▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարատեսակ հիվանդություններ, ծննդաբերության աճի նվազում. Էրեբունիի բնակիչն ահազանգում է թունաքիմիկատների խնդրի մասին

 

Էրեբունի վարչական շրջանի 3-րդ, 4-րդ զանգվածի բնակիչ Սերգեյ Գրիգորյանը բարձրաձայնում է Էրեբունու տարածքում գտնվող թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրի մասին:

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ տվյալ խնդրով դիմել է նախկին կառավարությանը, սակայն՝ ապարդյուն:  Թավշյա հեղափոխությունից հետո կրկին նույն խնդրով դիմել է Բնապահպանության և գուղատնտեսության նախարարություններ, իսկ հիմա ակնկալում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աջակցությունը:  Նախարարություններից պատասխանել են, որ մինչև 2020 թ. ոչինչ չի կարող արվել:

Սերգեյ Գրիգորյանի խոսքով՝ վերջին տարիներին թունաքիմիկատների գերեզմանոցի խնդիրը  որոշակի լուծում էր ստացել բնապահպանների բարձրացրած աղմուկից, տվյալ հատվածը ցանկապատել էին, անվտանգության աշխատակիցներ էին բերել, ինչից հետ այդ թունաքիմիկատների պատճառով աղտոտվող ջուրը մաքրվել էր: Նշենք, որ բնակելի տարածքները գտնվում են թունաքիմիկատների գերեզմանոցից 200-250 մետր հեռավորության վրա:  

Թունաքիմիկատների հետևանքով բնակիչների մոտ առաջանում են տարատեսակ հիվանդություններ, ըստ Սերգեյ Գրիգորյանի՝ խնդիրը հանգեցնում է ծննդաբերության աճի կանգնեցման: Բացի դրանից՝ թունաքիմիկատների գերեզմանոցից 50-100 մետր հեռավորության վրա է գտնվում տեսակով բացառիկ վայրի ցորենի տարածքը, արդյունքում՝ թունաքիմիկատների ջրերը խառնվում են վայրի ցորենի հետ՝ չորացնելով դրանք:

Սերգեյ Գրիգորյանի խոսքով՝ չեխ գիտնականները, ուսումնասիրելով թունաքիմիկատների գերեզմանոցը, եկել այն եզրահանգման, որ տվյալ թունաքիմիկատները կարելի է նորից վերամշակել և ստանալ բնապահպանության համար օգտակար նյութեր: Նույնիսկ չեխ գիտնականները 2016 թ.-ին  40 հազար եվրո են փոխանցել, որպեսզի ճանապարհը ժամանակավորապես խճապատեն, սակայն ըստ Գրիգորյանի՝ այդ գումարը, հավանաբար, յուրացվել է նախկին կառավարության անդամների կողմից:

Հավելենք, որ գերեզմանոցը գոյություն ունի  1982թ.-ից: Այստեղ թաղվել է մոտ 500 տոննա տարբեր տեսակի ժամկետանց, գյուղատնտեսական վտագավոր քիմիկատներ, մասնավորապես ԴԴՏ տեսակի թունաքիմիկատն է գերակշռում: Այս տարածքի հետ կապված հիմնական մտահոգությունն այն է, որ ժամանակին, երբ թունաքիմիկատները պահվել են այստեղ, հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ տարածքը սողանքային գոտում է գտնվում, և վտանգը կրկնապատվում է: 


Հեղինակ՝ Լ. Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին