▲ Դեպի վեր

Երկուշաբթի, 07.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Փորձում ենք օգտագործել մեր կապերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. ՀՀ–ում Իրանի դեսպան

Մենք Ադրբեջանի հետ ունենք լավ հարաբերություններ և փորձում ենք օգտագործել մեր կապերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ասել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում միլիտարիզացիային և մեծ ուշադրությամբ հետևում է զարգացումներին։

***

«Իրանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը զսպվածության միջոցով կանցնեն այն ճանապարհը, որն ի վերջո հանգեցնելու է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Իմ կարծիքով մեր տարածաշրջանը չի դիմանա որևէ լարվածության։ Հույս ունենք, որ բոլոր կողմերը կպահպանեն այդ սկզբունքները՝ միտված խաղաղությանը և հանգստությանը»,- նշել է Սոբհանին։

Դեսպանը հայտնել է, որ Իրանը կապի մեջ է և՛ Հայաստանի և՛ Ադրբեջանի հետ․ «Մեր քննարկումների ժամանակ կողմերին կոչ ենք անում շարժվել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Իրանը պատրաստ է օգնել, որպեսզի խաղաղությունը պահպանվի, որպեսզի հրադադարը չխախտվի, և կողմերը կարողանան հասնել խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Եվ կարծում եմ, որ այս առումով 3+3-ը բավականին լավ ֆորմատ է։ Օգտագործելով այդ ֆորմատը՝ մենք կարող ենք շարժվել դեպի խաղաղության հաստատում»,- ընդգծել է Մեհդի Սոբհանին։

Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, որ Ադրբեջանը Իսրայելից մեծ քանակությամբ սպառազինություն է ներկրում՝ դեսպանն ասել է․ «Մենք Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ունենք, Ադրբեջանը մեր հարևանն է, մենք օգտագործում ենք այն կապերը, որ ունենք Ադրբեջանի հետ, ամեն ինչ անում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։ Ամեն դեպքում մենք ուշադրությամբ հետևում ենք տարածաշրջանային զարգացումներին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին