▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԶՊՄԿ-ն Սյունիքի մարզն ամրացնող ու անվտանգություն ապահովող կարևոր հենասյուն է․ Վարդան Ջհանյան

2021-ին պետբյուջեից պաշտպանությանն ուղղված ծախսերը եղել են 319 մլրդ դրամ, որի կեսից ավելին ապահովել է ԶՊՄԿ-ն:

«Մեր վճարած հարկերը համարժեք են պաշտպանությանն ուղղված բյուջեի կեսին, որպեսզի ավելի լավ պատկերացում լինի, թե ինչ ահռելի գումար է։  Միևնույն ժամանակ, սա նաև ցույց է տալիս, թե ինչ կարևոր է եղած ռեսուրսները, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտի ռեսուրսները ճիշտ օգտագործելը և զարգացած տնտեսություն ունենալը: Առանց զարգացած տնտեսության մենք չենք կարող ունենալ հզոր բանակ, հզոր պետություն: Ես սա առիթ ունեցել եմ ասելու՝ եթե Հայաստանը ԶՊՄԿ-ի հզորության ևս մեկ կամ երկու ծրագիր ունենար, կունենայինք որակապես այլ տնտեսություն»,-ասում է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի 1-ին տեղակալ Վարդան Ջհանյանը՝ «Սյունյաց Երկիր»-ի հետ զրույցում, որից մի հատված ներկայացնում ենք նաև մեր ընթերցողների ուշադրությանը։

- 2020 թ. նոյեմբերի 9-ից և մասնավորապես այդ տարվա դեկտեմբերի 18-ից հետո Սյունիքի շուրջ ռազմաքաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել: Ավելին, շարունակվում են անորոշությունները մեր տարածաշրջանի շուրջ: Արդյո՞ք ստեղծված վիճակում ռիսկային չեք համարում ընկերությունում կատարվող ներդրումները, արդիականացմանն ուղղված քայլերը:

-  Ոչ, մենք դա համարում ենք մեր բնականոն աշխատանքը՝ Հայաստանի ինքնիշխան սահմանների մեջ, և այդ հարցում՝ ներկա իրավիճակում, մեզ համար չկան անորոշություններ։ Ընդհակառակը՝ Սյունիքում շարունակում ենք կատարել ներդրումներ և ամեն կերպ նպաստել տարածաշրջանի զարգացմանը։ Կոմբինատն արդիականացվում է, և շարունակելու ենք զարգացնել հանքարդյունաբերությունը՝ լավագույն տեխնոլոգիաներ ներգրավելով։ Նման գործելաոճն ինքնին, եթե նույնիսկ հաշվի չառնենք արդեն իսկ մեծ օգուտ բերող հարկերը, այս ձեռնարկության զարգացումը դարձնում է  մարզի համար կարևոր ռազմավարական գործոն, որն ապահովում է հանրության զբաղվածությունը, ապահովում է  ներդրումներ, տնտեսական աճ և դառնում մարզն ամրացնող կարևոր հենասյուն։

- Արտադրանքի ծավալներ, արտահանման ծավալներ. մի քանի թվեր այդ մասին, որոնց օգնությամբ կարող ենք պատկերացում կազմել ընկերության ներկայիս ամբողջական նկարագրի վերաբերյալ:

- Անցյալ տարի արդյունահանման ծավալը համապատասխանել է լիցենզիայով նախատեսված ծավալին՝ 22 միլիոն տոննա հանքաքար, ինչը 20 %-ով ավելին էր նախորդ տարվա ցուցանիշից. իհարկե, մեր ունեցած թույլտվությունների սահմաններում։ Ապագայում նախատեսում ենք ընդլայնել ծավալները, բայց դա արդեն նոր լիցենզավորման կարիք կունենա։ ԶՊՄԿ-ն հսկա է, որի բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել՝  պահպանելով, իհարկե, կայուն զարգացման, բնապահանական բոլոր չափանիշները։

- Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը հսկայական տնտեսություն է և, բնականաբար, չեն կարող չլինել թերություններ, դժվարություններ, բացթողումներ, որոնք Ձեզ, որպես գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, անհանգստացնում կամ մտահոգում են: Այդ մասին կուզենայինք իմանալ:

- Ինչ խոսք, արդյունաբերական հսկան, որի գործունեությունն արդեն իսկ առնչվում է բազմաթիվ ռիսկերի հետ, դժվարություններ չի կարող չունենալ։ Սա բազմաշերտ և ընդգրկուն ոլորտ է՝ հատկապես ռիսկերի կառավարման առումով։ Հենց դրանով էլ բարդ, ժամանակատար և ծախսատար է ժամանակակից հանքի շահագործումը։ Սակայն կառավարման ճիշտ կազմակերպման դեպքում հնարավոր է ունենալ անխափան, կայուն և համաշխարհային լավագույն չափորոշիչներին համապատասխանող ձեռնարկություն։ Մենք հիմա ինչ-որ իմաստով բարեփոխումների փուլ ենք անցնում, որն ամենօրյա ռեժիմով նոր, կարևոր, երբեմն հրատապ որոշումների անհրաժեշտություն է ենթադրում։ Մենք տեսնում ենք 70-ամյա հանքի երիտասարդացած ապագան, և տեսնում ենք, որ հանքարդյունաբերության միջազգային փորձի ներդրմանը կարող ենք շատ շուտով հասնել, ինչը, իհարկե, մեծ ծավալի ջանքեր և ժամանակ է պահանջում։

- Կուզենայինք քննարկել նաև բնապահպանական խնդիրները. հանքարդյունաբերությունն այդ իմաստով ամենախոցելի և ամենաքննադատվող ոլորտն է։

- Բնապահպանությունը և կայուն զարգացումը հանքարդյունաբերության ոլորտում շատ տարողունակ թեմա են, և կարելի է  մանրամասն ներկայացնել, թե հատկապես ինչ է  անում այսօր ԶՊՄԿ-ն՝ բնապահպանական մարտահրավերների առումով։ Բայց, եթե ամենակարճ պատասխանը տամ, ապա հայաստանյան օրենսդրությամբ նախատեսված բնապահպանական բոլոր պահանջները մենք կատարում ենք: Եվ այդքանով չենք բավարարվում, այլ հետևում ենք համաշխարհային միտումներին՝ բնապահպանական ռիսկերը նվազագույնի հասցնելու առումով։ Պետք է ասեմ՝ միշտ չէ, երբ համացանցով կամ որևէ լրատվամիջոցով ներկայացվող խնդիրը համապատասխանում է իրականությանը: Իհարկե, չենք էլ կարող պնդել, թե խնդիրներ չկան, կան, բայց դրանք լուծելի են։ Ընդ որում՝ լուծումները, ինչպես արդեն ասացի, մեծ ծախսեր են պահանջում, բայց բնապահպանական հարցերի լուծման համար երբեք ու որևէ գումար չի խնայվում։ Շուտով կհայտարարվի մի քանի մեծածավալ ծրագրի մասին, որ այս ուղղությամբ իրականացվում է։

- Ադրբեջանը, փաստորեն, Հայաստանի նկատմամբ բնապահպանական տեռոր է կիրառում՝ պնդելով՝ հայկական հանքերը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, շահագործվում են բնապահպանական լուրջ խախտումներով, և ներկայացնում են, թե դա է իրենց կողմից Լաչինի միջանցքը փակելու շարժառիթը:

- Երբ ասում եմ, որ մեր երկրի բնապահպանական խնդիրները միշտ չէ, որ ներկայացվում են գրագետ ու օբյեկտիվ ձևով, հենց դա նկատի ունեմ: Հիմա յուրաքանչյուր կեղծ տեղեկատվություն վերածվում է թշնամու կողմից սադրանքի առիթի։ Ստացվում է՝ ինքներս մեր տնտեսության կարևորագույն ոլորտը վարկաբեկում ենք։ Մինչդեռ, վստահաբար կարող եմ ասել, հայկական հանքավայրերը հարևանների համեմատ շատ ավելի բարձրակարգ կառավարում ունեն և բնապահպանական շատ ավելի խիստ չափանիշներով են առաջնորդվում։ Ոլորտում եղած բոլոր խնդիրները պետք է վեր հանվեն գրագետ և նպատակային՝ եղած հարցերին լավագույն լուծումներ տալու, ոչ թե անհարկի, անտեղյակ և ապատեղեկատվական աղմուկով վնասելու թե՛ երկրի, թե՛ կոնկրետ այս լրջագույն ոլորտի համբավը։

Հարցազրույցը՝ Սամվել Ալեքսանյանի

Աղբյուրը՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին