▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պապի՛, ես որ մեծանամ Համբիկ ու Մոնթե եմ դառնալու…

-Պապի՛կ, ո՞ւմ մասին ես գրում:

- Մերի Քեշիշյանի ու Համբիկ Սասունյանի:

- Մերին ո՞վ է, պապի՛:
- Համբիկ Սասունյանի կյանքի ընկերը:
- Պապի՛, Համբիկ Սասունյանը սասունցի է՞…
- Հա՛, ձագս, սասունցի է:
- Հիմա Սասունո՞ւմ է:
- Չէ՛, Ամերիկայում:
- Ամերիկայո՞ւմ… Ի՞նչ է անում :
- Հայոց Դատն է պաշտպանում:
- Պապի՛, Համբիկը Մոնթեին ճանաչո՞ւմ է…
- Հա՛, ոնց չի ճանաչում, նրանք մեր հերոսներն են:
- Պապի՛, ես որ մեծանամ Համբիկ ու Մոնթե եմ դառնալու…
ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԵՐ Է... Աշխարհը լեփ-լեցուն, ակաղձուն է սերերով, սիրո խոսքերով, խոստովանություններով, մեղանչումներով, մեղայականներով ու մեղադրանքներով, երազանքներով…
Ծնողական` մայրական սեր կա ու կա հայրական, քրոջ, եղբոր, հարազատի, մտերիմի, ընկերոջ, հայրենակցի: Սեր կա հայրենիքի, ծննդավայրի, նախնիների սեր… Աշխարհում հազար ու մի սեր, հազար ու մի սիրո դրսևորում ու խոստովանություն: Եվ կա մի բառ` դավաճանություն, որը նետի նման խրվում է այդ սերերի մեջ` նայած ինչ ուժով և որ սիրո: Սակայն այդ մասին չէ, որ ուզում եմ խոսել: Իմ կեսդարյա ապրած կյանքում իրական պատմություններում և գրական ստեղծագործություններում շատ սիրո պատմություններ եմ լսել, կարդացել, երբեմն` հուզվել, երբեմն՝ ցավակցել, տխրել, երբեմն՝ հիացել, երբեմն՝ ոգևորվել…
Եվ սակայն կա մի սիրո պատմություն, մի դեպք, որն իր անցած ժամանակվա ճանապարհով, իր ընդգրկուն ծավալով ներառել է բոլոր զգացումները` հուզմունք, հիացում, տխրություն, թախիծ, դառնություն, ոգևորություն… Եվ այդ ամենը լուսավոր ու ապրեցնող… Այս սիրո մեջ միախառնված են զգացումները, հունցված` ծնողի, եղբոր, քրոջ, մտերիմի, հայրենիքի, հարազատի, նախնիների, ծննդավայրի, սիրած տղայի ապրումներից: Այդ սիրո մեջ կա մայրական սպասում ու ջերմություն, եղբայրական սեր ու քնքշանք, սիրած տղայի սիրո խոստովանություն ու սպասում:
Կասեք՝ չկա՞ այդպիսի սեր և այն էլ 21-րդ դարի այս խառնիխուռն աշխարհում: Ասում եք՝ չի՞ լսվի այդպիսի սիրո մրմունջը, խոսքը, այս ականջ սղոցող աղմուկների մեջ: Հավատացեք` այդպես չէ, հավատացնում եմ՝ այդպես չէ, որովհետև նրանց սիրո շշունջը կխլացնի աշխարհի աղմուկները, որովհետև նրանց սիրո կարոտն ու սպասումը սնվում են երկնի կապույտից ու բարձրիկ լեռներից իջնող զուլալ, մաքրամաքուր ջրերից: Չեք հավատում կամ գուցե չեք հավատում, սակայն հավատալու համար պետք է կյանքում կարդաք մի այդպիսի պատմություն կամ էլ վկան լինեք այդպիսի մի սիրո իրական պատմության: Դա հավատացնում եմ` բախտ է, հրաշքի նման մի բան, որին եղա ես ականատես և վկա` 21-րդ դարում: Դա Համբիկ Սասունյանի և Մերի Քեշիշյանի սիրո պատմությունն է: Դա Մերի Քեշիշյանի և Համբիկ Սասունյանի սիրո պատմությունն է: Դա ամեն մեկիս` առանձին-առանձին և ընդհանրական, հավաքական մի ողջ ժողովրդի սիրո պատմությունն է: Դու հավատում ես, որ մեր էպոսի Քառսուն Ճուղ Ծամ Ծովինարը այդ սիրով է լույս աշխարհ բերել Սանասարին ու Բաղդասարին, հավատում ես Առյուծ Մհերի և Արմաղանի, Սասունցի Դավթի ու Խանդութի սիրո պտուղներին: Հավատում ես, ու նաև քեզ թվում է, թե ներկա ես եղել Արտաշեսի ու Սաթենիկի հարսանյաց հանդեսին և Գողթան գավառի այն գուսանն էլ դու ես, ով փանդիռը զարկելով երգում է.
Ոսկի անձրև էր տեղում
Արտաշեսի փեսայության ժամանակ:
Մարգարիտ էր տեղում
Սաթենիկի հարսնության ժամանակ:
Ինչպե՞ս է ծնվել այդ սերը…
- Այդ սերը այսօր պետք է հայ զինվորին և նրան սպասող հայուհուն, և ոչ միայն նրանց…
- Այդ սերը այսօր պետք է մեզ` սերը պակասել է աշխարհից…
- Այդ սիրո մասին գրված օրագրային հատորները և նամակները մի օր մեր սեղանի գիրքը կդառնան, և դա կգրի Պատմիչը, ով ծնվելու է սիրո միասնությունից:
Կգրի այսպես.
-Սասնա լեռներից կապուտակ մի գետակ էր իջնում ու խառնվում մի հորդառատ գետի: Չէր խառնվում` զարկում-կտրում էր լայնահուն այդ պղտոր, մթամած գետն ու գնում խփում էր մյուս ափին: Նորից հետ էր գալիս ու հետո նորից էր իրեն մյուս ափին զարկում: Այդպես իրեն ափեափ տալով հոսում էր հունն ի վար` գնում-լցվում էր աշխարհի մեծ ծովերն ու օվկիանոսները` փորձելով սակայն պահպանել իր կապույտ երակը, Սասնո լեռներից իջած այն կապույտը, որն այսօր տեսանելի է Հայոց բարձրիկ լեռներից իջած մարդկանց աչքերում:
… Ազատամարտիկ Արայի նախնիները Սասունի Փսանաց գավառի Մըկթենք գյուղից են, հայդուկապետ Առաքելի ծննդավայրից: Մռավի լանջերից մեկին հանդիպեցի Արային, և նա պատմեց.
- Մի օր ասկյարները Մըկթենք են մտնում ու աղբյուր ջրի գնացած Իրիցու տան հարսներին (մեր տոհմը Իրիցու տան Կարմիր Ավետարանով էր հայտնի) փորձում են առևանգել: Կայծակի նման սարերից իջած Արան` մեկին խողխողում է սրով, մյուսին սպանում իր մոսին հրացանով և նորից բարձրանում է սարեր:
Ու հիմա Արան էդ նույն հրացանով Մռավի լեռներում զարկում է թշնամուն: Պապ Արան այդպես էլ մնաց Սասնո լեռներում, սա նրա թոռ Արան է: Երբ Արայի հայրը լսեց, որ Արցախում կռիվ է` որդուն ասաց.
- Զա՛րկ ասկյարին, լաո՛, էս մոսին իր կռիվ կիսատ թողեց մեր Սասնա սարերում:
Երբ խաղաղություն եղավ, Արան Արցախի դուստր Ռուզաննային ընտրեց իրեն հարսնացու ու եկավ, բնակություն հաստատեց Մռավի լանջերին:
Մշեցի Աբոն էլ կռիվ գնաց Արցախ ու խաղաղության հետ իր հետ բերեց Արցախի դուստր Մանուշակին: Զավակներ ծնվեցին նրանց օջախներում: Արան ու Աբոն իրար չեն ճանաչում: Երբ մի քիչ քեֆները լավանում է` առանց այդ էլ խենթ մշեցին ու սասունցին սկսում են կատակել.
- Գնացինք կռիվ, թուրքերին ջարդեցինք: Վերջում էլ Արցախի դուստրերից ընտրեցինք մեր սրտի ուզածն ու եկանք: Նոր սերունդ ենք ստացել, նոր սերո~ւնդ` սասունցուց ու արցախցուց ծնվածը ի~նչ կլինի…
Այդպես է ասում նաև Աբոն.
- Մշեցուց ու արցախցուց ծնվածը հրեղեն կլինի, անհաղթ…
«Սասունցիներ» ջոկատի հրամանատար Աֆոն, երբ հերթական անգամ իր ջոկատով պատրաստվում էր մեկնել Արցախ` մասնակցելու Խոջալուի գրավմանը` (մոտենում էր Զորավար Անդրանիկի ծննդյան օրը` փետրվարի 25-ը): Ու երբ արդեն Խոջալուն գրավված էր` Աֆոն իր գրպանից մի գրություն գտավ, որը կնոջ` Գոհարի ձեռագրով էր. «Խոջալուի ազատագրումը կլինի Զորավարի ծննդյան նվերը: Աֆո՛, առանց Խոջալուն գրավելու հետ չդառնաք ձեր օջախները»:
Սասնա լեռներից իջնող ջրի այն կապույտը ինձ հիշեցրեց Համբիկ Սասունյանի աչքերի կապույտը: Սասնա լեռներից` ասել է, թե երկնքից իջնող ջրի կապույտը, որը գեղեցիկ է ու անհնազանդ, ինչպես ազատությունը…
Սասունցի Աֆոյի պատմությունը, Արայի, մշեցի Աբոյի սերն ինձ հիշեցրեց Համբիկի ու Մերիի սերը: Եվ թվաց՝ այն երկնային պարգև է` նորից Սասնա լեռներից կապույտ ջրի հետ իջնող: Մերիի անցյալ առվակը երկու վտակ ունի` Արևմտահայաստանից դեպի Պարսկահայք, այնտեղից Արցախ, Արցախից` Արծվաշեն: Մյուս վտակը` Վանից և Արծկեից է սկիզբ առնում, հասնում Լոռի, ձուլվելով Մեծ Բանաստեղծի հայրենի եզերքին: Այդ առվակների միացումից պիտի լույս աշխարհ գար մի աղջնակ, մի հայուհի…
Ասում են՝ աշխարհում և այն էլ 21-րդ դարում հրաշքներ չեն լինում: Հավատացեք` լինում են, ամեն պահ, ամեն քայլի լինում են հրաշքներ` պարզապես տեսնողներն են պակասել, հավատի դռներն են կիսաբաց…
Միթե՞ հրաշք չէ այն, որ Սասունի լեռներից, Տարոն աշխարհից, Վանից, Արցախից ու Լոռուց իջած կապույտին տվող այդ հրեղեն ջրերը հանդիպեն, միախառնվեն աշխարհի ամենամեծ ջրերում, օվկիաններում: Պիտի գտնեին իրար, պիտի նայեին իրար աչքերի մեջ իրենց լեռների աղբյուրների ակունքների նախնական անաղարտությունը չկորցրած, ազատության ոգին պահած…
Մի՞թե սա հրաշք չէ…
Հավատացեք` հրաշք է, որը սակայն ծնվել է մեր աշխարհի ապրած դաժան իրականությունից: Հիմա ձեզ կպատմեմ ազգի մասնիկ կազմող մի գերդաստանի պատմությունից փոքրիկ մասնիկ, մի փոքրիկ ճակատագիր:
… Սասունում մի գերդաստան էր ապրում Գրիգորյան տոհմից: Ապրում էր կռիվ տալով բնության տարերքի` անձրև ու կարկուտ, հեղեղ, ինչպես նաև Աստծո ստեղծած ամեն մի կենդանու հետ: Այդ ամենը շատ էր բնական: Բնության հետ կռիվ տալով արարում էր իր հացը, և գերդաստանով արժանապատիվ նստում էին հացի: Այնքան մոտ էին երկնի կապույտ գահին, այնքան հավատով էին հայացքները երկինք հառում, որ երբ երաշտ էր լինում, Աստված նրանց մանանա էր ուղարկում:
Սակայն չար ուժերը ինչպես միշտ այս անգամ էլ կտրում են բնության ու մարդու կապը:
Ու մի օր էլ, երբ գերդաստանը խաղաղ քնած էր` ասկյարները ներս խուժեցին ու սկսեցին կոտորել: Սասունցի Մանուկի ընտանիքից փրկվեց միայն Գրիգոր որդին: Մյուս զավակները` Լևոնը, Սեդրակը, դուստրը` Օվսաննան, սպանվեցին: Ճակատագիրը Գրիգորին հասցրեց Դամասկոս, իսկ Սասուն աշխարհի անունն անմահ պահելու համար ազգանունը փոխեց, գրվելով Սասունյան… Մի կերպ պահում էր իրեն, տարբեր աշխատանք կատարում` վաստակելով իր հանապազ հացը: Եվ մի օր էլ հենց այս քաղաքում պիտի հանդիպեր իր նման Եղեռնից մազապուրծ մի գեղանի օրիորդի` Անթառամ Քեոշյանին, ով փրկվել էր Սեբաստիայի հայոց կոտորածից ու երկար դեգերումներից հետո հասել Դամասկոս: Դաժան ու տխուր էր նրա ճակատագիրը: Սեբաստիայից տեղահանված հայերի քարավանի մեջ էր նաև Քեոշյան ընտանիքը, որ բաղկացած էր ինը հոգուց. ծնողները, հինգ որդիներն ու երկու դուստրերը: Դժոխքի ճանապարհը երկար էր: Մի տեղ քարավանն առանձնացնում են իրարից ու սկսում սպանել… Հինգ տղաները փորձում են դիմադրել, պաշտպանել ծնողներին ու քույրերին: Ուժերն անհավասար էին, բռնում են ու երիտասարդներին կենդանի թաղում հողի մեջ` գլուխները դուրս թողնելով: Հետո իրենց ձիերով սրարշավ անցնում նրանց վրայով: Նորից հետ դառնում ու հռհռում` տեսնելով հողին խոնարհված արնոտած մազերով գլուխները:
Ծնողները սպանվում են, քույրն` առևանգվում: Անթառամն, ով զորավոր աղջիկ էր` դիմադրում է, փախչում. հեռվում նշմարել էր ձոր տանող մի ճանապարհ: Մտածում է. «Մահը կփրկի ինձ, կնետվեմ անդունդը, բայց չե՛մ պղծվի…»: Քերծ ու ժայռերին կպած արահետով շարժվում է դեպի ձորաեզր: Հանկարծ տեսնում է դիմացից եկող ասկյարին, ով ագահաբար շուրթերը լիզելով մոտենում էր իրեն. Անթառամը փախուստի փորձ չի անում, որն է՛լ ավելի է ոգևորում ասկյարին և, երբ նա իր գիրկն էր փորձում առնել աղջկան` Անթառամը, նրան էլ իր հետ քաշելով` նետվում է դեպի անդունդը: Ասկյարի գլուխը ջախջախվում է, ինքն էլ վնասվածքներ է ստանում:
Այս ամենը նկատում են վերևում կանգնած թուրքերը, ովքեր իջնում են անդունդն ի վար, տեսնելու մահացել են, թե` ոչ: Մտածելով, որ երկուսն էլ մահացել են` թողնում հեռանում են: Իսկ Անթառամը չէր մահացել…
Հոգնած, վիրավոր ու սարսափած քնում է այդ ձորում. գիշերը մղձավանջ էր. ամենուր դիակներ, արյուն ու մարդահոտ, գիշատիչների ձայներ, որ մարդկային որսի էին դուրս եկել… Առավոտյան ուժերը հավաքելով, մագլցում է լեռն ի վեր, նստում ու նայում շուրջը: Հեռվում բնակավայր է նշմարում, որոշում է այնտեղ քայլել, մտածելով. «Ինչ կլինի` կլինի…, գնամ…»: Ինքն էլ չգիտեր, որ Դամասկոս է հասել: Մի արաբ ընտանիք պատսպարում է նրան, հետո Դամասկոսում գտնում է Անդրանիկ քեռուն: Այստեղ էլ հանդիպում է սասունցի Գրիգորին. երկու որբերն ամուսնանում են ու տեղափոխվում Լիբանան, հաստատվում Բեյրութում:
Մի՞թե Գրիգորի և Անթառամի փրկությունը նման չէ հրաշքի…
Երկուսն էլ աստվածապաշտ էին, և իրենց` Հովսեփ, Մանուկ, Սեդրակ, Դանիել զավակներին ու դստերը` Օվսաննային ձգտում էին այդ կերպ դաստիարակել: Բայց սասունցու ոգին` ըմբոստ ու հեթանոս, զավակներն ավելի էին ժառանգել, հատկապես Մանուկը, ում երկրորդ անունը Սասուն էր: Երբ զավակները մեծացան, ունեցան իրենց զավակները, Գրիգոր պապը պարտադրում էր, որ թոռները Աստվածաշունչ կարդան: Թոռներից սասունցու վարք ու բարքով առանձնացող պատանի Համբիկը մի օր ըմբոստանում է, ասելով.
- Մեծ հայր, ես ավելի լավ է Ռուբենի հուշերը կարդամ, դո՛ւ էլ կարդա…
Ապրում էին Բուրջ Համուդ հայկական թաղամասում, ապրում էին Էրգրի, Սասունի հիշողություններով, և միշտ խրատի նման լսում. «Հիշե՛ք, դուք սասունցի եք, ամեն ինչ պիտի սասունցուն վայել անեք, սասունցու նման ուժեղ լինեք, արդար, աշխատող, հպարտ ու համարձակ…»:
Իր ժամանակին սասունցի Գրիգորի տղա Մանուկն էլ ամուսնացել էր արմատներով Հասան-Բեյլիից սերող Ժորժեթ Պողոսյանի հետ, ով լույս աշխարհ բերեց իր վեց զավակներին` Լևոն, Անի, Հարութ, Շաքե, Համբիկ և Արա Սասունյաններին, ովքեր անվանակոչվեցին ի հիշատակ իրենց զոհ գնացած հարազատներից շատերի:
… Աշխարհի խիղճը մեռել էր, քնել: Մի ողջ ժողովուրդ աշխարհով մեկ ընկած տառապում էր, ողբում, կոծում, ու ձայնը անլսելի էր` գոց էին աշխարհի խղճի դռները: Մեծ եղեռն էր եղել ու աշխարհը` անտարբեր, աշխարհը` խուլ ու համր: Արթնացնել էր պետք: Եվ Սփյուռքում` պահանջատիրությամբ ոտքի ելան Հայ Դատի մարտիկները, հայոց արդարահատույցները… Աշխարհի խիղճն արթնացնող այդ տղաներից մեկն էլ Համբիկն էր, ով` 1982 թվականի հունվարի 28-ին, զգետնեց ԱՄՆ-ում Թուրքիայի ընդհանուր հյուպատոս Քեմալ Արիքանին: Երկար է Համբիկի անցած դժվարությունների ճամփան. տարիներով արգելափակված ամերիկյան բանտում` նա տանում է իր խաչը, պայքարում հանուն Արդարության վերգտնման, Հայ Դատի արդարացի լուծման, Հայոց Ցեղասպանության ճանաչման համար: Նրա հետ տառապում ենք մենք, տառապում է իր մայրը… Մայր, ով երբե՛ք ոչ մեկի ցույց չտվեց իր տխրությունը: Ամեն անգամ որդուն տեսության եկած ժամանակ այդ բարի, հրաշալի հայուհին հավաքում էր իրեն, ներկայանում իր լուսավոր խոսքով, հավատով ոգեշնչում, գոտեպնդում էր իր զավակին: Ոչինչ, որ մթության, միայնության մեջ արտասուքի կաթիլներ էին իջնում այտերն ի վար… Այսպես է ներկայացնում Մերին Համբիկի մայրիկին:
Եվ այժմ խոսքը տանք Համբիկ Սասունյանին. «Մոր մասին` իմ կամ քո, իմ լավ ընկեր, որքան ալ գրիմ, բավական չի: Մայր, բոլոր մայրեր, ուր ալ իք, ով ալ իք, ինչ-որ ի ձեր անունը, տարիքը, լա՛վ իմացեք, որ դուք հոյակապ եք: Երանի յուրաքանչյուր էակ ունենար մոր սիրող սիրտը, նամանավանդ Հայ Մոր, ում սիրտը, ոգին, համոզված եմ` Աստծոյ լավագույն գործն ի, եթե ոչ` Աստված:
Ինչ-որ կփնտրես Աստծոյ մեջ, կգտնաս մոր մեջ:
Մայրը բարություն է և գեղեցկություն, մայրը մարդկության փառքն է ու պատիվը, կյանք տվող Աստվածուհին: Ունեցիր շնորհքը մոր առջև խոնարհվելու, այդ կլինի քո մարդանալու առաջին քայլը, առաջին պարտքն ու պարտականությունը:
Սիրում եմ քեզ, իմ թանկագին մայր, իմ պարծանքն իս: Խոնարհվում եմ քո առջև:
Աստծո հետքերը, արժեքները` ես քո մեջ եմ տեսել, ձեր բոլորի մեջ` Հայոց Սուրբ Մայրեր»:
Հայրը խիստ էր, երբեք իր սերը ցույց չէր տալիս: Հաճախ էր որդին կարոտով հիշում Մանուկ հայրիկին, նրա արտասանությունը, որ միշտ լսում էին ընտանիքի անդամները: Այն ժամանակ թվում էր, թե հայրն այդ տողերը մրմնջում է հենց այնպես, իր համար: Ու նորից պարզ լսելի դարձան Ավետիս Ահարոնյանի խոսքերը Մանուկ հոր ձայնով.
- Այսքան չարիք, թե մոռանան մեր որդիք
Թող որ Աստված հայուն կարդա նախատինք:
Տղաների պատանությունն անցավ լիբանանյան պատերազմի տարիներին: Ընտանիքից Հարութը մասնակցեց Բեյրութի հայաբնակ Բուրջ Համուդ թաղի ինքնապաշտպանությանը: Տարիներ անց եղբայրներից կրտսերը` Արան հեռավոր ԱՄՆ-ից նախնյաց կանչով եկավ Արցախ. կռվում էր Պետոյի ջոկատում:
- 2008 թվականն էր,- պատմում է Մերին,- աշխատավայրիս ընկերներից մեկն ասաց, որ ինձ երկու սփյուռքահայ են հարցնում: Երբ մոտեցա ու տեսա ինձ սպասողներին` մեկն ինձ շատ ծանոթ թվաց. Համբիկի դիմագծերը հուշեցին:
Մինչ կհասցնեի բարևել, լսեցի.
- Բարև Մերի, ես Արա Սասունյանն եմ…
Արդեն ամեն ինչ պարզ էր, միայն հուզված ասացի.
- Կարո՞ղ եմ քեզ գրկել ու համբուրել, Համբիկի կարոտն առնել…
Պատասխանեց, որ՝ այո՛, ինքն էլ նույնն ուզում էր անել, հետո հավելեց.
- Երեկոյան կգանք ձեր տուն՝ ձեռքդ խնդրելու, Համբիկի պատվերն է ու խնդրանքը:
Երեկոյան եկան, և հենց շեմքին Համբիկի ուղարկած շղթան Արան հապշտապ ինձ հանձնեց, առանց ավելորդ ձևականությունների ու ժամանակ կորցնելու… Հետո ձեռքիս հայտնվեց Համբիկի նշանի մատանին, որից անբաժան եմ…
- Ես սասունցի տղա եմ, ձևի հետևից չեմ ընկնում: Երբ տեսա քեզ, խոսեցի, հասկացա, որ իմ քույրիկը, իմ հարսիկը դու ես:
Այսպես` միանգամից, բնական, անմիջական…
- Երկար, տարիների նամակագրական կապից հետո ես դարձա Համբիկ Սասունյանի նշանածը, հարսնացուն: Արդեն 17 տարի է, որ գիտենք իրար…
- Համբիկն իմ հերոսն է, ես միշտ իրենով ապրել եմ, կապրեմ, իրենով եմ դաստիարակվել ու մեծացել, իրենից սովորել…
- Ես սպասում եմ այն օրվան, երբ Համբիկը ոտք կդնի Հայաստան…
- Բեկորի կինը` Նելլի Ղուլյանը, որդիների հետ Համբիկի անունով մի ծառ են տնկում Արցախում և խնամում: Որդիները իրենց լուսանկարների հետ նամակ են ուղարկում Համբիկ քեռուն: Ասում են՝ Բեկոր Աշոտի փոքր տղան, ում նույնպես Բեկոր Աշոտ են կոչում, մի անգամ ծառը ջրելիս մորը հարցնում է. «Մայրի՛կ, Համբիկ քեռուն ինչո՞ւ են բանտ նստեցրել»:
- Բերդաձորի Անդրանիկը, ով գնացել է տեսակցության Համբիկին, անջնջելի, խորը տպավորություն է թողել Համբիկի հոգում, նամակներից մեկում նա գրում է. «Ես կարոտով եմ հիշում Բերդաձորի Անդրանիկին, որի աչքերը չեմ մոռանում»:
Այս պատառիկները Մերիի խոսքերից են, զգում ես` այնքա՜ն բան կա պատմելու, ասելու, խոսելու և միայն Համբիկի մասին, իր Համբիկի մասին, մեր Համբիկի մասին…
- Քո աչքերը Մասիսն են վեհ,
Կապուտաչյա իմ հայորդի,
Իմ քաջ Համբիկ, իմ սասունցի
Իմ Սասնա ծուռ, իմ խենթ տղա:
Քո վեհ սիրտը, քո խենթ սիրտը`
Այսքան տարի Արարատի նման մնաց գերված,
Բայց ո՛չ փակված:
Ամեն հայի արյան կանչի ու սրտի պես…
Սա մի հատված է Համբիկին նվիրված Մերիի բանաստեղծություններից:
- Չեք պատկերացնում Համբիկն ինչ հոգի ունի` պայծառ, բարի, հոգատար, վեհանձն, իսկական սասունցու ուժեղ հոգի է,- ասում է Մերին:
- Իսկական խենթ հոգի է Մերին: Ամբողջ Արևմտյան Հայաստանը, Սասունը իր բնակավայրերով անգիր գիտի` սովորել է, որ մի օր միասին քայլենք մեր նախնյաց ոտնահետքերով,- ասում է Համբիկը:
- Համբիկն ինձ հեռվից օգնում, ուժ է տալիս, որ ապրեմ, խորհեմ, մտածեմ սիրո, հայրենիքի, օջախի մասին,- ասում է Մերին:
- Մերիի տատը միշտ խրատում էր. «Եղիր կամքով, ուժեղ, հպարտ, չթեքվես, չկոտրվես, դժվարության մեջ պայքարող եղիր և երբե՛ք ցույց չտաս, որ նեղվում ես»,- ասում է Համբիկը:
- Համբիկի մայրը ամեն հեռախոսազրույցի ժամանակ ասում է. «Մերի, չոճուխս, անուշիկս, Համբիկս քեզ կպաշտէ: Միշտ սիրով եղեք, ու ամեն ինչ կհաղթեք, Սերն Աստծո պարգև է»: Այս խոսքերն ասում է այդքան տառապանք տեսած մայրը, որը թաքցնում է այն իր հոգու խորքում և կենսասիրություն, հույս է փոխանցում շրջապատին,- պատմում է Մերին:
- Բացառիկ մայր ու հայուհի է մայրս, հատուկ մասնագիտություն մը չունի, բայց միշտ լավ է պահել մեզ, իր մայրական գուրգուրանքի հետ սնել է մեզ հայրենասիրությամբ: Հայրենասեր է… Իմ մեկ հատիկն ու իմ պարծանքն է մայրս,- ասում է Համբիկը:
- Ես նայում եմ Արարատին ու Չարենցի տողերն եմ արտասանում. «Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա»,- ասում է Մերին:
- Մերի, սիրելի՛ս, երբ նայում եմ նկարներիդ` պատկերացնում եմ մեր առաջնեկին, մեր զավակներին: Դու լավ մայր կլինես,- ասում է Համբիկը:
-Մենք երազում ենք, որ մեր զավակները ունենան Հարութ (վաղամեռիկ եղբոր անունը), Անահիտ-Ասպրամ, Հասմիկ-Գոհար և Կարոտ-Սասուն անունները,- ասում է Մերին:
- Մերի, հոգի՛ս, երբ կտխրես, երբ դժվար կլինի, բացիր պատուհանը ու նայիր Արարատի անծայր հեռուներին, նայիր իմ ու քո աչքերով. ամեն ինչ կխաղաղվի… Մինչ գամ ու տեսնեմ պապերիս ու իմ պաշտելի սարը…
Այս երկխոսությունները Համբիկի և Մերիի 17 տարիների նամակագրությունից, զրույցներից և օրագրային գրառումներից են: Այս խոսքերը կաթիլներ են հայրենասիրության, նվիրումի, համամարդկային սիրո օվկիանից: Այն շատ է հարկավոր 21-րդ դարում, շատ է հարկավոր մեզ` ապրողներիս:
Երբ հեռավոր Կալիֆորնիայում լսվեց 19-ամյա Համբիկ Սասունյանի կրակոցը` այդ ժամանակ Մերին 5 տարեկան էր: Տարիներ անց, 1990 թվականին, հայաստանյան ամսագրերից մեկում կարդում է սփյուռքահայ այն մարտիկների մասին, ովքեր զինվորագրվել էին Հայ Դատին, ոմանք զոհվել, իսկ ոմանք էլ քաղբանտարկյալներ էին աշխարհի տարբեր երկրներում: Աչքը և ուշադրությունը զարնում է Համբիկ Սասունյանի կենսագրականի վրա, նրա հետաքրքիր լուսանկարի, ու պատանի աղջնակի մտքով անցնում է. «Ինչ էլ ազգանուն ունի, ծուռ սասունցի է, երանի ճանաչեի…»: Մի քանի տարի էլ անցավ, ու թերթերից մեկում` ապրիլ 24-ին, տպագրվեց մի նյութ Համբիկի մասին, ինչպես նաև հասցեն… Մերիի որոշումն ու երազանքը` նամակ գրել հայ երիտասարդին, իր խոնարհումն ու աջակցությունը հայտնել` իրականություն դարձավ: Աշնանը գրված նամակը անպատասխան չմնաց. նամակը Համբիկից եկավ Նոր Տարուն, որպես նվեր Մերիին, ով ամիսներ շարունակ նամակից անբաժան էր…
Ես չեմ հավատում պատահականություններին: Ուզում եք, թող պատահականություն բառը մնա, սակայն այն դառնում է ճակատագրի կերտողը, ճակատագրի ճանապարհի սկիզբը: Մերիի նամակ գրելու ցանկությունը բորբոքեցին նաև մտավորական ծնողները: 17 տարի առաջ Համբիկը իրեն ոգևորող, գոտեպնդող աղջնակին այսպես է գրում.
- Շնորհակալ եմ, իմ սիրելի Մերի, իմ քույրիկ, այս գեղեցիկ նամակին համար, որ գրել ես ինձ: Շատ բախտավոր եմ, որ ունիմ քեզ պես ընկեր, ով իր դժվար օրերը մոռանալով` ժամանակ է գտնում գրել ինձ, քաջալերել…Հիանում եմ բոլորիդ վրա, հերոսներ իք, իմ հերոսները, որ այդ ծանր դժվարությունների դեմ պայքարում եք ամեն օր և Հայաստանը չեք ուրանում…
…Ազատ զգայ և գրի, երբ սիրտդ կամենայ. Ճիշտ ես գրել, մենք ծանոթներ ենք, չէինք կարող ծանոթներ չլինել… Միշտ քո Համբիկ»:
Եվ այսպես անցնում է ժամանակը, անցնում են տարիներ: Իսկ Մերին իր հոգում թաքցրած, փայփայանքով պահում էր մի մեծ սեր, մի գաղտնիք: Ի՜նչ իմանար, որ նույն սիրուց իր հոգում գաղտնի պահում էր նաև Համբիկը… Գաղտնիք, ինչը բացահայտվելով՝ կնշանակի, որ այն դառնալու է անանձնական, դառնալու է ազգի, ժողովրդի սեփականությունը… Եվ մի օր սասունցի համարձակ ու քաջ տղան պիտի խոստովաներ. «Քեզի կսիրեմ ես… Իմ աչքի առաջ մեծցար ու էլ չեմ լռի իմ սիրո մասին. պիտի կինս դառնա՛ս, դու ի՛մն ես …»:
Եվ այսօր կարդալով Համբիկի՝ Մերիին գրած նամակները, իրոք հպարտություն ես ապրում` անանձնական հպարտություն: Ամեն մի հայ զինվոր պետք է կարդա Համբիկ Սասունյանի նամակները, ամեն մի զինվորի սպասող հայուհի պիտի կարդա Մերի Քեշիշյանի նամակները: Ազգովի պիտի կարդանք, լսենք նրանց, լսենք մեր սրտի ձայնը և հավատանք, ասենք` այս որքա՜ն սեր կա աշխարհում` հայրենիքի, մոր, սիրած աղջկա…
«Իմ թանկագին Սեր, Մերիս մեկ հատիկ,
Բոլորի մեջ դուն մեկ հատիկ ես, հոգիս: Ես ինձ շատ բախտավոր եմ համարում, որ կյանքը, բախտը ինձ ժպտաց իմ տխուր ու խավար կյանքիս մեջ, իմ մինակ ու անհույս սրտիս մեջ, իմ վերքերով լի երազներիս մեջ հայտնվեցիր դու և ինձ լույս ու ժպիտ, հույս ու սեր, իրական սեր բերիր կյանքիս ու ապագայիս մեջ, զիս լեցուցիր կյանքով, և կարծես ամեն բան գեղեցիկ է թվում ինձ, ամեն բան գեղեցիկ դարձավ` քանի որ դուն կաս սրտիս մեջ: Կարծես՝ ես երկար տարիներ արև չտեսած ինչ-որ ծաղիկ կամ ծառ մըն էի, շարունակ մեռնող, չորցող, դուն` իմ արևը, հայտնվեցիր ու հանկարծ զիս կյանքի, ապրելու պատճառ տվիր, ան` որ արևը կընի բնության, դուն ինձ արիր քո սիրով…
Մերի Քեշիշյան` սիրում է քեզ քո Համբիկ Սասունյանը: Դուն իմ երազած հայուհին ես, իմ շնորքով ու մաքրությամբ լեցուն հայուհիս»:
Իսկ Մերին գրում է.
