Միացյալ Նահանգների առաջնորդությամբ մշակված ասիական երկրների եւ Եվրամիության հետ առեւտրատնտեսական երկու պայմանագրերը հաջորդ տասնամյակների ընթացքում կարող են արմատապես փոխել համաշխարհային տնտեսության ընթացքն ու ուղղությունը, համոզված են փորձագետները:
Միացյալ Նահանգներին, Կանադային, Ճապոնիային՝ ընդհանուր առմամբ 12 երկիր, կամ աշխարհի տնտեսության 40 տոկոսը միավորած Միջխաղաղօվկիանոսյան համագործակցություն պայմանագիրը կոչված է հեշտացնել առեւտրատնտեսական եւ ֆինանսական համագործակցությունը այդ երկրների միջեւ:
«Այս պայմանագիրը մեզ ավելի մրցակցային կդարձնի, վերացնելով 18,000 հարկ եւ սակագին, որոնք դրված էին անդամ պետություններում ամերիկյան ապրանքների վրա», - հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
Համաշխարհային պատմության մեջ խոշորագույն այս պայմանագիրը խաղաղօվկիանոսյան երկրների համար կբացի ամերիկյան շուկան, փոխարենը պահանջելով դրանց հարգել հեղինակային իրավունքները, պահպանել բնությունը եւ բարելավել սեփական աշխատավորների պայմանները: Պայմանագիրը ձեռնտու է ԱՄՆ-ում նորարարական ոլորտներում, այդ թվում բարձր տեխնոլոգիաների, էլեկտրոնային առեւտրի եւ դեղագործական ընկերություններին, ինչպես նաեւ ամերիկյան ֆերմերներին: Փոխարենը Ճապոնիան հնարավորություն է ստանում խուսափել սակագներից ամերիկյան շուկայում իր ավտոմեքենաները վաճառելիս, իսկ պայմանագրին միացած մյուս երկրները կարող են իրենց մոտ զարգացնել ավանդական, ասենք՝ հագուստի կամ էլեկտրոնային ապրանքների արտադրություններ:
«Հաղթողների թվում են առաջին հերթին բարձր տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունները, որոնց համար կապահովվի մեկ ընդհանուր տարածք», - ասում է Արտաքին հարաբերությունների խորհրդի վերլուծաբան Էդվարդ Ալդենը:
Երկրորդը Միջատլանտյան առեւտրի ու ներդրումների համագործակցության պայմանագիրն է, որը կնքվելու է Միացյալ Նահանգների եւ Եվրամիության միջեւ: Միացյալ Նահանգներն այս պայմանագրով պարտավորվելու է ներդնել Եվրամիության կողմից ընդունված սննդի եւ դեղամիջոցների արտադրանքի ոլորտներում ավելի խիստ չափանիշները: Փորձագետների կարծիքով, փոխարենը որոշ արտադրություններ կարող են տեղափոխվել Միացյալ Նահանգներ, որտեղ, ի տարբերություն Եվրամիության, արհմիություններն այնքան հզոր չեն:
Փորձագետների կարծիքով, վավերացման դեպքում այդ երկու պայմանագրերը նախագահ Բարաք Օբամայի տնտեսական ժառանգությունն են հանդիսանալու եւ փոխելու են համաշխարհային տնտեսության պատկերը: