▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օպերացիա «Անտիբուդ». «ՀԺ»

 

«Երբ ասում ենք, որ Հայաստանին անհրաժեշտ են հիմնարար փոփոխություններ, նկատի ունենք առաջին հերթին մտածողության փոփոխությունը: Եվ սա, թերևս, ամենադժվարն է փոփոխություններից, թերևս ավելի դժվար, քան իշխանափոխությունը: Դժվարության մասշտաբը հասկանալու համար կարելի է դիտարկել հենց թեկուզ Ամանորի օրինակը: Ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ Ամանորյա դեպրեսիայի պիկին պոռթկում են, թե վերջ, այլևս նույն կերպ Ամանորին չեն վերաբերվելու, նույն կերպ չեն դիմավորելու Նոր տարին և հաջորդ տարի նորից գնում են «Կայզեր» սուպերմարկետից հերթական վարկը վերցնելու՝ Ամանորյա սեղանի ճոխությունն ապահովելու համար: Սա շատ լեգիտիմ պատճառներ ունի, ծնողները չեն ուզում, որ երեխաները ընկերների կամ դասարանցիների մոտ վատ զգան այն պատճառով, որ իրենց սեղանին ինչ-որ բան այնպես չէ, կանայք չեն ուզում, որ ամուսինները վատ զգան, ամուսինները չեն ուզում, որ կանայք վատ զգան, և այդպես շարունակ: Ամանորից կես ժամ առաջ իսկապես ամեն ինչ լավ է, իսկ մի քանի ժամ անց ծագում է անխուսափելի հարցը, բա էսքանը ո՞նց ենք ուտելու, որ չփչանա:

 

Հետո մեր տուն գալիս են առաջին հյուրերը: Ու մենք նրանց առաջ դնում ենք բուդը, տոլման, բլինչիկը, ստալիչնի սալաթը: Բայց մեր հյուրերը չեն ուտում դա և հասկանալի է, որովհետև նրանք նախ իրենց տանը դիմավորել են Նոր տարին, կերել իրենց բուդը, տոլման, բլինչիկը և ստալիչնի սալաթը: Հետո գնացել են քավորի տուն, քավորի տանը կերել քավորենց բուդը, տոլման, բլինչիկը և ստալիչնի սալաթը: Հետո քավորի տնից շտապ վերադարձել են իրենց տուն, որովհետև իրենց սանիկն է եկած եղել, տան դռների առաջ մնացել: Շտապ հասել են, որ սանիկները դրսում չմնան: Ու սանիկների առաջ օրինակ են ծառայել նորից կերել են իրենց սարքած բուդը, տոլման, բլինչիկը և ստալիչնի սալաթը, որ սանիկներին հավեսի գցեն: Հետո եկել են մեր տուն: Ու մենք այդ մարդկանց բացատրում ենք, որ մենք մեր բուդը, տոլման, բլինչիկը և ստալիչնի սալաթը պատրաստել ենք բոլորովին ուրիշ բաղադրատոմսով:

 

էս ամեն ինչի մեջ չափազանց անառողջ բան կա: Իհարկե, հիմա այս իրավիճակը փոխվում է, բայց հիմնականում տեխնիկական պատճառներով: Գոյանում են հարուստներ, որոնք արմատապես այլ կերպ են նշում Նոր տարին, աղքատները նույնիսկ այսպես չեն կարողանում նշել: Բայց մարդկանց մեծամասնությունը, միևնույն է, հավատարիմ է այս սցենարին: Եվ իրապես պետական մակարդակի խնդիր է մարդկանց ամանորյա սթրեսից պաշտպանելը, և երբեմն նման հարցերը պետք է լուծել վարչական միջամտությամբ: Ինչպե՞ս կարելի է դա անել, օրինակ՝ Ամանորի կապակցությամբ պետք է ունենալ միայն մեկ ոչ աշխատանքային օր հունվարի 1-ը: Հունվարի երկուսը պետք է լինի աշխատանքային, եթե նույնիսկ շաբաթ է կամ կիրակի: Եվ հաջորդը ոչ աշխատանքային, պետք է լինի հունվարի վեցը՝ Սուրբ ծնունդը, և հիմնական շեշտը պետք է դնել հենց այս օրվա վրա: Ու վերջ, նոր տարվա առաջին 15 օրվա մեջ ուրիշ ոչ աշխատանքային օրեր չպիտի լինեն, բացի շաբաթ, կիրակիներից: Սա մի վարչական որոշում է, որի արդյունքում վերջապես իր մահկանացուն կկնքի խոզի բուդը, իսկ բլինչիկը, տոլման և ստալիչնի սալաթը կշարունակեն մնալ ցանկալի»,–գրում է թերթը։

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին