Այսօր արդեն ռոբոտները ֆանտաստիկ մի երևույթ չեն, հակառակը` ավելի ու ավելի հաճախ են դառնում մեր առօրյայի մասը: Այսպես բրիտանացի 8-ամյա դպրոցականը կարողացել է երկու ամիս «ապրել» ռոբոտի մարմնում: Ֆիզիկապես լինելով տնից հեռու` նա կարողացել է մնալ հարազատների հետ շփման մեջ. հաղորդում է BBC-ն: 2012թ. գարնանը բժիշկները Գրեդիի ծնողներին ասացին, որ նրան ողնուղեղի պատվաստում է պետք: Բարդ վիրահատությունից հետո տղան երկու ամիս ստիպված էր անցկացնել հիվանդանոցում: Նրա համար հատուկ պալատ էին առանձնացրել, որտեղ մտնել չէին թույլատրում ոչ մեկին, բացի բժիշկներից և ամենամոտ բարեկամներից: Գիտակցելով, թե ինչպիսի հոգեկան ցնցում կարող է դառնալ որդու համար երկամսյա մեկուսացումը` ծնողները Գրեդիին ռոբոտ են նվիրել, որի օգնությամբ նա կարողացել է օրը 24 ժամ վիրտուալ գտնվել ընտանիքի կողքին:
Ռոբոտն ունեցել է երկու անիվ, տեսախցիկ և բարձրախոս: Գրեդին կառավարում էր ռոբոտի տեղաշարժն ու գործողությունները հիվանդանոցից` նոթբուքի միջոցով: Այս կերպ, հեռավորությունից կառավարելով ռոբոտին, Գրեդին վիրտուալ շրջում էր տան մեջ, տեսնում և խոսում ծնողների և երկու եղբայրների հետ: Գրեդին նրանց հետ նախաճաշում էր, գնում դպրոց, նույնիսկ առանց հիվանդանոցային մահճակալը լքելու կարողացել է լինել ընկերոջ ծննդյան առիթով կազմակերպված խնջույքին: Իսկ եղբայրներն էլ կատակում էին, որ վերջապես իրենք հնարավորություն ունեն Գրեդիին ավելի անաղմուկ դարձնել. Դրա համար ռոբոտն ուներ հատուկ ստեղն: