forrights.am-ը գրում է, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է փաստաբան Արշավիր Խալափյանին կալանքի վերցնելու միջնորդության քննությունը: Կայքը տեղեկացել է, որ մոտ 5 ժամ տեւած դատական նիստի արդյունքում դատավոր Մուրադ Հովակիմյանը որոշել է գրավի դիմաց փաստաբանին ազատել կալանքից:
Արշավիր Խալափյանը դեռեւս շարունակում է պահվել Կապանի` ձերբակալված անձերի պահման վայրում, մինչեւ նրա հարազատները կմուծեն մեկ միլիոն դրամ գրավը:
Փաստաբան Արշավիր Խալափյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մասով (առեւտրային կաշառք ստանալը). փաստաբանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել է, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը պատվեր է այն անձանց կողմից, ում ձեռնտու չէր իր ակտիվ փաստաբանակն գործունեությունը:
Ավելի վաղ փաստաբանների պալատը հանդես էր եկել հայտարարությամբ, որով կոչ էր արել քրեական վարույթն իրականացնող մարմնին՝ փաստաբան Արշավիր Խալափյանի հետ կապված քրեական գործի վարույթն իրականացնել խստորեն պահպանելով ՀՀ քրեադատավարական սկզբունքները:
Հեղինակ` Արման Ղարիբյան