▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննիչներին չպատժեցին. «Ժողովուրդ»

ՀՀ գլխավոր դատախազության եւ քննչական մարմինների միջեւ սկսված հակամարտության առաջին իրավական փուլն ավատրվել է հօգուտ քննիչների: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ում քննվող ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի քննիչի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության կարեւոր գործերով քննության վարչության դատախազների որոշումներով՝ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի քննիչի, ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործերի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էին քրեական գործեր եւ ուղարկվել էին ՀՔԾ:

Բնականաբար նորաստեղծ քննչական կոմիտեն չէր ընդունում մեղադրանքը՝ հայտարարելով, որ քրեական գործերի հարուցման հիմքում դրված են եղել ընդամենն առանձին դատավարական ժամկետների բացթողման հանգամանքները: Ասել է թե՝ մի քանի ժամով քննության ժամկետները խախտած քննիչներին չի կարելի հանցագործ համարել:

Հատուկ քննչական ծառայությունն էլ երեք շաբաթ գործը քննելուց հետո, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, որոշել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի քննիչի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը կարճել:

Սա նշանակում է, որ հատուկ քննչական ծառայության քննիչները, քննելով քննչական կոմիտեի իրենց գործընկերների արարքը, հանգել են այն եզրակացության, որ դատավարական ժամկետների բացթողում չի եղել, եւ քննիչները ճիշտ են:

Իսկ թե ինչ ճակատագիր է սպասվում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչին, դեռ պարզ չէ:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել նաեւ ՀՔԾ-ի հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչի, ինչպես նաեւ՝ քննչական բաժնի պետ հանդիսացող նրա անմիջական վերադասի կողմից ավագ քննիչի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Այս գործն էլ գտնվում է  ազգային անվտանգության ծառայությունում:

Տեսնենք, թե նրանք ինչ որակում կտան Աղվան Հովսեփյանի ենթակա քննիչների արարքներին:

Հեղինակ` Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի  այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին