gamarjoba.ge-ն գրում է. Հարեւան Վրաստանի բարենպաստ բիզնես-միջավայրը եւ արագ աճող տնտեսությունը գրավիչ են դարձնում այն արտասահմանցի ներդրողների համար: Եւ երբ հայաստանցի ձեռներեցները հասնում են հաջողության հայրենիքում եւ մտածում են նորանոր շուկաներ գրավելու մասին, ընտրությունը հաճախ ընկնում է հենց Վրաստանի վրա: Եկեք ծանոթանանք Վրաստանում հանդիպող հայաստանյան ապրանքանիշերից 11-ին.
1./2. «Խրոնոգրաֆ» եւ «Թայմ» ժամացույցների խանութներ
Թբիլիսիի կենտրոնական փողոցներում զբոսնելիս եւ առեւտրաժամանցային կենտրոններում գնումներ անելիս կարելի է հանդիպել Երեւանից ծանոթ «Խրոնոգրաֆ» եւ «Թայմ» ժամացույցների խանութներին: Այստեղ թեեւ վաճառում են բացառապես արտասահմանյան արտադրության ժամացույցներ եւ աքսեսուարներ, այնուամենայնիվ այս խանութները հայաստանյան են:
3. «menu.ge» պատվերների համակարգ
Երեւանցիների լանչերը, ընթրիքները, տոնական սեղանների ճաշատեսակները, սուրճը եւ սիրելիների ծաղիկները առաքող menu.am-ը արդեն շուրջ մեկուկես տարի է, ինչ գործում է նաեւ Վրաստանում՝ որպես menu.ge` ապահովելով արագ ու հարմար առաքում:
4. «Տաշիր Պիցցա» ռեստորանների ցանց
Առաջին «Տաշիր Պիցցա» ռեստորանը բացվել է Թբիլիսիում բոլորովին վերջերս՝ 2016-ի մարտին, սակայն արդեն դարձել է Իսթ Փոյնթ առեւտրաժամանցային կենտրոնի ամենասիրված ռեստորաններից մեկը: Ի դեպ, հիմնադիրները ծրագրեր ունեն Վրաստանում ռեստորանների քանակը մի քանի տասնյակի հասցնելու: Արդարության համար պիտի նշենք, որ առաջին «Տաշիր Պիցցան» բացվել է Ռուսաստանում եւ ապա նոր տարածվել Հայաստանում, սակայն քանի որ ցանցի հիմնադիրը մեր հայրենակից Սամվել Կարապետյանն է եւ ցանցը հպարտորեն կրում է Հայաստանում գտնվող Տաշիր քաղաքի անունը, ապա այս ապրանքանշանը կարելի է հայկական համարել:
5. «Գրանդ Քենդի» պաղպաղակ եւ կոնֆետներ
Ամառվա շոգ օրերին Թբիլիսիի փողոցներում զբոսնելիս «Գրանդ Քենդի» պաղպաղակի վարդագույն սառնարանները դժվար է չնկատել: Այո, սա մեր՝ հայկական պաղպաղակն է: Իսկ խանութներում (հատկապես փոքր)՝ կարելի է գնել նաեւ «Գրանդ Քենդի» կոնֆետներ:
6. «ԱրտՖուդ» պահածոներ
Վրացիները եւ վրաստանաբնակ հայերը պաշտում են հայաստանից բերված սննդամթերքը, հատկապես՝ պահածոները: Թե՛ մեծ սուպերմարկետների, թե՛ փոքր խանութների դարակներում շարված են ԱրտՖուդի բազմազան պահածոները՝ բադրիջան, ծիծակ, ախորժակ:
7. «Բեկոն» մսամթերք
Հայկական մսամթերքը առանձին պատմություն է: Մեր դարավոր հարեւաններն ու մրցակիցները միշտ վիճում են, թե մեզնից ով է ավելի հին ազգ, ում երկիրն է ավելի գեղեցիկ, կամ ում գինին է ավելի լավը, սակայն մսամթերքի հարցում վրասցիները հպարտությամբ ընդունում են պարտությունը. հայերի պատրաստած խորովածը եւ ընդհանրապես՝ մսամթերքը, ավելի լավն է: Սրա վառ ապացույցը վրացական սեղաններին միշտ իր տեղն ունեցող «Բեկոն» մսամթերքն է:
8. «Ռոյալ Արմենիա» սուրճ
Վրաստանը Հայաստանի պես սուրճ խմող երկիր է: Ու թեեւ ավելի ու ավելի են տարածվում ֆիլտրված սուրճը, էսպրեսոն եւ դրանց հիմքի վրա պատրաստվող սրճային ըմպելիքները, արեւելյան սուրճի դիրքերը դեռ ամուր են, եւ վրացիները ջազվեյով սուրճ են եփում. «Ռոյալ Արմենիա» ապրանքանիշի հայկական սուրճ:
9. «Արայ» կենցաղային տեխնիկայի եւ էլեկտրոնիկայի խանութներ
Հայաստանում կենցաղային տեխնիկայի եւ էլեկտրոնիկայի շուկայի առաջատարներից մեկը՝ Արայ ընկերությունը, ներկայացված է նաեւ Վրաստանում եւ այստեղ նույնպես ունի առաջատար դիրքեր: Արայի խանութները կարելի է հանդիպել Թբիլիսիում, Բաթումիում եւ Քութայիսիում:
10. gg տաքսիների ամրագրման համակարգ
Հայաստանում Ա կետից Բ կետը արագ եւ հարմարավետ տեղափոխելու հարցը լուծողհավելվածով ավտոմեքենա պատվիրելու gg համակարգը վերջերս մուտք է գործել նաեւՎրաստանի շուկա եւ արդեն սպասարկում է Թբիլիսիի բնակիչներին եւ հյուրերին:
11. «Էնվոյ» հոսթել
Երեւանն այցելող զբոսաշրջիկների կողմից ամենաբարձր գնահատականների արժանացած հայաստանյան «Էնվոյ» հոսթելը մի քանի տարի առաջ բացվեց նաեւ Թբիլիսիում՝ հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցու հարեւանությամբ, եւ անմիջապես դարձավ Թբիլիսիի հյուրանոցային ոլորտի առաջատարներից մեկը՝ հյուրընկալելով աշխարհի տարբեր մասերից Վրաստան եկող զբոսաշրջիկներին: Իսկ դուք Թբիլիսի այցելելիս ո՞ր հոսթելում եք գիշերելու:
Կարդացեք նաև`Վրացիների բրենդի հեղինակային իրավունքը հային է պատկանում