▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանի ԱԴԾ-ն (ФСБ) արդեն թերթեր է փակում Հայաստանում

Բաց նամակ ՌԴ ԱԴԾ տնօրեն Ա.Վ. Բորտնիկովին

Հարգելի Ալեքսանդր Վասիլևիչ:

Ինչպես Ձեզ քաջ հայտնի է, 2011 թվականի հուլիսին ԱԴԾ փոխգնդապետ Վադիմ Պոզդիշևը հեռացվել էր ծառայությունից Ձեր ղեկավարած կազմակերպությունից հայկական ռուսալեզու «Երրորդ Ուժ Պլյուս» («ԵՈՒՊ») թերթի ֆինանսական միջոցները յուրացնելու համար, որոնք պահվում էին մոսկովյան «Ալֆա բանկ»-ում և որոնք ազնվորեն վաստակել էր պարբերականի բազմազգ աշխատակազմը: Այս փաստը հաստատում են ոչ միայն ՌԴ-ում «ԵՈՒՊ»-ի աղբյուրները, այլև Պոզդիշևի ազգականների և ՌԴ ԱԴԾ-ում վերջինիս ծառայակիցների վկայությունները (կարող ենք Ձեզ ուղարկել նրանց գրավոր հաղորդագրությունների պատճենները, եթե ԱԴԾ-ն հետաքրքրված  է սեփական ծառայողների կատարած հանցագործություններով):

Այլ կերպ ասած, ՌԴ ԱԴԾ-ն ինքն է համոզվել Վ.Վ Պոզդիշևի գործողությունների հանցավորության մեջ, «պատժել է» նրան լրագրողներին կողոպտելու համար, անգամ արգելել է վերջինիս դուրս գալ ՌԴ սահմաններից, սակայն, մեղմ ասած, չի շտապում վերադարձնել մեզ մեր իսկ սեփական գումարները: Ավելին` զբաղված է իրավախախտին աշխատանքի տեղավորելու գործով` նրան վերլուծական բաժնի ղեկավարի պաշտոնում RBE GROUP աշխատանքի ընդունելով:

Կատարված հանցագործության պատճառով թերթը ստիպված դադարեցրել է իր գործունեությունը: Անցել է գրեթե 2,5 տարի, սակայն ձեր կազմակերպությունից ոչ ոք, խախտելով ՌԴ գործող օրենսդրությունը, անգամ տվյալ գործով եղած վկաներին հարցաքննելու ժամանակ չի գտել, չնայած մեր բազմաթիվ դիմումներին և այն փաստին, որ Վ.Վ. Պոզդիշևի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր դեռևս 2010 թ.: ԱԴԾ հասարակության հետ կապերի կենտրոնի ղեկավար Զախարովն իր քերականորեն անգրագետ նամակում, ի պատասխան մեր հարցումների, լկտիորեն գրում է, որ ԱԴԾ-ն դադարեցնում է այս գործով նամակագրությունը` ոչինչ չպատճառաբանելով և չտեղեկացնելով, թե երբ մենք, վերջապես, հետ կստանանք մեզնից գողացված միջոցները:

Պարոն ԱԴԾ տնօրեն, տեղեկացնում ենք Ձեզ մեկ անգամ ևս. մեր թերթի խմբագրությունն իր տրամադրության տակ ունի բոլոր իրեղեն, փաստական և այլ բնույթի ապացույցները, ինչպես նաև վկաների  ցուցմունքները, որոնք հաստատում են հայկական պարբերականի աշխատակազմին կողոպտելու փաստը, պարբերական, որն ընդհատել է իր գործունեությունը հիշյալ պատճառով: Համարձակվում ենք հուսալ, որ Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ն շահագրգռված է այս աղաղակող  իրավազանցությունը բացահայտելու և այս գործում տարրական օրինականությունը վերականգնելու հարցում: Մենք պատրաստ ենք տրամադրելու Ձեզ բոլոր փաստերն ու ապացույցները, որոնք վկայում են մեր պնդումների արդարացիության մասին: Միաժամանակ, ստեղծված իրավիճակի հետագա պարզաբանման նպատակով, առաջարկում ենք Ձեզ անպայման հարցուփորձ անել ՌԴ ԱԴԾ կենտրոնական աշխատակազմի աշխատակցուհի Ելենա Ալեքսանդրովնա Գուսևային` գողի` Վ.Վ. Պոզդիշևի անմիջական ղեկավարին (մենք պատրաստ ենք անգամ Ձեզ տրամադրել նրա կոորդինատները, որպեսզի օգնենք ԱԴԾ-ին իր գաղտնի բաժիններից մեկում նրան հայտնաբերելու համար): Համոզված ենք, որ նա Ձեզ շատ հետաքրքիր բաներ կպատմի Հայաստանում և ՌԴ-ում ԱԴԾ աշխատակցի  քրեական գործողությունների մասին, ընդհուպ, թե ինչպես է տանը թաքցրել լրագրողներից գողացված դրամական միջոցները և ինչպես է վախեցել իրավապահների խուզարկությունից: Ուղարկում ենք նաև հանցագործի լուսանկարը, որպեսզի ձեր գերատեսչությունն ավելի լավ կարողանա հիշել, թե ում մասին է խոսքը:

Հարգելի Ալեքսանդր Վասիլևիչ, մենք լիահույս ենք, որ Ձեզ ծանոթ են  «սպայի պատիվ» հասկացությունը, նմանապես նաև Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը, որը հատուկ չափի պատասխանատվություն է կարգորոշում հանցագործներին թաքցնելու համար: Մեզ չի լքում նաև լուսավոր հավատն առ այն, որ Հայաստանի ինտեգրումը Մաքսային, Եվրասիական և այլ միություններ, ինչը օրուգիշեր քարոզվում է Երևանում ՌԴ դեսպանատան կողմից և սկսվում է գողությունով ու հայկական անկախ ԶԼՄ-ների փակումով, պարզապես տհաճ թյուրիմացություն է և ոչ թե հատոկ քաղաքականություն` ուղղված Հայաստանի քաղաքացիների իրավունքների և ազատությունների ոտնահարմանը: Տեղեկացնում ենք Ձեզ նաև, որ ձեր աշխատակիցների քրեական ամենաթողության և արդեն 2 տարուց ավելի ՌԴ ԱԴԾ-ի կողմից  հարցի արհեստական ձգձգման հետ «Երրորդ Ուժի» աշխատակազմը չի հաշտվելու, չնայած ՀՀ-ում ՌԴ դեսպանության կողմից արվող բոլոր ակնարկներին և սպառնալիքներին:

Հարգանքներով`

Նելսոն Սարգսյան – «Երրորդ Ուժ Պլյուս»-ի գործադիր տնօրեն

Իրինա Մարության -  «ԵՈՒՊ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ

Լուսանկարում պատկերված է ԱԴԾ փոխգնդապետ Վադիմ Պոզդիշևը, որը կողոպտել է հայկական թերթի աշխատակազմին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին