gamarjoba.ge : Վրաստանը մեր սահմանակից երկիրն է, եւ թվում է՝ մենք գիտենք նրա մասին գրեթե ամեն ինչ, ինչպես կիմանայինք լավ հարեւանի մասին՝ այսքան տարի կողք-կողքի ապրելով ու այսքան հաճախ նրա տուն հյուր գնալով: Սակայն եկեք ստուգենք՝ արդյոք մենք ծանոթ ենք Վրաստանի մասին «ամենա-ամենա» փաստերին, եւ նորովի բացահայտենք մեր հին հարեւանին.
1. Վրաստանը աշխարհի ամենաշատ կարդացող երկրներից մեկն է
ՅՈՒՆԵՍԿՕ-յի տվյալներով՝ 90-ականների վերջում Վրաստանն աշխարհում զբաղեցնում էր առաջին տեղը՝ 1000 մարդուն բաժին ընկնող հանրային գրադարաններում առկա գրքերի քանակով: Անշուշտ, այս տվյալները կարող են հնացած թվալ, եւ դեռ ավելին՝ գրքերի առկայությունը գրադարանում դեռ չի նշանակում, որ այդ գրքերն ընթերցվում են: Սակայն եւս մեկ փաստ. 2013-ին Վրաստանում հրատարակվել է 7.736 անուն գիրք (նոր վերնագիր), ինչը 3.7 միլիոն բնակչություն ունեցող երկիրը դարձնում է աշխարհում երկրորդը՝ 1 միլիոն մարդուն բաժին ընկնող վերնագրերի քանակով: Եվ իրոք, Վրաստանում շատ են կարդում, ինչը ապացուցվում է նաեւ հրատարակչությունների եւ գրախանութների քանակով: Ի դեպ, Վրաստանից ավելի շատ կարդացող երկիրը Մեծ Բրիտանիան է՝ 64 միլիոն բնակչությամբ, որտեղ 2013-ին հրատարակվել էր մոտ 184.000 նոր վերնագիր:
2. Վրաստանը աշխարհի ամենաշատ բժիշկներ ունեցող երկրներից մեկն է
2010-ին 10.000 մարդու հաշվով Վրաստանում կար 48 բժիշկ, ինչը այս ցուցանիշով դարձնում է Վրաստանը աշխարհում 10-րդը:
3. Վրաստանը Եվրոպայի ամենաապաքրեականացված երկրներից մեկն է
2015-ին 100.000 մարդու հաշվով բանտերում գտնվող հանցագործների քանակով Վրաստանը Եվրոպայում 3-րդն է. 3,7 միլիոն բնակչությունից 10.236 հոգի գտնվում է բանտերում, մինչդեռ, օրինակ, Հայաստանում 3 միլիոնից՝ միայն 3.880-ը:
4. Վրաստանը աշխարհի ամենաքիչ կոռումպացված երկրներից մեկն է
Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հեղինակավոր կազմակերպության 2015-ի վարկանշման՝ կոռուպցիայի ընկալման համաթվով Վրաստանը աշխարհում զբաղեցնում էր 48-րդ տեղը, իսկ Եվրոպայում՝ 25-րդը:
5. Վրաստանը ամենաերիտասարդ առաջնորդներ ունեցող երկրներից մեկն է Եվրոպայում
Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի նախագահ ընտրվեց 36 տարեկանում, Իրակլի Ղարիբաշվիլին նշանակվեց վարչապետ 31 տարեկանում, Նիկա Գիլաուրին էներգետիկայի նախարար՝ 29 տարեկանում, Վերա Քոբալիան՝ էկոնոմիկայի նախարար 28 տարեկանում, Բակուր Կվեզերելին՝ գյուղատնտեսության նախարար 27 տարեկանում, Դավիթ Սակվարելիձեն՝ գլխավոր դատախազի տեղակալ 27 տարեկանում եւ այլն:
6. Վրաստանի ռեգբիի հավաքականը աշխարհի առաջատարներից մեկն է
Ֆուտբոլը, անշուշտ, շարունակում է կարեւր սպորտ լինել Վրաստանում, սակայն վրաստանցիների ամենահաջողված սպորտը ռեգբին է. Վրաստանի ռեգբիի ազգային հավաքականը իր վարկանիշով Եվրոպայում 6-րդն է: Ընդ որում, սխալ է ենթադրել, թե ռեգբիի տարածումը եվրոպական կամ ամերիկյան ազդեցության հետեւանք է: Ռեգբիի առաջին խաղը Վրաստանում տեղի է ունեցել դեռ 1928-ին, իսկ 70-80-ականներին Թբիլիսիի եւ Քութայիսիի թիմերը լավագույններից էին Խորհրդային Միությունում:
7. Վրաստանում գտնվում է Եվրոպայի ամենաբարձրադիր բնակավայրը
Վերին Սվանեթիի Ուշգուլի համայնքը միավորում է 4 փոքր գյուղ, որոնք գտնվում են ծովի մակերեւույթից 2060-ից 2200 մետր բարձրության վրա: Ուշգուլին աչքի է ընկնում ոչ միայն իր լեռնային դիրքով, այլեւ միջնադարում կառուցված ինքնատիպ տուն-աշտարակներով: Վերին Սվանեթին Վրաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգության երեք օբյետներից մեկն է:
8. Վրաստանը ամենաշատ պնդուկ արտահանող երկրներից մեկն է
Վրաստանը աշխարհում հայտնի է իր հանքային ջրերով եւ գինիներով. 2014-ին երկրից արտահանվել է 137 միլոն դոլար արժողությամբ հանքային ջուր, 180 միլիոն դոլար արժողությամբ գինի, սակայն արտահանված պնդուկի արժեքն էլ ավելի մեծ է՝ 183 միլիոն դոլար:
9. Վրաստանը բնության պահպանվող ամենամեծ տարածքներ ունեցող երկրներից մեկն է Եվրոպայում
Վրաստանում կա 10 ազգային պարկ, 14 արգելոց, 18 արգելավայր, բնության 40 հուշարձան եւ պաշտպանվող 2 լանդշաֆտ, որոնց ընդհանուր մակերեսը ավելի քան 524.000 հեկտար է. սա կազմում է երկրի տարածքի ավելի քան 7.5%-ը:
10. Վրաստանը ամենաշատ տուրիստներ ընդունող երկրներից մեկն է Եվրոպայում
Վրաստանի բնակչությունը ընդամենը 3.7 միլիոն է, սակայն 2015-ին այս երկիր է այցելել մոտ 6 միլիոն արտասահմանցի, ընդ որում՝ դրանցից 1.5 միլիոնը՝ հայաստանցի: Իսկ Դուք այս տարի այցելելու՞ եք Վրաստան:
Աղբյուրը՝ gamarjoba.ge