Ուզում էի ասել հարգելի, բայց այդպես կեղծ կլինի: Ինչևէ, դիմում եմ այն տղամարդիկներին, ովքեր շատ են սիրում հայհոյել և իրենց թույլ են տալիս դա անել բարձրաձայն, ի լուր համայն աշխարհի: Երբևէ մտածել ե՞ք, թե ձեր ասածներն ինչ են նշանակում: Քանի որ, բախտի բերմամբ, մեծացել եմ այնպիսի միջավայրում, որտեղ հայհոյանք չի հնչել (առաջին անգամ այդ կարգի արտահայտություն լսել եմ դպրոցն ավարտելուց հետո), ես «հայհոյաբան» չեմ կարող համարվել, բայց կան արտահայտություններ, որոնք ես էլ գիտեմ ու միշտ մտածել եմ, լավ, սրանք բարձրաձայն ասողը չի ամաչո՞ւմ:
Պարզաբանեմ:
Հայհոյանքները սովորաբար սեռական բնույթի գործողություն են ենթադրում: Ո՞ւմ եք հայհոյում, բնական է, նրան, ում հանդեպ թշնամաբար եք տրամադրված: Եվ ի՞նչ: Դուք առաջարկում եք նրան դառնալ կանիբալ և համտեսել ձեր մարմնի մի մասը, կամ, այն այլ կերպ օգտագործել: Ինչ եք ասում դրանով, գիտե՞ք: Հասկացնում եք, որ ձեր էդ «եղածն» այնքան անիմաստ ու անօգուտ է, որ պատրաստ եք դրանից հրաժարվել: Ամոթ է, գոնե հանրությանը մի տեղեկացրեք, որ այդքան վատ կարծիք ունեք ձեր մասին: Կամ, երբ հայտարարում եք, որ ցանկություն ունեք որոշակի գործողություն կատարել: Մտածել ե՞ք արդյոք, որ եթե այդ գործողության ենթադրյալ օբյեկտը ձեր «թշնամուն» աշխարհ բերածն է, ապա դուք տեղեկացնում եք, որ գերոնտոֆիլ եք, իսկ, եթե նրա ժառանգներին նկատի ունեք(մի անգամ նման բան լսել եմ), ապա պեդոֆիլ: Բացի այդ, դուք հայտարարում եք ամբողջ աշխարհին, որ կարող եք միայն թույլ ու անպաշտպան անձի «հախից գալ»: Լավ տղան բառերն ասելուց առաջ կշռում է, մտածում, հետո նոր ասում: Օդի մեջ «սպառնալիքներ կրակողները», որ սովորաբար հիստերիկ ճղճղոցով են ասում իրենց երազանքների մասին, ուղղակի արգահատելի են:
Մի արեք տենց, սիրուն չի…
Հ.Գ. գերոնտոֆիլ- սեռական հակում ծերերի հանդեպ,
պեդոֆիլ-սեռական հակում փոքրերի հանդեպ:
Հ.Գ.Գ. Հուսամ քաղաքակիրթ բառերով հաջողվել է ներկայացնել այն, ինչով չէի կարող աղավաղել գրառումս, չնայած դրան էր նվիրված Տղամարդիկներ բառն էլ հատուկ է սխալ:
Ալինա Դերձյանի գրառումը
Ֆեյսբուք