▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

25 միլիոն դրամից ավելի աշխատավարձ և նոր «Տոյոտա»․ Վեհափառի գործով հանրային մեղադրողի ու նրա տիկնոջ 2025թ. հայտարարագիրը

«168»-ը գրում է. «Վեհափառ Հայրապետի ու 6 բարձրաստիճան հոգևորականների «գործով» մեղադրող դատախազներից մեկն Արամ Արամյանն էր՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ և Արդարադատության առաջին դասի խորհրդական։

Այսօր կփոխանցենք Արամ Արամյանի «ձեռքբերումներից» մի քանի դրվագներ, որոնք ներառված են 2026 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած նրա՝ 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրում։

Այսպես, պաշտոնյան իր հայտարարագրում տեղեկացրել է 2014 թվականին մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում գնած և համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանի և 2025 թվականի ապրիլին 5,4 միլիոն դրամով «Յունեքս» ՍՊԸ-ից գնած 2019 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի մեքենայի մասին։

Նրա բանկային հաշիվների մնացորդները տարվա ընթացքում տատանվել են 700 հազար դրամից 500 հազար դրամի սահմաններում, կանխիկ միջոցները՝ թե՛ տարեվերջին, թե՛ տարեսկզբին եղել են 6 միլիոն դրամի չափով։

Արամ Արամյանի՝ հաշվետու տարվա՝ 40,645,824 դրամ եկամուտն էլ գոյացել է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունից ստացած 15 միլիոն դրամ փոխառությունից և ՀՀ դատախազությունից ստացած 25,645,824 դրամ աշխատավարձից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։

Համեմատության համար նշենք, որ Արամյանը, օրինակ, 2021 թվականին, երբ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալն էր, հայտարարագրել էր հաշվետու տարվա՝ 9,130,630 դրամ եկամուտ, որից՝ 8,820,630 դրամը՝ ՀՀ դատախազությունից ստացած աշխատավարձ և/ կամ դրան հավասարեցված այլ վճարումներ և 310,000 դրամը՝ ՎՏԲ Հայաստան բանկից ստացած փոխառություն։

Արամ Արամյանը նաև հայտնել է հաշվետու տարվա՝ 2025 թվականի տարեվերջին վարկի մայր գումարի՝ 13,327,620 դրամ մնացորդի մասին ու արձանագրել՝ 2025 թվականին վարկի մարմանն ուղղել է 11,658,317 դրամ»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին