«Էսօր բլոգի միջազգային օրն է։ 31.08-ը «բլոգ» բառին է նման, էդտեղից էլ տոնը ծնվել է։
Այսօրվա երիտասարդ ստեղծագործող-գրողների մեծ մասը դասական բլոգեր ա եղել ժամանակին՝ ի դեպ։ Ու ես էլ բացառություն չեմ։ Համարյա 6 տարի գրում եմ, որից 2ը տուն տանելու բլոգեր էի՝ իմ կայքով, տիպիկ բլոգային գրառումներով և այլն։ Հետո դարձա օջախի պատմվածքահայուհի։ Ու իմ պես շատերը կան։
Մերօրյա բլոգներն արդեն սոցկայքեր են տեղափոխվել, բլոգերներ են համարվում ուղղակի ակտիվ գրառումներ անող, կարևոր հարցերին անդրադարձ կատարող, շատերի կողմից ընթերցվող անձինք, և դա նույնպես հետաքրքիր ու սպասելի փոփոխություն է։
Շնորհավոր մեզ։ Պաթոսից հեռու լինենք, ստեղնաշարը երբեք դեղին գույնով չտպի, ու մեր գրելիքն էլ անսպառ լինի։
Պաթոսիկ, Պոետիկ, Վալոդիկ, Ստատուսիկ, Ածյինծյուն, հլը քցեք էդ անտերները ձեռքներիցդ, եկեք, հետո կգրեք, էսօր օջախի մասշտաբով տոն ա»,-գրում է Սյունե Սևադան ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ Բլոգի օրը (Blog Day) օգոստոսի 31-ին նշելու մտահղացումն առաջացել է 2005-ին, երբ LiveJournal–ի ակտիվ օգտատերերը blog բառի մեջ նկատել են 3108 թիվը: Դրա համար էլ այդ օրը նշվում է հենց օգոտոսի 31-ին (31.08): Բլոգի օրվա նախաձեռնողները կոչ են անում այդ օրը նվիրել տարբեր երկրներից ու տարբեր հետաքրքրություններով մարդկանց հետ ծանոթությանը՝ առաջարկելով գրել հինգ տարբեր բլոգների մասին համառոտ բնութագրեր ու օգոստոսի 31-ին դրանք հրապարակել սեփական բլոգերում կամ էջերում՝ նշելով նաեւ տվյալ հեղինակների էջերի հղումները: Համարվում է, որ այդ օրը արժե գրել այն բլոգների մասին, որոնց բովանդակությունը տարբերվում է ձեր հետաքրքրությունների ոլորտից, տեսակետներից ու դիրքորոշումից, որպեսզի օգտատերը ինքը ու նրա էջի այցելուները որեւէ նոր բան բացահայտեն իրենց համար: