1in.am-ը գրում է.
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվել է Գառնիկ Ջ.-ի գործի դատական քննությունը:
Գառնիկը, լինելով 22 տարեկան, 2014 թվականի ամռանը ««Կասկադում» ընկերների հետ զբոսնելիս ծանոթացել է 2001 թվականի դեկտեմբերի 2-ին ծնված, 12-ամյա դպրոցական աղջկա՝ Ալլայի հետ (անունը փոխված է):
Ըստ Գառնիկի նախաքննական ցուցմունքի՝ ինքն իմացել է, որ աղջկա 14 տարին բոլորած չէ, նա միայն դեկտեմբերին պիտի դառնա 13 տարեկան:
Սակայն աղջիկը դուր է եկել Գառնիկին, նա սկսել է հանդիպել Ալլայի հետ: Նրա 13-ամյակին նվերներ է մատուցել:
2015 թվականի ամռանը Գառնիկը 13-ամյա Ալլայի հետ գնացել է իր մորաքրոջ տուն: Այնտեղ փոխադարձ համաձայնությամբ Գառնիկն ու Ալլան սեռական հարաբերություններ են ունեցել: Ալլան կույս է եղել:
Դրանից հետո Գառնիկն ու Ալլան մի քանի անգամ էլ են սեռական հարաբերություն ունեցել:
2016 թվականի հունվարի 1-ին Ալլան գնացել է Գառնիկենց տուն՝ Նոր տարին շնորհավորելու:
Նկատելով Ալլայի մարմնի որոշակի փոփոխությունները՝ Գառնիկը նրան հարցրել է. «Կարող ա՞ հղի ես»: Նա անմիջապես հղիությունը որոշող թեսթ է գնել: Ստուգել են ու համոզվել, որ 14-ամյա Ալլան հղի է: Այդ մասին հայտնել են Գառնիկի մայրիկին, վերջինս էլ հյուր է կանչել Ալլայի մայրիկին ու հայտնել է նրան:
Ալլան մնացել է Գառնիկի տանը, դարձել է նրա փաստացի կինը:
Ալլային բժշկական հաշվառման են տարել ու պարզվել է, որ արդեն 32 շաբաթվա հղիություն ունի: Ալլայի մայրը զարմացել է՝ ասելով, թե… չի նկատել իր դստեր մարմնի որևէ փոփոխություն ու ոչինչ չի կասկածել:
Մարտ ամսին 14-ամյա Ալլան տղա է ունեցել: Նա որդու հետ ապրում է փաստական ամուսնու՝ Գառնիկի տանը, երեխայի հետ գտնվում է Գառնիկի խնամքի ներքո:
Գառնիկն իրեն մեղավոր է ճանաչել, բայց դատարանում պնդել է, թե սեռական հարաբերություններ ունենալու ժամանակ չի իմացել, որ Ալլայի 14 տարին բոլորած չէ:
Ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալի պատճառաբանությունը անարժանահավատ է համարել ու նրան մեղավոր է ճանաչել ակնհայտ 14 տարին չբոլորած աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ՝ հաշվի առել, որ անչափահաս կինն ու նորածին երեխան գտնվում են նրա խնամքին, Ապրիլյան պատերազմի օրերին Գառնիկը, տանը թողնելով մեկ ամսական որդուն ու անչափահաս կնոջը, կամավոր մեկնել է Արցախ:
Դատարանը հնարավոր է համարել Գառնիկ Ջ.-ի նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը՝ մեղսագրված հոդվածով նախատեսված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ նշանակելով:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում