Արդեն տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 3-ին Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլլում» կայացել է Շառլ Ազնավուրի միակ ու վերջին համերգը ռուս հանդիսատեսի համար:
Ռուսաստանում էլ, ըստ նախնական հաղորդագրության, Ազնավուրը ավարտում է իր համերգային գործունեությունը և այդ պատճառով է, որ համերգի ժամանակ կատարել է իր բոլոր լավագույն ու ճանաչված երգերը: Հիշեցնենք, որ աշխարհահռչակ շանսոնյեն այս տարի նշում է իր 90-ամյակը:
Հատկանշական է, որ «Կրոկուս Սիթի Հոլլ» շքեղ համերգասրահը պատկանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խնամին է` Մոսկվայում հայտնի գործարար Արազ Աղալարովը. Ալիեւի աղջիկը մի քանի տարի առաջ է ամուսնացել Աղալարովի որդու հետ եւ հանդիսանում է Հեյդար Ալիեւի հիմնադրամի ռուսաստանյան մասնաճյուղի տնօրենը:
Հիշեցնենք նաև,որ Ալիևի դուստրը օրերս դիմել էր Ռուսաստանի իշխանություններին՝ Խոջալուի դեպքերին քաղաքական գնահատական տալու համար:
Ըստ ասեկոսեների, համատեղության կարգով Շվեյցարիայում Հայաստանի դեսպան աշխատող Շառլ Ազնավուրի մոսկովյան համերգի նախաձեռնության հովանավորը հենց ադրբեջանցի գործարարն է. Ազնավուրի վերջին համերգի համար վճարված գումարը գաղտնի է պահվում:
Ռուսական կայքերից մեկին տված վերջին հարցազրույցում, ի դեպ, Ազնավուրն ասել էր, թե երաժշտությունը չպետք է խառնել քաղաքականության հետ, իսկ իրենց համարել է ֆրանսիացի` հայկական, թուրքական, վրացական, ռուսական արմատներով:
Ի դեպ, առաջին անգամ է, որ Ազնավուրը խոսում «թուրքական արմատների» մասին և անհասկանալի է, թե ինչ նկատի ունի նա`«թուրքական արմատներ» ասելով, քանի որ ցեղասպանության ու տեղահանման տարիներին Արևմտյան Հայաստանից ու Թուրքիայից մազապուրծ եղած հայության սերունդներից որևէ մեկն իրեն չի համարել «թուրքական արմատներ»-ով:
Հայտնի է, որ Ազնավուրն իր հարցազրույցներում բազմիցս նշել է, թե ցանկանում է, որ հայ և թուրք ժողովուրդները փոխհամաձայնության գան, սակայն անհասկանալի է գինը ու շարժառիթը... նկատի ունենք` փոխհամաձայնության գալու գինը ու նման հայտարարությունների շարժառիթը...
Սակայն նաև հայտնի է, որ, սովորաբար, ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը ... Եվ Ազնավուրը, ով ասում է, թե ինքն ապաքաղաքականացված տարր է ու երաժշտությունը պետք չէ խառնել քաղաքականության հետ` Ալիևի խնամու համերգասրահում ու նրա «ստվերային» նախաձեռնությամբ մոսկովյան ելույթից հետո, հնարավո՞ր է հիմա էլ սկսի խոսել հայ և ադրբեջանցի ժողովուրդների փոխհամաձայնության մասին... Ու կրկին չնշի` գինը/ փոխհամաձայնության գալու/ ու նման հայտարության շարժառիթը....
Մենք ոգևորվում ենք Ազնավուրի հարցազրույցներում արտահայտած մտքերով` մանավանդ, երբ դրանք վերաբերում են Հայաստանի ներքին կյանքին ու խնդիրներին, սակայն, անհասկանալի անտարբերությամբ, մենք հաճախ անտեսում ենք Ազնավուրի մտքերը, որոնք վերաբերում են մեր «հարևաններին», որոնց հետ ամեն կերպ ցանկանում է հաշտեցնել մեզ աշխարհառչկան շանսոնյեն...
Կրկին հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը Շվեյցարիայում ՀՀ դեսպանն է...