«Իմ թանկագին, միակ իմ սեր Համբիկս:
Քո սերը ուժեղ է, կամք տվող: Հանուն քեզ պայքարող եմ միշտ: Մեկ վայրկյան իսկ չեմ զղջացել, որ բախտս ու կյանքս կապել եմ քեզ: Հպարտ եմ քեզնով: Քո անունն ինձ համար սիրո սրբություն է, իմ ֆեդայի… Միշտ գիտակցել եմ, որ քեզանից սովորեցի նաև երեք կարևորագույն արժեքներ, որոնց դավաճանել չի կարելի. Հայրենիքը, Ընկերոջը և Սերը…
…Միշտ հիշիր, ինչ էլ լինի, միշտ կամքով ու զորավոր սպասելու եմ, որքան էլ դժվար լինի… Սպասելու եմ ճամփիդ կանգնած` թեկուզ փոթորիկ ու հեղեղ լինի: Սպասելու եմ, որ մութ ճանապարհիդ Սերս փարոսի նման պահած` լույս շաղ տամ, որ ոտքդ քարին դեմ չառնի: Սպասելու եմ, հույս և ոգի տալով…
Կյանքը քեզնով է լեցուն, սասունցի՛ս: Կարոտը թեև մաշում է, բայց այն այնքա՜ն հուսադրող է, այնքա՜ն քնքուշ: Մեր կարոտը զորավոր է:
Աչքիցս` քեզ համար գլորված ամեն արտասուքի հատիկ երջանկություն ու սեր է: Քեզ հետ կապված ամեն ինչ հրաշալի է, նույնիսկ տառապելը…:
Գիտեմ, թե որքա՜ն զորավոր է սերը, հրաշալի է, երբ սիրում ես, պայքարում հանուն այդ սիրո, հանուն դրա գեղեցիկ ավարտի, որն արդեն իր սկիզբը կունենա: Միշտ հիշիր, որ դու ինձ համար աննահանջ կռիվ ես…
Կողքիդ եմ, թիկունքիդ, թեև մեր կարոտն ու սերը թևածում են աշխարհների մեջ, մեզ բաժանում են ծովեր ու օվկիաններ: Բայց մենք կհասնենք իրար, կհասնես քո պաշտելի, երազած Հայրենիք…
Օրվա մեջ անհաշվելի անգամ նկարներում աչքերիդ եմ նայում: Որքա՜ն խոսուն են սասունցու քո կապույտ աչքերը, նույնիսկ նկարից զգում եմ նրանց ջերմությունը: Նայում ու մտածում եմ, որ անկախ ամեն դժվարության, տառապալի կարոտի, որ տանջում է մեզ, երկուսս էլ երջանիկ ենք: Նվիրական ու եզակի է այս սերը, ու այն մեր կյանքի փորձությունը եղավ: Պիտի սպասեմ քեզ այնքան, որքան հարկավոր է… Դու քո ողջ կյանքը նվիրեցիր Հայ դատին, ուրեմն թո՛ղ, որ քեզ պաշտող և սիրող հայուհիդ իր կյանքը նվիրի քեզ… Ես բոլոր դժվար պահերը սիրով եմ տանում, ամեն պահի աղոթքի պես մրմնջալով անունդ` ՀԱՄԲԻԿ»:
Այս սերն այնքան բնական է, այնքան իրական, որ անգամ ազատության մեջ հազվադեպ է լինում: Չկա կարեկցանք, չկա խղճահարություն, չկա ափսոսանք:
«Մերի, սիրելի՛ս, գիտցած եղիր, որ սերերի մեջ ինձ համար առաջնայինը Հայրենիքի սերն է: Միշտ սիրել եմ իմ Ազգն ու Հայրենիքը` ըլլամ իմ խուցի մեջ կամ շիրիմի… Միշտ պիտ սիրեմ…»:
«Սիրելի Համբիկ, ես էլ չեմ ընդունում այն սերը, որ վեր է Հայրենիքի սիրուց: Հիշում եմ մի օր ասված խոսքերդ, որ. «…երբ Հայրենիքդ ուժգին սիրես, հավատա, ուրեմն անկեղծ ես նաև այն սիրո հանդեպ, որ ունես նախնիներիդ, մորդ, զավակիդ ու կնոջդ հանդեպ: Ես հպարտ եմ քեզանով»:
«Իմ թանկագին Մերի, սիրում եմ քեզ, իմ հավատարիմ ու նվիրյալ հայուհի, իմ հայդուկուհիս»:
Բազմահատոր օրագրերից ու նամակներից այս փոքրիկ հատվածներն էլ բավական են, որպեսզի հասկանալի լինի այն սերը, այն զգացողությունը, որն այս էլ քանի՜-քանի՜ տարի ձգվում է ժամանակի ու տարածության մեջ:
«Հավատացած եմ` կհասնիմ Հայաստան, իմ սիրած հայրենիք, կտիսնամ Մասիսը, կհամբուրեմ նշանածիս հայու հպարտ ճակատն ու կասեմ.
- Դուն էիր, որ ուժ տվեցիր, ուղղություն, որ հասնիմ հայրենիքս, քեզ, կյանքիս մեջ առաջին անգամ զգամ Ազատություն, շնչեմ օդը Մասիսից եկող, տիսնամ հողն ինձ պատկանող, զգամ փառքը դրախտավայրի:
Եվ երբ վերադառնամ, պիտի սահման երթամ, Արցախ, հսկիմ մեր հայրենի սահմանները և ասեմ հայ զինվորին.
- Պատիվ բեր Ազգիդ, մորդ ու սիրածիդ…»:
Գնել Շահնազարյան



Աղբյուր` nakhshkaryan.blogspot.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին