▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

100 դրամը դարձավ փոքրիկի մահվան պատճառ և լռության կաշառք...

Երեկ, ամբողջ օրը որոնողական համակարգում փնտրում էի մանկական դժբախտ պատահարների, մուրացկան երեխաների, տրաֆիքինգի ենթարկված փոքրիկների մասին նյութեր ու հանկարծ հանդիպեցի «թե աշխարհն էլ ինձ տան, ես իմ ձագուկին եմ ուզում» խորագրով ողբերգական պատահարի մասին հոդվածի: Ըստ նյութի՝ վարորդի անզգուշությամբ վրաերթի հետևանքով մահացել էր 4 ամյա փոքրիկը , և ամենասարսափելին այն է, որ վարորդն իրեն մեղավոր չի ճանաչում:

Կարդալիս մի դեպք հիշեցի: Ընդամենը 14 տարեկան էի , երբ մայրիկիս հետ հաճախում էի թենիսի մարզումների: Այդ ժամանակ մենք ապրում էինք Էրեբունի մասիվում: Արդեն երթուղային էինք նստել,գնում էինք Խանջյան փողոց: Սասունցի Դավթի կայարանի կանգառում մի փոքրիկ տղա կանգնեցրեց երթուղայինը, նստեց, որից հետո մի կին մոտեցավ նրան և թարմ խմորեղենով սկուտեղը դրեց տղայի ձեռքերի վրա: Հավանավար մայր ու որդի էին, մեկը խմորեղեն էր թխում, մյուսն էլ այն տանում էր խանոթներին հանձնելու:
Տղան շատ փոքրիկ էր, ընդամենը 8 կամ 9-ը տարեկան, այսօրվա պես հիշում եմ նրա աչքերի լրջությունը, նա իր տարիքից ավելի հասուն էր երևում: Նրա թախծոտ հայացքին նայելիս հասկանում էիր, թե ինչքան կազմակերպված է և քաջ գիտակցում է իր աշխատանքի կարևորությունը:

Տղան կանգնած էր: Կարելի է ասել ՝կանգնածների մեջ ամենահարմարը ինքն էր տեղավորվել: Նրա հասակը խնդիր չէր ստեղծել երթուղայինի մեջ կռացած ուղևորվելու:Նրան ոչ ոք տեղ չէր տալիս: Գուցե բոլորը մտածում էին,որ փոքրիկ է , կարող է կանգնել, սակայն, նստածներիցս ոչ ոք այդ ժամանակ չգիտեր, թե ինչ ծանրություն ունի սկուտեղը: Նույնիսկ սկուտեղը ոչ ոք չվերցրեց փոքրիկի բեռի ծանրությունը թեթևացնելու համար: Երևի մտածում էին կկեղտոտվեն կամ կշիրոտվեն:

Մայրս վեր կացավ՝ իր տեղը փոքրիկին զիջելով: Տղան նստեց իմ կողքը,կարելի է ասել՝ երկուսս էինք պահում այդ մեծ սկուտեղը: Այն բավականին ծանր էր և անուշահոտ:

Երթուղայինի վարորդը ամենայն հավանականությամբ ճանաչում էր, հավանաբար մեկ անգամ չէր,որ տղային փոխադրել էր: Տղայի երթուղային նստելու պահից վարորդը քթի տակ փնթփնթում էր: Ես լսում էի դա,ինձ հետ միասին լսում էին բոլոր ուղևորները,մեկ նայում էի տղայի դեմքին՝ մտածելով,որ ինչ-որ բան կասի,մեկ էլ վարորդին՝ հայելու միջոցով շարունակում էի հետևել բերանի շարժումներին:
Վարորդը շարունակում էր անհասցե նախատել և ինքն իրեն խոսել: Հավանաբար, վարորդի կանխատեսմամբ տղան չէր վճարելու հերթական 100 դրամը: Ողջ ուղևորների սրահը լռություն էր,ոչ ոք չէր խոսում և չէր ընդհատում վարորդին:

Տղային նայելիս հիշում էի, թե ինչպես փոքր հասակում մանկական ամսագրերից մեկում երեխաների մասին նյութ էի գրել,որ Հայաստանում երեխաները ուրախ են և անհոգ: Այդժամ հասկացա,որ սխալ նյութ եմ գրել:

Մայրս չդիմացավ և շատ խիստ ձայնով սաստեց վարորդին. «Լռի՛ր վարպետ, այլևս չխոսեք, ես կվճարեմ փոքրիկի փոխարեն»: Վարորդը սկզբում լռեց, հետո արդարացավ «Այ ցավդ տանեմ, ես հո 100 դրամի համար չեմ ասում»: Այդ ժամանակ ժուռնալիստական էությունս թույլ չտվեց լռել, փոռթկացի.« Վարպե՛տ, ես ապագա լրագրող եմ,ընդամենը երեք օր առաջ մեր երկրի երեխաների մասին նյութ էի գրել,որ անհոգ են: Դուք հակառակն եք ապացուցում », -սաստեցի վարորդին ևս մեկ անգամ: Այդ ժամանակ մայրս ինձ վրա խոսեց,որ փոքրիկ եմ և անդաստիարակի տպավորություն պետք չէ թողնել,ես իրավունք չունեի մեծ մարդու հետ բանավեճի մեջ մտնել:

Իմ կողքին բացի տղայից ևս երկու աղջիկներ էին նստել՝ ուսանողներ,որոնց մինչ տղայի նստելն էինք տեղ տվել: Նրանք էլ ինձ ողջունեցին,ասացին. « ապրե՛ս, դու լավ լրագրող կդառնա՛ս...»:

Ես վիրավորված էի, ինքս ինձ տղայի փոխարեն էի պատկերացնում: Այդ ժամանակ մտածում էի,որ մեզանից և ոչ ոք ապահովագրված չէ խմորեղենի վաճառող դառնալուց: Մեզանից յուրաքանչյուրն էլ կարող էր հայտնվել այդ իրավիճակում:

Սրահում պահպանվում էր քար լռությունը, յուրաքանչյուրի անտարբեր վերաբերմունքը: Մինչ օրս էլ հիշում եմ թե՛ վարորդին, թե ՛ տղային: Արդեն քանի տարի է, ինչ թենիսի չեմ հաճախում, չգիտեմ, թե տղան ինչով է զբաղված, շարունակու՞մ է նույն աշխատանքը ,թե՞ ՝ոչ,ո՛չ էլ վարորդին եմ հանդիպում, երևի այլևս չի աշխատում:
300 դրամը մայրս վճարեց՝ իր,իմ և փոքրիկ տղայի համար:Մենք իջանք երթուղայինից,իսկ տղան շարունակեց ճանապարհը:

Այդ ժամանակվանից հասկացա,որ մեր երկրի թիվ մեկ խնդիրը լռությունն է,որը ստիպում է ուրանալ ամեն ինչ, նույնիսկ սեփական հոգին, անտարբեր լինել երկրում տիրող խնդրի նկատմամբ: Եթե այդ պահին 100 դրամը մեկ հոգու կյանքից ավել արժեցավ,ուրեմն ընտրություններում 5000-ականների կաշառքը արդարացված է:

Այսօր էլ կարդացի,որ մեկ զինվոր ևս մահացել է: Գուցե մեղադրենք ինքներս մեզ, որ մեր միասնական անտարբերությունն ու լռությունը սպանում է յուրաքանչյուրիս...

ՀՈՎՅԱՆ

Աղբյուրը՝ www.hovyan.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее