1in.am-ը գրում է.
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթանում է Աղունիկ Այվազյանի գործի դատական քննությունը:
Փոքրամարմին Աղունիկը կազմակերպված խմբի կազմում է ընդգրկված եղել: Խումբը զբաղվել է թրաֆիքինգի նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, սեռական՝ պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու հանցավոր գործունեությամբ: Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող մի խումբ անձինք էին ստեղծել կազմակերպված հանցավոր խումբը և հանցավոր մտադրություններն իրագործելու նպատակով կատարել էին դերաբաշխում:
Կոնկրետ Աղունիկը Հայաստանից հավաքագրել է կանանց , համոզել է, նրանց անձնագրի պատճենն ուղարկել է հանցավոր խմբի ղեկավարին, իսկ վիզան ու տոմսը ստանալուն պես հայ կանանց ուղարկել է Դուբայ:
Աղունիկը որպես մարմնավաճառ Դուբայ ուղարկված յուրաքանչյուր հայ կնոջ համար կազմակերպված խմբի կողմից ստացել է, ըստ քրեական գործերի նյութերի, 1000-1500 դոլար:
Թրաֆիքինգով զբաղվող այս կազմակերպված խմբի գործով դատապարտված է մոտ մեկ տասնյակ մարդ, որոնց մի մասը կազմակերպված խմբի անդամ է, մի մասն աշխատել է խմբի կազմում:
Խմբի պարագլուխ Նելլին ու մի քանի անդամներ դեռ հետախուզման մեջ են, նրանց վերաբերյալ գործից մաս է անջատված:
Սա թրաֆիքինգի մեծ գործի հերթական ճյուղերից է՝ հարուցված այլ մեղադրանքով:
Խմբի կազմում «աշխատած» Աղունիկ Այվազյանը հայտնաբերվել է 2010 թվականի հուլիսի 14-ին: Նրա վերաբերյալ մինչ օրս կայացվել է երկու դատավճիռ՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից:
Այս՝ երրորդ քրեական գործով դատական ակտ կկայացնի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը:
Մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Աղունիկ Այվազյանի գործով առաջին դատավճիռը կայացրել է 2013 թվականի մայիսի 2-ին:
2013 թվականի մարտին Աղունիկ Այվազյանը հանդես է եկել մեղայականով՝ խոստովանելով նոր արարքներ, որոնք տեղ են գտել նոր քրեական գործում:
Առաջին դատավճռով թրաֆիքինգի համար մեղավոր ճանաչված Աղունիկ Այվազյանը վերջին հաշվով դատապարտվել է 11 տարի 7 ամիս ազատազրկման:
Այնուհետև նոր տուժողներ են ի հայտ եկել, ու Աղունիկ Այվազյանը նորից տեղ է գրավել ամբաստանյալի աթոռին:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Աղունիկ Այվազյանին երկրորդ քրեական գործով ևս մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի՝ թրաֆիքինգով զբաղվող կազմակերպված խմբի կազմում տուժողների հավաքագրման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ մասի 1-ին մասով:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում