Yerkir.am-ը գրում է.
ՀՀԿ-ական պատգամավոր` 38-ամյա Արման Սահակյանը, ով մեծամասնական ընտրակարգով ընտրվել է 35-րդ ընտրատարածքից (Շիրակ), Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի ընթացքում առանձնապես աչքի չի ընկել իր օրենսդրական գործունեությամբ, ինչպես և մյուս ՀՀԿ-ական գործընկերները։
Ըստ parliamentmonitoring.am կայքի` 9-րդ նստաշրջանում նա 7 անգամ բացակայել է ԱԺ նիստերից, իսկ երբ մասնակցել է` 50 անգամ կողմ է քվեարկել, 1 անգամ` ձեռնպահ և ոչ մի անգամ` դեմ։ Այս ընթացքում երբևէ ելույթներ և հարցեր չի հնչեցրել ԱԺ ամբիոնից։
Պատգամավորն ակտիվ չի եղել նաև իր գույքի և եկամուտների հայտարարագրման հարցում։ Նախ` չի ներկայացրել 2012 թվականին՝ պատգամավորական մանդատը ստանձնելու պահին ունեցած գույքն ու եկամուտները։ Նշենք, որ պաշտոնը ստանձնել է 2012 թվականի դեկտեմբերի 2-ին։
2013
2013 թվականին պատգամավորը փոխառությամբ գումարներ տալու խոշոր գործարքներ է կատարել, մասնավորապես` տարվա սկզբին փոխառությամբ տրված 54,2 միլիոն դրամ է ունեցել։ Տարվա ընթացքում Սահակյանը փոխառությամբ հանձնել է ևս 49,3 միլիոն դրամ։ Տրվածից 26,7 միլիոն դրամը տարվա ընթացքում վերադարձվել է։ Տարեվերջին պատգամավորն ունեցել է 76,8 միլիոն դրամ՝ փոխառությամբ տրված գումար։
Մեկ այլ տողով` նույն տարվա ընթացքում նա փոխառությամբ 300 միլիոն դրամ է տվել, որից 123,5 միլիոն դրամը վերադարձվել է, և տարեվերջին ունեցել է 176,5 միլիոն դրամ՝ փոխառությամբ տրված գումար։
Պատգամավորը նաև դոլարով է փոխառության գործարք կատարել` 60 հազար դոլար է հանձնել փոխառությամբ, տարվա ընթացքում այն վերադարձվել է։
Սահակյանն աչքի է ընկնում նաև իր խնայողությունների չափով. 2013 թվականի սկզբին նա ունեցել է 79,5 միլիոն դրամ և 93 800 դոլար, որոնք տարեվերջին աճել են` դառնալով 83,6 միլիոն դրամ և 96 000 դոլար։
2013 թվականի ընթացքում պատգամավորի եկամուտը կազմել է շուրջ 330 միլիոն դրամ, որի չնչին մասը եղել է աշխատավարձը՝ 3,15 միլիոն, հիմնական մասը՝ 322 միլիոնը եղել է շահաբաժինը, 3,6 միլիոնը` վարձակալությունից ստացած եկամուտը։
Մարինա Խանզատյանը՝ պատգամավորի կինը, այդ տարվա ընթացքում նույնպես փոխառության գործարք է կատարել։ 2013 թվականի սկզբին նա փոխառությամբ շուրջ 290 միլիոն դրամ է տվել, որից 72,5 միլիոն դրամը տարվա ընթացքում վերադարձվել է։ Տարվա վերջում նա ունեցել է փոխառությամբ հանձնված շուրջ 217 միլիոն դրամ գումար։ Տարվա սկզբում նրա դրամական միջոցները եղել են 12,18 միլիոն դրամ, տարվա վերջում դարձել` 12,35 միլիոն դրամ։ Ի դեպ, Մարինա Խանզատյանը որևէ եկամուտ չի ունեցել։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում