▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը հետ չմնաց «մեծ եղբոր» օրինակից.«Ժողովուրդ»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային ուղղված իր ելույթում նախօրեին խոսել էր աշխարհաքաղաքական զարգացումների մասին, փորձել ներկայացնել իրավիճակը ՌԴ-ի ապագայի մասով, սակայն, չնայած հնչած ծափողջույններին, ապագան ՌԴ նախագահի համար եւս կարծես թե մշուշոտ է: «Դժվարությունները, որոնց մենք բախվում ենք, նոր հնարավորութուններ են ստեղծում: Մենք պատրաստ ենք ընդունել ժամանակի ցանկացած մարտահրավեր ու հաղթել»,- ասել էր Պուտինը՝ շարադրելով «պետք է»-ների մի շղթա. «Մեր տնտեսության ծավալներն ու որակը պետք է համապատասխանեն ՌԴ-ի աշխարհաքաղաքական ու պատմական դերին: Պետք է հաղթահարել աճի զրոյական տեմպի ծուղակը մոտակա 3-4 տարվա ընթացքում, համաշխարհային աճի միջին տեմպերին» եւ այլն: Այսինքն՝ ինչ-որ ցանկություններ, որ անհասկանալի է, թե ինչ մեթոդներով պետք է իրականություն դառնան:

Եւ, ահա, Սերժ Սարգսյանն էլ հետ չմնալով «մեծ եղբոր» օրինակից՝ երեկ մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումարին, հանդես է եկել մի ելույթով, որը ոչ այլ ինչ է, քան տնտեսագիտական պարզ դասախոսություն՝ պատմական ակնարկներով: «Աշխարհի բոլոր երկրները դասակարգվում են զարգացման 5 փուլերում գտնվող երկրների խմբերի, ընդ որում, 3 փուլեր համարվում են հիմնական, իսկ 2 փուլ՝ մեկ հիմնական փուլից մյուսին անցնելու միջանկյալ փուլեր»,- հայտարարել է Ս. Սարգսայնը: Նրա բացատրությամբ՝ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ հնարավոր չէ անմիջապես ցատկել առաջին փուլից երրորդ փուլ կամ երկրորդ փուլից չորրորդ փուլ... «Սա է տնտեսական զարգացման ճիշտ բանաձեւը»: Ու գործարարները լսելով երկրի առաջնորդի այս խոսքերը՝ պետք է հետեւություններ անեն, թե ինչպես հաղթահարեն ճգնաժամը, արտադրանքի ինչ ծավալներ ապահովեն, ինչպես ապրանքներ հասցնեն ԵՏՄ անդամ երկրների տարածք եւ այլն: Ս. Սարգսյանը, ամփոփելով դասախոսությունը, ահա ինչ դեղատոմս է առաջարկում. «Մեր երկրի տնտեսությունը հաղթահարել է զարգացման երկու կարեւորագույն փուլ եւ այժմ գտնվում է որակական նոր հարթությունում, սակայն նոր մարտահրավերներով, որի համար պետք են ավելի արդյունավետ հենքով տնտեսություն եւ ավելի մրցունակ ձեռնարկություններ»: Ասել է թե՝ Ս. Սարգսյանն էական փոփոխությունների չբերող մտքեր է հայտնել: Անհասկանալի շտամպային ձեւակերպումներ՝ վերջաբանով, թե «հունվարի 1-ից շատ մեծ հեռանկարներ են բացվում գործունյա մարդկանց համար»:

Սա նշանակում է, որ ո՛չ աշխարհին մարտահրավեր նետած ՌԴ-ում, առավել եւս ո՛չ էլ Հայաստանում չգիտեն՝ ինչ անել: Թերեւս Ս. Սարգսյանի խոսքում միակ հիմնավոր փաստարկն այն իրողության արձանագրումն էր, որ թեեւ Վրաստանը ստորագրել է ազատ առեւտրի մասին պայմանագիր, սակայն այնտեղ եւս լարին արժեզրկվում է: Այնպես որ, ԵՏՄ-ն չէ դրամի արժեզրկման միակ մեղավորը:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին