Քիչ առաջ աչքովս ընկավ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանի հարցազրույցն, որում նա խոսել էր հեղափոխության հնարավորության մասին՝ «ամբողջ ժողովուրդ–նեղ շրջանակ» բանաձևով։
Մանուչարյանն ասում է, որ հատվածական ակտիվացումը վտանգավոր է, որովհետև գործիք կարող ենք դառնալ աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի համար։
Գուցե Մանուչարյանի ասածի մեջ ճշմարտություն կա, սակայն «ամբողջ ժողովուրդի» վրա հղում անելն արդեն ի չիք է դարձնում հեղափոխության հնարավորությունը։
«Ամբողջ ժողովուրդն» ոտքի է կանգնում կամ արտաքին ուժի դեմ՝ ազգային հողի վրա, կամ էլ՝ համաշխարհային արմատական փոփոխությունների ժամանակաշրջանում, ասենք՝ ԽՍՀՄ փլուզումը։
88–ի պարագայում՝ երկու հիմքերն էլ առկա էին։
Երկրի ներսում՝ քաղաքական կամ քաղաքացիական պայքարի ժամանակ, «ամբողջ ժողովուրդ» հասկացությունը չի կարող գործել, որովհետև նույն հասարակությունն օբյեկտիվորեն շերտավորված է՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական հանգամանքներից ու շահերից ելնելով։
88–ը մեր բոլորիս փառավոր անցյալն է, բայց այն կրկնվելու հատկություն չունի, եթե նույնիսկ ոմանք դեժյավյույի ցանկություն ունեն…