Մրցավար Սամվել Հովսեփյանը խզել է պայմանագիրը ՀՖՖ-ի հետ ու ժամանակավորապես դադարեցնում է ֆուտբոլային գործունեությունը որպես ՀՖՖ մրցավար: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։
«Ես՝ Սամվել Հովսեփյանս երկար տարիներ լինելով ՀՖՖ մրցավարական կորպուսում, սպասարկելով Հայաստանի մանկապատանեկան առաջնությունների հարյուրավոր խաղեր, սպասարկելով խաղեր առաջին ու բարձրագույն խմբերում, տեղեկացնում եմ, որ խզել եմ պայմանագիրս ՀՖՖ-ի հետ ու ժամանակավորապես դադարեցնում եմ ֆուտբոլային գործունեությունս որպես ՀՖՖ մրցավար: Չեմ հավատում այլևս ՀՖՖ այս ղեկավարների կողմից տրված փոփոխությունների խոստումներին։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ անցել եմ մրցավարի այս բարդ ճանապարհը զրոյական կետից, շնորհակալ եմ այն հարգանքի համար, որ զգացել եմ խաղադաշտում ու խաղադաշտից դուրս։ Բոլոր ֆուտբոլիստներին մարզիչներին հաջողություն ու լիքը հաղթանակներ եմ մաղթում շարունակեք երազել ու պայքարել ձեր երազանքների համար :
Հայ մրցավարներն այսօր մնացել են առանց արժանապատիվ ու համակարգված պաշտպանության ինչպես երբևէ։ Մրցավարների արժանապատվությանը վիրավորելու ու մրցավարների նկատմամբ բռնության դեպքերը համատարած են թե մանկապատանեկան ֆուտբոլում, թե պրոֆեսիոնալ, թե Երևանում, թե մարզերում։ ՀՖՖ-ն գրեթե ոչինչ չի կարողանում ձեռնարկել իր մրցավարներին պաշտպանելու համար։
ՀՖՖ-ի համար այս երևույթը 9-րդական կարևորության է, տարիների ընթացքում այդպես էլ չնախաձեռնվեցին համակարգված լուծումներ գտնելու փորձեր։
Ես առաջին հանդիպումը սպասարկել եմ 2017-ին, այդ պահից ի վեր մրցավարների աշխատավարձը երբեք չի բարձրացել, չնայած կյանքի բոլոր ոլորտների թանկացմանը, սա այն պարագայում որ մրցավարության դերը ֆուտբոլում առանցքային է իր մեջ շատ ռիսկեր է պարունակում, այն պարագայում, երբ ՀՖՖ նախագահը անձամբ է հայտարարում, որ ունենք մրցավարների քանակի խնդիր, իսկ էս ամեն ինչի արդյունքում մրցավարներն այսօր գերծանրաբեռնված ու շատ մեծ դժվարություններով են սպասարկում առաջնությունների խաղերը:
Այս համատեքստում, երբ մրցավարական կորպուսում ներքին հանդիպումներ, ժողովներ նախաձեռնելու փորձ է արվում, խնդիրների մասին քննարկումներ անցկացվում` ղեկավարության կողմից պիտակավորվում ես որպես սաբոտաժ անող ,և որպես պատիժ զրկվում ես խաղերի նշանակումներից և հավաքների ցուցակներում ընդգրկվելուց։
Կարծում եմ ֆուտբոլային հանրությունը մրցավարական խորքային խնդիրներից բացի պետք է իմանա ինչ պայմաններում են անցկացվում ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մանկապատանեկան առաջնությունները։ Օրինակ ինչ մարզադաշտերում են խաղում կամ մարզվում մանկապատանեկան թիմերը , ովքեր են ֆուտբոլը համակարգում մարզերում, ինչու ոչ մեկ չի կրում պատիժ թերացումների համար։ Միգուցե հենց այս հարցերի պատասխանները ինչ որ չափով անմիջական կապ ունեն մանկապատանեկան հավաքականների արդյունքների հետ։
Հայկական ֆուտբոլում փոփոխությունները այլևս այլընտրանք չունեն։ Կհանդիպենք»,- գրել է Հովսեփյանը։