետ են տվել»,- ասել է Ղուլունցը:
Հարցին, թե ո՞վ կամ ովքե՞ր են բանակցել, համայնքի ղեկավարը նշել է. «Մեր նպատակը էն չէր, թե ով կբանակցեր, մեր նպատակը, որ հետ տային ոչխարներին»:
*** Այսօր Տեղ համայնքի Արավուս բնակավայրի սահմանին թվով 5 ադրբեջանցիներ 200-ից ավելի ոչխար են գողացել։ Տեղի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը ճշտել է. «Արոտի ժամանակ է եղել։ Մի քիչ մոտիկացել են իրենց սահմանին, իրենք էլ գողացել, տարել են։ Հովիվը 73-ին վերցրել, փախել է, էն 230-ը տարել են»։ Գյուղացիները դժգոհել են, որ սահմանը այդ հատվածում հսկում են աշխահազորայինները, սակայն նրանց կրակելու իրավունք չեն տալիս: Ոչխարների տերը լրագրողների հետ զրույցում նշել է, որ կենդանիներին ձեռք էր բերել վարկով, նրանց մեծ մասը նորածին գառներ ունեն, որոնք շուտով կսատկեն սովից: Պաշտպանության նախարարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից: |