Բրիտանական ԱԳՆ-ն Հայաստանի և մի քանի այլ երկրների ներկայացուցիչների հետ բանակցություններ է սկսել ապօրինի ներգաղթյալներին արտաքսելու օրինագծի շուրջ: Տեղեկությունը հայտնում է բրիտանական The Times-ը։
«Մեծ Բրիտանիան Հայաստանի, Կոտ դ’ Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ բանակցում է միգրանտներին Ռուանդա արտաքսելու սխեման կրկնելու շուրջ»,-ասվում է հրապարակման մեջ, որում հղում է արվում բրիտանական ԱԳՆ-ի արտահոսած փաստաթղթերին:
Հաղորդվում է, որ համագործակցությունը քննարկվել է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Էկվադորը, Պարագվայը, Պերուն, Բրազիլիան և Կոլումբիան, բայց նրանք, ըստ բրիտանական իշխանությունների, ավելի քիչ են հետաքրքրված այդ համաձայնագրով, իսկ Մարոկկոն, Թունիսը, Նամիբիան և Գամբիան ակնհայտորեն հրաժարվել են քննարկումներից։ Հրապարակման մեջ նաև ասվում է, որ Հայաստանի, Կոտ դ’Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ բանակցությունների առաջընթացը կանգ է առել Ռուանդայի հետ համաձայնագրի հետ կապված շարունակական խնդիրների պատճառով, սակայն կառավարությունը հուսով է, որ բանակցությունները կարող են վերսկսվել, հենց որ Ռուանդայի սխեման գործարկվի: Նշվում է նաև, որ Հայաստանն ակնկալում է այս գործարքից ստանալ առնվազն 290 միլիոն ֆունտ ստեռլինգ:
ՀՀ ԱԳՆ-ից ի պատասխան այս հրապարակմանը հայտնել են, որ տեխնիկական և բովանդակային քննարկումներ այս հարցի շուրջ չի եղել, ինչը, սակայն, չի նշանակում, որ հոդվածում առկա տեղեկությունները կեղծ են և հայկական կողմին նման առաջարկ չի արվել: Փաստացի, արցախցի փախստականներին հավուր պատշաճի չընդունած Փաշինյանը ցանկանում է Հայաստանը նոր Ռուանդայի վերածել՝ Արևմուտքի փողերի դիմաց երկիրը լցնելով ասիացի և աֆրիկացի էմիգրանտներով: Փաստորեն, երբ Փաշինյանը ասում էր, որ 2050 թվականին ՀՀ բնակչության թիվը հասնելու է 5 միլիոնի, նա չէր ստում, պարզապես մոռացել էր նշել, որ այդ աճը լինելու է ի հաշիվ աֆրիկյան երկրներից ժամանած փախստականների: