▲ Դեպի վեր

Ուրբաթ, 21.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Պատրաստ եմ ստորագրությունս դնել խաղաղության համաձայնագրի նախագծի ներքո»․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։

Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»։

Ավելի ուշ, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»։

***

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանը փաստացի հաստատում է, որ պատրաստ է միակողմանի պայմանագիր ստորագրել։
Միայն մի բան կասեմ՝ որքան Փաշինյանը ավելի «կառուցողական» է խաղում՝ հայկական կենսական շահերի հաշվին՝ վտանգելով մեր պետականությունը, այնքան արագացնում է Ադրբեջանի ագրեսիան մեր պետության դեմ»:

***

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կար Հայաստան, երբ Ալիևը բողոքում էր, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը, և կա Հայաստան, որի ղեկավարը խնդրում է նույն Ալիևին խաղաղություն կնքել՝ առաջինը պատրաստակամություն հայտնելով իր ստորագրությունը դնել մի թղթի վրա, որը հայ ժողովուրդը չի էլ տեսել»։

***

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարևոր եմ համարում շատ հստակ բացատրել, թե ինչու, ըստ իս, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունն առ այն, որ ինքը պատրաստ է փաստացի միակողմանի ստորագրել «խաղաղության պայմանագիրը», էլ ավելի ագրեսիվ է դարձնելու Ադրբեջանին։
Իմ համոզմամբ, Փաշինյանը համաձայնվել է ընդունել Ադրբեջանի վերջին երկու պայմանները, հույս ունենալով, որ դա կամ հանգեցնելու է պայմանագրի ստորագրմանը կամ միգուցե իրեն թվացել է` ինքը բարդ իրավիճակ է ստեղծելու Ալիևի համար։
Հենց այդ իրավիճակն ստեղծելու հետևանքով ադրբեջանական կողմը դարձել է բավականին ագրեսիվ, դրա մասին են փաստում վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվատվական հաղորդագրությունները։
Հիմա գործընթացի շրջանակներում, որտեղ չկա միջազգային երաշխավոր, տարբեր դերակատարներ տարբեր ֆունկցիաներ են կատարում փխրուն իրավիճակը պահելու համար, բայց որեւէ ուղիղ ներգրավվածություն չունեն գործընթացի մեջ, Փաշինյանը անում է հաջորդ վտանգավոր քայլը, կրկին, իր հաշվարկով, փակուղային իրավիճակ ստեղծելով Ալիեւի համար եւ փորձելով դիրքավորվել` որպես «կառուցողական»։
Ես չեմ քննարկում պայմանագիր
բովանդակությունը, այնտեղ տեղ գտած բավականին վտանգավորո եւ խնդրահարույց դրույթները։
Ես զուտ ներկայացնում եմ խնդիրն Ադրբեջանի ղեկավարության տրամաբանության ու քաղաքականության տեսանկյունից։ Եթե իրենք հստակ ցույց են տալիս, որ չեն ցանկանում այս պահին եւ այս իրավիճակում որեւէ թուղթ ստորագրել, նման քայլերով փակուղային իրավիճակի ստեղծումը հղի է լուրջ վտանգներով։ Այդ ամենին ի պատասխան՝ Ադրբեջանը կարող է ուղղակի գնալ ռազմական գործողությունների՝ ամբողջ գործընթացը տապալելու համար։
Ալիեւը այս քանի օրերին դեռևս տրամադրություններ է շոշափում և ստուգում տարբեր մայրաքաղաքներից եկող արձագանքները։ Եվ հենց նրան զսպելու նպատակ պետք է հետապնդի տարբեր մայրաքաղաքների հետ աշխատանքը։ Կոնկրետ՝ Թեհրան, Վաշինգթոն, Մոսկվա, ԵՄ անդամ մի շարք երկրներ, այս ուղղությամբ պետք է Նիկոլ Փաշինյանը ջանքեր գործադրի, իսկ Ալիեւի համար փակուղային իրավիճակներ ստեղծելու կամ «կառուցողական» հանդես գալու այս միակողմանի նվաստացման քաղաքականությունը միայն նոր ագրեսիայի է հանգեցնելու»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին