Մեր անկախությունը 23-24 տարեկան է, կան մարդիկ, ովքեր մնացել են գոյություն չունեցող կայսրությունում: Երկու տասնամյակը բավարար չեղավ, որ նրանք հպատակից դառնան քաղաքացի:
Այս մոլորվածները ինձ, մյուսներին մեղադրում են հակառուսականության մեջ՝ առանց գիտակցելու, որ մենք ոչինչ չունենք ոչ ռուս ժողովրդի, ոչ նրա մշակույթի դեմ:
Սրանց համար Ռուսաստանը նույնանում է բացառապես մարդակուլ Ստալինի, չեկիստ Պուտինի, ռուսական սապոգի, գուցե նաև՝ էժանագին սալի ու անճաշակ բոզերի հետ:
Իմ պատկերացրած Ռուսաստանը՝ Պուշկինի ու Տոլստոյի, Նեկրասովի ու Լերմոնտովի, Սախարովի ու Սոլժենիցինի Ռուսաստանն է: Այդպիսի Ռուսաստանը մեր դաշնակիցն է, մեր բարեկամը:
Կայսերական Ռուսաստանը՝ անկախ գույներից, իմ երկրի ու անկախության թշնամին է, Կարսն ու Արդահանը, Ղարաբաղն ու Նախիջևանը մեզանից խլողն ու թուրքին ու ադրբեջանցուն տվողը, մեր մտավորականությանը՝ ազգի սերուցքին, կոտորողը:
Հիմա սրանք՝ պատմություն ուրացող կամ չիմացող մարդիկ, լծվել են ռուսական կայսրության պաշտպանությանը: Նրանք պատրաստ են, որ մի անգամ էլ Ղարաբաղ ծախվի՝ միայն թե ռուսների հետ լինենք, նրանք պատրաստ են ուրանալ Եռաբլուրի խորհուրդը, որովհետև այնտեղ նահատակված ախպերներ չունեն...
Նմաննների հետ բանավիճել չարժե, որովհետև նրանց հայրենիքը ռուսական կայսրությունն է, նույն այն կայսրությունը, որը 91-ին Գետաշենը հանձնեց Ադրբեջանին, նույն այն կայսրությունը, որ օրեր շարունակ Գյումրին ու Սպիտակը թողեց փլատակների տակ՝ անմեղ մարդկանց թողելով անօգնական, նույն այն կայսրությունը, որը ցինիկաբար փորձում էր կոտրել մեր ժողովրդի հերոսականությունը՝ երկրաշարժից հետո Երևանի փողոցները լցնելով տանկերով:
Բայց սա նաև այն կայսրությունն է, որին մենք հաղթել ենք՝ 88-ով ու Ղարաբաղի հերոսամարտով, զինվորի անձնուրացությամբ ու աղոթքով, մեր հրաշք հայրենիքի անմահության գիտակցումով...